Իններորդ դասարանցի Էդմոնդ Հովհաննիսյանը Հայաստանում ներառական կրթություն ստացող առաջին աշակերտներից է: Չորրորդ աստիճանի ծանրալսություն ունեցող Էդմոնդն արդեն 9 տարի կողք-կողքի սովորում է իր հասակակիցների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա ամեն օր Աբովյանից գալիս է Երեւան՝ մասնակցելու դասերին: Մոր՝ Վարսիկ Հովհաննիսյանի խոսքով՝ հասակակիցների հետ շփումն ու դասերին մասնակցելը հաշմանդամություն ունեցող Էդմոնդին օգնել են զարգացնել խոսքն ու մտավոր ունակությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Որդիս մինչեւ 3-4-րդ դասարանները չէր կարողանում խոսել, շատ առաջադրանքներ լիովին չէր ընկալում: Հետո սկսեց առաջին բառերը արտաբերել, ակտիվ մասնակցել դասերին, մեր ամենամեծ ձեռքբերումն էր»,- ասում է Վարսիկ Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը ներառական կրթություն ստացող աշակերտների թվով ամենամեծ դպրոցներից է: 600 աշակերտներից 60-ը ունեն հենաշարժողական ապարատի, մտավոր, լսողության կամ տեսողության հետ կապված տարբեր խնդիրներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երեխաների հետ մեծ աշխատանք են կատարում նաեւ դպրոցներում ստեղծված աջակցող խմբերը: Հոգեբանները, հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոց. մանկավարժներն ու դաստիարակները յուրաքանչյուր երեխանին անհատական մոտեցում են ցուցաբերում՝ լրացնելով դասարանային կրթության բացթողումները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը Էդմոնդի հետ հաճախ է զրուցում, հետաքրքրվում դասերի ընթացքով ու անգամ օգնում կատարել որոշ տնային առաջադրանքներ: Այս դպրոցի փորձը կիրառվում է Հայաստանի հարյուրավոր կրթական հաստատություններում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր երկրում ներառական կրթության մասին սկսեցին խոսել դեռ 2001 թվականին, երբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ԿԳ նախարարության հետ սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այն հաշմանդամություն եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն էր տվեց իրենց հասակակիցների հետ հաճախել հանրակրթական դպրոցներ ու յուրացնել ծրագիրն առանց խոչընդոտների:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հաշմանդամություն ունեցող երեխաները մինչ այդ սովորում էին հատուկ դպրոցներում կամ ընդհանրապես զրկված էին կրթության իրավունքից,- ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը,- Երեւանի 5 դպրոցներում փորձնական ներդրվեց ներառական կրթության ծրագիրը, որով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի քանի երեխա սկսեց սովորել: Մեկ տասնամյակ անց թիվը հասել է գրեթե 5000-ի: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական ծրագրերի մշակման եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը վստահված է Կրթության Ազգային Ինստիտուտին (ԿԱԻ): Մեր առաջնային խնդիրներից մեկը հիմա դպրոցների հարմարեցումն է: Շատ տեղերում դեռ չկան անհրաժեշտ քանակությամբ ու որակի թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներառական կրթության ծրագրի թիրախներից հիմնականը հատուկ դպրոցների վերացումն է: Տասը տարի անց Հայաստանում մնալու են 3-4 հատուկ դպրոցներ՝ կույր, խուլ եւ խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Լուսանկարը` Ինֆոգրաֆիկան՝ Մեդիամաքս
«Ներկայում Երեւանից բացի Սյունիքի եւ Տավուշի մարզերի գրեթե բոլոր դպրոցները ներառական կրթություն են իրականացնում, մյուս մարզերի ուսուցիչները մաս-մաս վերապատրաստվում են, բոլոր մարզերում կան նման կրթական հաստատություններ: Մինչ 2026 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները հանընդհանուր ներառման կանցնեն»:

Լուսանկարը` Ինֆոգրաֆիկան՝ Մեդիամաքս
Ի դեպ, Էդմոնդը դասերից ազատ ժամանակ զբաղվում է սիրողական լուսանկարչությամբ, նույնիսկ ցուցահանդեսներ է ունեցել դպրոցում: Դպրոցից դուրս գալուն պես հանում է գրքերի արանքում պահած ֆոտոապարատն ու լուսանկարում Երեւանի տեսարժան վայրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Էդմոնդը մեզ պատմեց իր երազանքի մասին. «Հայրիկս լուսանկարիչ-օպերատոր է, հին ու նոր շատ ապարատներ ունի: Հենց դրանցով էլ մի քանի տարի առաջ սկսեցի լուսանկարել: Երազում եմ դպրոցն ավարտելուց հետո ավելի շատ ժամանակ հատկացնել իմ սիրած գործին ու դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ»:

Լուսանկարը` Հովհաննիսյանների անձնական արխիվից
Հ.Գ
Նախորդ տարվա սեպտեմբերին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել էր դպրոց ու նկատել Էդմոնդի՝ պատերին կախված աշխատանքները: Նույն օրը նա խոստացել էր պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ նվիրել ներառական կրթություն ստացող աշակերտին: Հունվարին՝ դեռ դասերը չսկսած, Արմեն Աշոտյանը Էդմոնդին հրավիրեց նախարարություն՝ հանձնելու խոստացած ֆոտոապարատը:
Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: