- Շլյապայով, սպիտակ թաշկինակով, շատ հետաքրքիր հագ ու կապով մարդ էր: Թաշկինակը փռած քարին նստած կնայեր էս շենքի շինարարությանը: Հերս կըսեր, օր ըդիկ Քաջազնունին է: Ըսիկ մեծ մարդ է, շենքի ճարտարապետն է, - զբոսավար, դասախոս Lեւոն Մարտիրոսյանը ներկայացնում է իր ընկերոջ հիշողությունները, թեեւ նշում է, որ չի կարող նրա նման պատկերավոր ներկայացնել տպավորիչ այն մարդուն, որին հաճախ են տեսել Լենինականում, հատկապես՝ 1926 թվականի երկրաշարժից հետո:
Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարան
Խոսքը Գյումրիի կենտրոնական հրապարակից այժմյան Ռիժկովի ճեմափողոց տանող շենքի մասին է, որին գյումրեցիները անուն են տվել՝ «Լոդկա»: Այն առանձնանում է ոչ միայն ճարտարապետական հետաքրքրիր լուծումներով, տարբեր գույնի քարերի համադրմամբ, հատուկ կամարների օգտագործմամբ, այլեւ տարբեր հայտնի ու անհայտ պատմություններով: Իրապես այս շենքի ճարտարապետը հենց Հովհաննես Քաջազնունին էր, ով պատմությանը ավելի շատ հայտնի է որպես Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ:
Ի՞նչն էր Քաջազնունուն բերել Լենինական
Գյումրիի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1837 թվականին ու կոչվել է Գյումրիի զարգացման հեռանկարային հատակագիծ: Ճարտարապետական բոլոր վերափոխումները, որոնք տեղի էին ունենում Եվրոպայում ու Ռուսաստանում, արտահայտվում էին նաեւ Ալեքպոլի ճարտարապետության համերանգության մեջ:
Որպես հետեւանք նոր հատակագծի անհրաժեշտություն առաջացավ, որը կազմվեց 1905 թվականին: Դրանում կային կանոնակարգված փողոցային ցանց ու ուղղանկյունաձեւ թաղամասեր: Բոլոր կառուցապատումները կատարվում էին խիստ վերահսկողությամբ, հատուկ սահմանված կանոններով:
Առաջին համաշխարհային պատերազմը, Առաջին հանրապետության կայացման ծանր շրջանը եւ Հայաստանի խորհրդայնացումը լիովին փոխեցին Ալեքպոլի կյանքը: Քաղաքի համար սկսվեց մի նոր, նախորդից իսպառ տարբերվող ժամանակաշրջան, փոխվեց քաղաքի կերպարը, դիմագիծը ու նորից՝ անունը:
- 1924 թվին Սադի մոտ մարդիկ հավաքված կէղնին, ռադիոյով կհայտնեն, որ ըսօրից հետո Ալեքսանդրապոլը բդի կոչվի Լենինական, մարդիկ զարմացած իրար կնայեն ու կըսեն, - աշե՞ս էդ անունը մտքներս կմնա,- պատմում են տարեց գյումրեցիներն ու կատակում, փաստորեն մնաց, բայց ոչ թե Լենինական, այլ Լեննագան, մեր բերանների ու սրտերի պես «լեն»:
Լենինականի կառուցապատումները կատարվում էին Ալեքսանդր Թամանյանի էսքիզային նախագծերով, որոնք լրացրել ու մշակել է Դ. Չիսիլեւը: Անհրաժեշտ էր ունենալ քաղաքի իրատեսական ու ժամանակակից հատակագիծ:
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին Պետպլանին կից խորհրդի անդամ էր, շինարարական ինստիտուտի տնօրեն: Նա փորձում է օգնել ճարտարապետներին, արագացնել 1926 թվականի երկրաշարժից հետո Լենինականի կառուցապատումների տեմպն ու հատակագծման աշխատանքները:
Լուսանկարը` անհայտ հեղինակ
1930-1936 թթ. (տարբեր աղբյուրներում կառուցման թվականը տարբեր է նշված) Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում Քաջազնունու նախագծով կառուցվում է հայտնի շենքը:
-Կըսեն, որ ինքը Կիլիկիա նավերի նմանությամբ է էս շենքը նախագծել, հայկական միասնական պետության երազանքով, ինչքանով է ճիշտ չիդեմ, բայց երեւի, ճիշտ բանմ կա, ըդոր համար էլ գյումրեցիք էս շենքին «Լոդկա» կըսեն,- 85-ամյա վարպետ Ալիկն է եզրակացնում, ում խոսքը շարունակում է Օնիկ պապը:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Կիռովի փողոց չի էղել, էղել է թումբ: Առաջ թվերով էր փողոցների անունները, էղել է 23, 25 27 փողոց ու հմիկվա Կիռով կհասնի ու ընդհատվիգը: Քաջազնունին սարքել է էս շենքը, հետո Կիռովի փողոցով սարքեցին տարբեր շենքեր, կոմունալկեկի պես են, ինչքան գիտեմ, ժաժքին դիմանալու համար՝ Քաջազնունին ըսել է սարքեն հատուկ մեթոդներով, հիմքերը հանքերից բերված խոշոր քարերով ու հաստ պատերով են:
«Լոդկա» շենքի ներքին պատերը գերեզմանաքարերո՞վ են
- Մեր Գորկա այգու տեղը եղել է գերեզմանատուն: Քաղաքը չուներ կանաչ տարածք, քաղաքի կենտրոնում գերեզմանատուն էր: Որոշում են գերեզմանոցը կանաչ տարածք դարձնել ու Գորկա այգին մեծացնել: Գերեզմանաքարերով կառուցել են Քաջազնունու շենքը: Ու եթե հանկարծ ձեզի հաջողվի էդ շենքի տակի նախկին վայենտորգի, ջրերի խանութների սվաղը թափել, սաղ գերեզմանաքարեր են, անունները գրած,- այս փաստի մասին քչերն են խոսում, հաճախ խուսափում են բարձրաձայնել, բայց ճարտարապետ ու Գյումրիի պատմության գիտակ Ռաֆիկ Եղոյանը իր աչքերով է տեսել սեւ կամ կարմիր տուֆից նման քարեր, որոնք օգտագործվել են շենքերի ներքին պատերը կառուցելու համար:
Լուսանկարը` անհայտ հեղինակ
Ովքեր դարձան «Լոդկի» նավապետները
Շենքը կառուցվել էր որպես բնակելի տուն: Եռահարկ շենքի վերջին հարկը հատկացվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարներին:
-Քաղկոմի քարտուղարը, եթե ազատվեր աշխատանքից, կազատեր տարածքը: Ես կհիշեմ, կռվի ժամանակ էնտեղ կապրեր Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Շմավոն Առուշանյանը, ինքը Ղարաբաղից էր, իրանից հետո Արմո Հարենցն էր ապրում, դոկտոր մարդ էր: Ու էլ էդտեղ քաղկոմի քարտուղար չապրավ, սովետական գրողների միության Լենինականի բաժանմունքի քարտուղար, արձակագիր Անդրանիկ Հովսեփյանն էլ է ապրել երկրորդ հարկը: Հետո էդ շենքը տվեցին գրադարանին,- պատմում է ճեմափողոցի հնաբնակ Ջոն Հովհաննիսյանը:
50-ականների սկզբերին այս շենքի երկրորդ ու երրորդ հարկերը զբաղեցնում էր Լենինականի կենտրոնական գրադարանը:
Գրադարանավարուհիները հատուկ բերկրանքով են հիշում իրենց «սիրուն գրադարանը», անձնական ալբոմներում ջահել ժամանակվա հիշողությունների կողքին նաեւ ջահել ու ահել գրադարանի նկարներն են:
-Երկրաշարժին ահագին վնասվավ շենքը, որտեղ գրքերի պահարաններն էին, եկել էին իրար վրա, հետեւի պատը լրիվ բացվավ, բայց կանգուն մնաց, պահեց մեզ, - նշում է Շիրակի մարզային գրադարանի մատենագիտական տեղեկատվության բաժնի վարիչ Սիմելա Սավոյանը:
Պատմական գրադարանը դարձավ պատմական տերտերական
Այսպես են կատակում գյումրեցի ավագ սերունդի մարդիկ, որոնց մտապատկերում դեռ վառ է, թե ինչպես էին թեժ պայքարում գրադարանավարուհիներն ու հոգեւորականները, երբ երկրաշարժից հետո Քաջազնունու նախագծած շենքը վերակառուցվեց:
Մայր Աթոռի միջնորդությամբ մարզպետի որոշմամբ շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված էր գրադարանը, հատկացվում է Շիրակի թեմի առաջնորդարանին:
Լուսանկարը` Մեդիամաքս
- Էջմիածին կաթողիկոսի մոտը հասանք, որ էդ շենքը մեզի մնա, բայց … հետո մենք գնացել օղակել էինք շենքը, կուզեինք ներս մտնել, ներս էլ մտանք, բայց եկան քաղաքավարի դուրս հրավիրեցին, -պատմում է Շիրակի մարզային գրադարանի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանը:
Գրադարանը անօթեւան մնաց մինչեւ 2012 թվականը, երբ նոր տարածք ստացավ:
Պատմական գրադարանի տարածքը դարձավ Շիրակի թեմի առաջնորդարան, իսկ Կիրովի փողոցը անվանափոխվեց Լենինականին աղետից հետո վերականգնման աշխատանքները ղեկավարած ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունով: Առաջին հարկում խանութների շարանն էլ նոր տերեր գտավ:
Լուսանկարը` Մեդիամաքս
-«Լոդկա» շենքի առաջին հարկում ճռճռան խանութն էր, հացի խանութը, ներքեւը ջրերի խանութ էր, ավելի վերեւ էլ խանութ կար, կսեին «կոմունիզմի խանութ», ապրանքը դախլների վրա շարած էր, քու ձեռովդ կջոկեիր բերեիր կասսի մոտը կվճարեիր, հետո գողություն էրեցին, փակեցին: Էստեղ կոշիկի արտել է եղել,- հերթով ցույց են տալիս, մեկը մյուսին ուղղելով, ու ինչ-որ պատմություններ հիշելով, պատմում են գյումրեցիները, թե ինչպիսին է եղել Կիրովի փողոցը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց հին ու պատմական այս հիշողությունները, պատկերները, տեսքը պահպանելու փոխարեն մարդկային ձեռքը չխորշեց. ներկեց, սվաղեց, փակեց, կտրեց: Ջնջվեցին ու աղավաղվեցին շատ պատկերներ: Միայն այս տարի նկատեցին տարիներով խաթարվածը, արձանագրեց ՀՀ Վերահսկիչ պալատը, իսկ Շիրակի մարզի դատախազությունն էլ քրեական գործ հարուցեց ճեմափողոցի պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու եւ վերանորոգելու դեպքերի առթիվ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Քննությունը շարունակվում է արդեն 8 ամիս: Ոչ մասնագիտական աչքով անգամ նկատելի պատմական տեսքի աղավաղումները (տուֆի վրա շարված մուգ վարդագույն սալերով երեսպատումները, սրճարանների ու խանութների տերերի անճաշակ տարբեր ձեւափոխությունները) չեն վերացվել, ընդհակառակը, խանութները ու սրճարանները ընդլայնվում են նույն «շեղ» ձեռագրով:
Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյան, արխիվային լուսանկարներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: