Մորական տոհմիս բոլոր կնամեծար տղամարդկանց մինչ օրս ավանդույթի ուժով անվանում են «Բաղդո»՝ Գասպարյանների նախահոր՝ Բաղդասար պապի անունով:
Մինչեւ վերջերս նրա մասին շատ քիչ բան գիտեի՝ թերեւս միայն այն, որ գաղթել է Արեւմտյան Հայաստանից ու մինչեւ կյանքի վերջն ունեցել է երկու կին:
Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցը առիթ դարձավ, որ այստեղից-այնտեղից հավաքեմ Բաղդոյի, նրա ընտանիքի փրկության ու վերամիավորման անհավանական պատմությունները:
1915 թ.՝ կոտորած ու գաղթ Ալաշկերտի գավառակում

Լուսանկարը` Գասպարյանների ընտանեկան արխիվից
Բաղդասար Գասպարյանը՝ մորական պապիս պապը, ծնվել է 1864 թվականին Ալաշկերտում, ամուսնացած է եղել գավառակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սահակ աղայի դստեր՝ Հայկանուշի հետ:
1915-ի գարնանը Բաղդասարը վաճառական աներոջ հետ գործով գյուղից մեկնում է քաղաք: Տան տղամարդկանց բացակայության ժամանակ սկսվում է համատարած կոտորածը: Վերադառնալով՝ Սահակն ու Բաղդոն գերդաստանի անդամներին սպանված են գտնում: Սպանվածների մեջ Բաղդոն կնոջն ու երեք երեխաներին չի գտնում, չեն գտնում նաեւ Սահակ աղայի փոքր որդուն՝ Սուքիասին: Հարեւան թուրքերից հարցուփորձ անելով՝ իմանում են, որ կինը երեխաների ու փոքր եղբոր հետ միացել է գաղթականների քարավանին:

Լուսանկարը` Գասպարյանների ընտանեկան արխիվից
1919 թթ.՝ ճակատագրական հանդիպում 4 տարի անց
Բաղդոն եւս լքում է Արեւմտյան Հայաստանն ու գալիս է Երեւան, այնուհետեւ տեղափոխվում է Տավուշի մարզ: Այստեղ նա ամուսնանում է իր պես գաղթական մի կնոջ՝ Զաբելի հետ, ում սիրահարված է եղել երիտասարդ տարիներին:
Բաղդոն իր խնամակալության տակ է վերցնում նաեւ Զաբելի որդուն` Ասանեթին, ում հայրը սպանվել էր կոտորածների ժամանակ: Չորս տարի անց, հավանաբար 1919-1920 թթ. Բաղդոն ինչ-որ գործով գալիս է Երեւան ու փողոցում գտնում Հայկանուշին՝ մուրացկանություն անելիս: Հազարավոր գաղթականներով ու սովյալներով լցված քաղաքի մի անկյունում նա շիվար կանգնում է, գրկում կնոջը.

Լուսանկարը` Գասպարյանների ընտանեկան արխիվից
-Հայկանու՛շ, Հայկո՛, էս դու՞ն իս, աչքերուդ մըռնիմ, դու՞ն իս:
Հայկանուշը պատմում է, որ գաղթի ճամփին նորածին որդին մահացել է, մանկատանը կարմրուկից մահացել է նաեւ աղջիկներից մեկը՝ Անգինը, իսկ Աղավնին ու փոքր եղբայրը՝ Սուքիասը, մանկատանն են:

Լուսանկարը` Գասպարյանների ընտանեկան արխիվից
Երկու կին մի հարկի տակ
Բաղդոն իր հետ Շամշադինի Պառավաքար գյուղ է բերում կնոջը, դստերն ու կնոջ փոքր եղբորը` Սուքիասին, Զաբելին հայտնում լուրն ու երկու կանանց պատվիրում հաշտ-համերաշխ ապրել մի տանիքի տակ: 35 տարի Բաղդոյի տանը ոչ կռիվ, ոչ գժտություն չի լինում, գյուղի ամենատարեցները մինչ օրս պատմում են, թե ինչ սիրով են երկու կանայք ապրել իրար հետ ու միասին մեծացրել երեխաներին: Պապը մահանում է 1957-ին՝ 93 տարեկանում: Պառավաքարի հին գերեզմանատանը մինչ օրս խնամքով պահպանում են նրա գերեզմանը, աջ եւ ձախ կողմերում են թաղված նաեւ երկու կանայք՝ Հայկանուշն ու Զաբելը՝ Բաղդոյի հետ կողք կողքի, ինչպես երկրային կյանքում:
Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները` Գասպարյանների ընտանեկան արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: