Երբ երկու մարդու միջեւ տեղի են ունենում քիմիական ու ֆիզիկական ռեակցիաներ (սեր է ծնվում), արդեն կարեւոր չէ` դիմացինի հագին զինվորակա՞ն համազգեստ է, հոգեւորականի՞ զգեստ (կապա), թե՞ առօրյա որեւէ հագուստ: Կարեւոր չէ` նա առեւտրական է, դերասան, զինվորական, գիտնական, թե հոգեւորական… Այս «կարեւոր չէ»-ն երկուսի համար է: Սակայն, երբ կինը փողոցում զբոսնում է տղամարդու հետ, ում հագին երկար սեւ զգեստ է, այսպես, թե այնպես, գտնվում են մարդիկ, ովքեր հավելյալ հետաքրքրասիրությամբ են զննում նրանց:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր քահանաները, ովքեր չեն ընտրում կուսակրոնություն, ամուսնանում են, եւ, որպես կանոն, ամուր ընտանիք կազմում: Այս մասին են պնդում կանայք, ովքեր արդեն որոշել ու իրենց կյանքը կապել են հոգեւորականների հետ:
Մեդիամաքսը ներկայացնում է երեք կնոջ պատմություն, ովքեր սիրել են եկեղեցու սպասավորներին ու որոշել նրանց հետ կիսել կյանքը` ինչպես ուրախության, այնպես էլ դժվարությունների ժամանակ:
Անգելինա Ալեքսանյան, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի կինը

Լուսանկարը` Մեդիամաքս
2009 թ. էր: Շատ խառը տարի էր ինձ համար, մագիստրոսական թեզի պաշտպանության էի պատրաստվում, մարքեթինգով եւ մենեջմենթով էի հետաքրքրվում, որակավորման դասընթացների էի գնում: Ծանրաբեռնված էի: Բայց միշտ ինձ տանջում էր այն միտքը, որ դեռեւս մկրտված չեմ, քրիստոնյա եմ, հաճախում եմ եկեղեցի, մասնակցում եմ պատարագներին, բայց հաղորդություն չեմ կարողանում ստանալ: Պահը հասունացել էր: Քրիստոնեության եւ մկրտության մասին շատ բաներ էի կարդացել, բայց երեւի խորհրդային տարիների հետեւանքներն էին, որ ինձ փոքր տարիքում չէին մկրտել: Որոշեցի, որ ժամանակը եկել է:
Քահանաներից ճանաչում էի Տեր Հրաչին եւ իր կնոջը: Խնդրեցի ինձ նյութեր տրամադրել, որպեսզի մանրամասն ծանոթանամ` մտքով, գիտելիքներով, ամեն ինչով պատրաստ լինեմ այդ խորհուրդն ինձ վրա կրելուն: Քանի որ Տեր Հրաչն ԱՄՆ-ում է ծառայության, առաջարկեց, որ իր ընկերը փոխանցի գրքերը: Տեր Մարկոսն այն ժամանակ սարկավագ էր: Դավիթ սարկավագը զանգում է, որ պայմանավորվենք հանդիպման համար: Շատ տպավորված էի իր ձայնով, ազդեցիկ ձայն ունի:
Հանդիպեցինք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ժամը 14:10-ին: Հետո երկար ժամանակ Տեր հայրը հիշեցնում էր այդ մասին: Զրուցեցինք երկար, պարզվեց շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ինձ մոտ հարցեր կային քրիստոնեության վերաբերյալ, պատասխանեց դրանց: Չնկատեցինք էլ, թե ինչպես անցավ մեկ ու կես ժամը:
Նա նույնպես շատ զբաղված էր, պաշտպանության էր պատրաստվում: Որոշ ժամանակ անցավ, ապրիլի 7-ին իրենից շնորհավորական հաղորդագրություն ստացա: Կրկին հանդիպեցինք` գիրքը վերադարձնելու համար: Իրենից խաղաղություն էր գալիս, հաճույքով զրուցում էի իր հետ: Ավարտեցի համալսարանը, աշխատանքի անցա ԳԱԱ-ում, մասնագիտությամբ հնագետ-ազգագրագետ եմ: Գնացի պեղումների ու էլի տեւական ժամանակ չէինք հանդիպում: Երբ ազատ էինք լինում, հանդիպում էինք, գնում էինք դասական համերգների, թատրոն: Ամառն էլ այդպես անցավ: Զուտ ընկերական էինք շփվում: Նա պլաններ չուներ ամուսնության, որովհետեւ մտադիր էր կուսակրոն քահանա ձեռնադրվել: Ես նույնպես նման պլաններ չունեի. պատրաստվում էի թեկնածութականս պաշտպանել:
Սեպտեմբերին վերջապես մկրտվեցի: Արդեն ավելի հաճախ էինք շփվում, գնալով ավելի մտերմացանք, կիսում էինք իրար հետ մեր հույզերը: Որոշ ժամանակ անց հասկացանք, որ սա ուղղակի ընկերություն չէ, ուրիշ հարաբերությունների է տանում: Երկուսս էլ մտածում էինք, որ դա ճիշտ չէ: Ես երբեք չէի մտածում, որ կյանքս կկապեմ հոգեւորականի հետ, նույնիսկ ընկերությունը չէի պատկերացնում: Դժվար տարա փաստը, որ զգացմունք է առաջացել: Որոշեցինք, որ էլ չենք հանդիպելու: Չորս-հինգ ամիս բացարձակ կապ չունեինք: «Էջմիածին» ամսագրում, որտեղ աշխատում էր նա, տպագրվեց իմ հոդվածը: Գնացի իմ օրինակները վերցնելու, եւ այնտեղ տեսա Դավիթ սարկավագին: Որոշեցինք մեկ անգամ եւս հանդիպել այդ դադարից հետո, հասկանալ ինչ է կատարվում: Հանդիպեցինք ապրիլի 3-ին եւ երկուսս էլ կարծես որոշած եկել էինք, որ այս պահից պետք է մեր ուղիները խաչվեն ու միասին շարունակենք:
Հասկացել էի, որ այն մարդն է, ում հետ պետք է կապեմ կյանքս, երեխաներ ունենամ: Սպասելու ոչինչ չունեինք, երկու ամիս անց նշանվեցինք, եւս երկու ամիս անց` ամուսնացանք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբում շատ տարօրինակ էր, երբ բոլորը մեզ էին նայում, բայց ժամանակի ընթացքում սովորում ես: Ես էլ էի այն մարդկանցից, որոնք հոգեւոր աշխարհի հետ այնքան էլ կապ չունեն: Երբ ինչ-որ մեկը, թեկուզ իր հագուստով, առանձնանում է, ուշադրություն է գրավում: Ընթացքում սովորեցինք: Հիմա բոլորը ժպիտով են նայում, երբ ընտանիքով դուրս ենք գալիս զբոսնելու: Վատ բան չեմ նկատել: Արդեն երրորդ զավակին ենք սպասում, ունենք աղջիկ եւ տղա:
Դեռեւս ամուսնացած չէինք, Տեր հայրը միշտ ասում էր, որ քահանան կիսով չափ համայնքինն է, պետք է սիրով ընդունեմ այդ փաստը, որտեղ էլ նշանակեն ծառայության, պետք է խոնարհաբար գնամ իր ետեւից: Պատրա՞ստ եմ, արդյո՞ք, հետեւել իրեն: Այդ ամենը քննարկվել է, շատ հասուն էինք արդեն: Ճիշտ է կայացած էի, որոշակի բաների հասել էի, բայց ընդամենը 23 տարեկան էի: Ու միանգամից իմ առաջ բացվեց նոր աշխարհ, որին պետք է ինտեգրվեի, հասկանայի իմ առաքելությունը որպես երեցկին: Տեր հայրը երբեք ինձ կոնկրետ բաներ չի սովորեցրել, ինքն ուղղակի ասել է` ապրի, կտեսնես իմ օրինակի վրա, հարկ կհամարես, կհարցնես: Ընթացքում սովորում ես ու ցանկանում ես ավելի լավը լինել: Դա հեշտ է դարձնում ապրելը: Նույն կերպ էլ հիմա մեր երեխաների դեպքում է, մենք նրանց միշտ ազատ ենք թողնում, միշտ ընտրելու հնարավորություն ենք տալիս, բայց օրինակ ենք ծառայում իրենց համար:
Գոհար Աբրահամյան, Երեւանի զորամասերից մեկի հոգեւոր սպասավոր Ներսես սարկավագ Ղազարյանի կինը

Լուսանկարը` Մեդիամաքս
Չնայած, որ հավատում էի Աստծուն, կարդում էի Սուրբ Գիրքը, միանգամայն մերժում էի եկեղեցի գնալը, հոգեւորականներին: Եղավ այնպես, որ ընկերներիցս մեկը մի ֆիլմ առաջարկեց, որը նայելով շատ տպավորվեցի, որոշեցի գնալ եկեղեցում գտնել մի հոգեւորականի, որը այդքան նվիրյալ լինի, որպեսզի մեջս այդ վերաբերմունքը փոխվի: Սկսեցի մասնակցել «Մանանա» ծրագրին, որն իրականացվում է մի քանի եկեղեցիներում: Հանդիպեցի հոգեւորականների, որոնցով տպավորվեցի, հիացա, հպարտացա:
Ներսես սարկավագը ղեկավարում էր Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից «Մանանա»-ն: Պարբերաբար միասին ուխտագնացությունների էինք գնում, հանդիպումներ էին լինում: Արդեն երկու տարի` ճանաչում էինք իրար:
Բագրատ Սրբազանի ծննդյան օրն էր մոտենում, Ներսես սարկավագը որոշեց, որ պետք է նշենք: Միասին սկսեցինք կազմակերպել, քանի որ այդ ժամանակ ես եւ «Մանանայի» երեխաների հետ էի շատ մոտ, եւ լրագրողների, ովքեր այդ օրերին ուխտագնացության էին եղել Սրբազանի հետ եւ նույնպես ցանկանում էին մասնակցել ծննդյան արարողությանը: Այդ ընթացքում անընդհատ կապի մեջ էինք: Սրբազանի ծննդյան օրն էլ ամբողջ ընթացքում հաղորդագրություններով խոսում էինք: Ինձ մոտ տպավորություն էր, որ ինքը մեր լրագրող աղջիկներից մեկին է հավանել, ու փորձում է իմ միջոցով մտերմանալ, ես էլ ամբողջ ընթացքում փորձում էի ճշտել, թե ով է: Մայիսի 28-ին ստացվեց այնպես, որ մեր հաղթանակների տոնին եւս մեկն ավելացավ. Ներսես սարկավագը բացահայտեց իր գաղտնիքն ու ասաց, որ այդ աղջիկը ես եմ: Շատ արագ կատարվեց ամեն ինչ: Արդեն երկու տարին է լրացել, մեր կյանքում այդ ընթացքում շատ բաներ կատարվեցին: Նշանվեցինք, ամուսնացանք, հրաշք տղա ունենք:
Երբ սկսեցինք հանդիպել ու մարդկանց հայտնում էինք այդ մասին, մանկության ընկերուհիս միանգամից զարմացավ` ինչպե՞ս ես ամուսնանալու հոգեւորականի հետ, ինչպե՞ս ես պատկերացնում դա, բայց իրենք ամուսնանո՞ւմ են: Հասկացա, որ հետագայում շատ խնդիրների առաջ եմ կանգնելու: Բայց հարսանիքից հետո ամեն ինչ փոխվեց: Հոգեւորականները, ովքեր ամուսնանում են, որպես կանոն համերաշխ ու ամուր ընտանիք են կազմում, լավ ամուսին եւ լավ հայր են լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, ամուսինդ միայն քոնը չի լինում: Համայնքին էլ է ծառայում, յուրաքանչյուր պահի իր անհրաժեշտությունը կարող է լինել, ու այս դեպքում, երեւի թե, ընտանիքն առաջնայինը չէ: Ընտանիքը հավասար է բոլորին: Ամեն կին էգոիստ է, ուզում էի իր ամուսինը միայն ընտանիքին նվիրվի, բայց հոգեւորականի պարագայում այլ է: Քաջ գիտակցում ես, որ նա հարկ եղած դեպքում ավելի շատ պետք է համայնքինը լինի:
Փողոցում մարդիկ միշտ երկար են նայում, բայց ես նույնպես միշտ խրախուսում եմ, որ Ներսես սարկավագը հնարավորինս հաճախ հագնի կապա, որպեսզի մարդկանց աչքը սովորի: Իհարկե, մյուս կողմն էլ կա, հատկապես երբ երեխայի հետ ենք լինում, ժպտում են, բարեւում: Ես ինքս դեռ երեք տարի առաջ երկար էի նայում, երբ կապայով մարդ էի տեսնում: Ուզում եմ, որ նա լինի այդ կարծրատիպը կոտրողներից մեկը, որ մարդիկ փողոցում մոտենան, ողջունեն, օրհնություն խնդրեն:
Շատ պարտավորեցնող է հոգեւորականի կին լինել, բայց քանի որ մենք երկուսս այս դաշտում առանձին ենք սկսել մեր ուղին, հիմա էլ նույնն ենք շարունակում: Հետագայում, երբ կոչվի ծառայության, փորձելու եմ ամեն կերպ իրեն սատարել, լինել իր մեջքին, իր կողքին` կիսել իր հետ համայնքի հոգսերը:
Արփինե Ավետիսյան, Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների քարոզչության եւ հանրային կապերի բաժնի պատասխանատու Վահան սարկավագ Սահակյանի հարսնացուն

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր առաջին հանդիպումը շատ պատահական է ստացվել: Էջմիածնում՝ Մայր տաճարի մուտքի մոտ, մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերը: Ավելի լուրջ շփվել ենք աշխատանքի բերումով, երկուսս էլ գրաբարից թարգմանություններ էինք անում: Մասնագիտությամբ բանասեր, լեզվաբան եմ, աշխատում եմ Մատենադարանում: Հանդիպումները շատացան, թվում էր, թե աշխատանքային բնույթի են, բայց աստիճանաբար տեղափոխվեց ընկերական դաշտ: Շատ լավ ընկերներ էինք որոշ ժամանակ: Շարունակվեց այնքան, մինչեւ զգացինք, որ այլեւս առանց իրար չենք կարողանում: Միմյանց ճանաչում ենք արդեն մեկ տարի, միասին ենք հոկտեմբերի 10-ից:
Առաջին բանը, որ գրավեց Վահան սարկավագի մեջ, ընդհանրություններն էին: Իմ ընկերների մեջ շատ հազվադեպ մարդիկ կային, որ նույն հայացքներն ունեին, ինչ ես: Վահանի մեջ շատ գծեր գտա, որոնք նույնանում էին իմ մեջ եղածի հետ: Մեր՝ արդեն մշտական դարձած զրույցները ինձ համար բացահայտեցին շատ հարցերի պատասխաններ, հատկապես գրավիչ էր այն, որ Վահան սակավագն աստվածաբանական բնույթ ունեցող հարցերիս պատասխանում էր ֆիզիկայի օրենքների ու եկեղեցական հայրերի մեկնությունները համադրելով: Չափազանց յուրօրինակ էր Վահան սարկավագի սիրո խոստովանությունը` տարբեր գրքերին արված հղումների միջոցով, ես ստիպված էի կարդալ այդ մեջբերումները, որպեսզի հասկանամ նրան: Այս տարի ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեր նշանադրության արարողությունը, իսկ օգոստոսին պատրաստվում ենք ամուսնանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա միջոցով ես հասկացա, թե որն է իրական մարդկային սերը, սեր, որն ուղի է հարթում դեպի Աստված, քանի որ ինքնին աստվածային է: Եթե իսկապես սիրես, քեզ համար նշանակություն չի ունենա` կողակիցդ բժիշկ է, զինվորական, թե հոգեւորական: Ինձ համար շատ ավելի պարտավորեցնող է, որ Վահանը հոգեւորական է: Երեցկին լինել նշանակում է գործ ունենալ համայնքի հետ, շփվել մարդկանց հետ, փորձել կիսել բոլորի հոգսերը: Ծառայության մեջ դու էլ ես ներգրավվում, միայն ինքը չի ծառայում եկեղեցուն, համայնքին, Աստծուն:
Գիտակցումը, թե ինչպիսի պատասխանատվություն եմ ստանձնելու` դառնալով հոգեւորականի կին, ի սկզբանե կար: Ինքս էլ երգում եմ եկեղեցական երգչախմբում: Սկզբում Մայր Աթոռի մանկական, իսկ այժմ` 10 տարուց ավելի է` Շողակաթ եկեղեցու երգչախմբում եմ երգում: Սկզբում մայրս է առաջնորդել եկեղեցի, հետո եկեղեցին ուղղորդեց նաեւ մասնագիտության ընտրության հարցում:
Շատ հոգեւորական ընկերներ ունեմ: Գիտեմ ինչքան դժվարություններ կարող են լինել: Եթե ուզում ես լինել հոգեւորականի կին, պիտի պատրաստ լինել: Շատ ուրախ եմ աշխարհի ցանկացած կետում լինել իմ սիրելի մարդու հետ, օգտակար լինել ժողովրդիս ու ծառայել Աստծուն:
Մարի Թարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: