Երեւանում վերաբացված Տիեզերքի թանգարանում կարելի է ձեռքով դիպչել Տիեզերքից վայրէջք կատարած սարքավորումների ու «շոշափել տիեզերական փոշին»:
Նոր Նորքի զանգվածում ներկայումս ստեղծվող տեխնոպարկի տարածք թանգարանը տեղափոխվել է Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտից, որտեղ բացվել էր 2001թ.-ին: 2001-ին բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդեւը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը եւ ուրիշներ:
Ցուցանմուշների անվտանգության խնդիրների հետ կապված հետագայում որոշվեց թանգարանը տեղափոխել Երեւան: Նորացված եւ հարստացված, այն վերաբացվեց Երեւանում 2015թ. նոյեմբերին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ, որոնք ստեղծվել են հայ մասնագետների կողմից: Այստեղ կարելի է տեսնել տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ «ՎՈՍՏՈԿ», «ՍՈՅՈՒԶ» տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների ձեռագիր նյութերը, նամակներ: Նյութերի զգալի մասը գաղտնիության պատճառով հանրության համար մնում էր անհայտ: Արժեքավոր նմուշներից է Նոբելյան մրցանակակիր, միջուկային զենքի ստեղծողներից մեկի` Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որը գրվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ:
Թանգարանի կազմակերպիչ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը (Գրիգոր Գուրզադյանի որդին), որը եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է, ասել է, որ արտասահմանում նա տեսել է տիեզերքի թանգարաններ` հիմնված սոսկ մոդելների վրա, մինչդեռ այստեղ հավաքված են բնօրինակներ, այն էլ տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի, ինչը ունի բացառիկ պատմա-փաստագրական արժեք:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ ներկայացված սարքերը եղել են բաց տիեզերքում, նրանց հետ այնտեղ աշխատել են տիեզերագնացներ, կարելի է տեսնել անգամ տիեզերքում նրանց արված գրառումները:
Ի դեպ, Գառնիի կենտրոնում իրենց նախաթռիչքային պարապմունքներ են անցել մոտ 40 խորհրդային տիեզերագնաց: Թանգարանում ցուցադրված են խորհրդային տիեզերագնացների ձեռագիր փաստաթղթեր` ուղղված Գրիգոր Գուրզադյանին: Նրանցից մեկը Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար, գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկն է:
Մեդիամաքսը Վահագն Գուրզադյանի օգնությամբ առանձնացրել է առավել ուշագրավ նմուշները:
K-2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը
K-2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը (բնօրինակ) առաջին անգամ տիեզերք է արձակվել 1962-ին՝ P5B հրթիռով, 500 կմ բարձրության վրա: Այդ տարիներին հրթիռային տեխնիկայով տիրապետում էր միայն Խորհրդային Միությունը եւ ԱՄՆ-ը: Եվրոպայում, որը ներկայումս հզոր տիեզերական տարածք է, նման թռիչքներ կատարվել են տարիներ անց:
Լուսանկարը` Մեդիամաքս
1950-ականների վերջերից սկսած հայ երիտասարդ, սակայն արդեն անվանի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը առաջիններից էր, որ հրթիռային` ռազմական տեխնիկան օգտագործեց գիտական խնդիրների համար: Դրանում նրան մեծապես աջակցեց նրա ուսուցիչը՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ Խորհրդային տիեզերագնացության հիմնադիր Սերգեյ Կորոլյովը, ում անմիջական որոշմամբ P5B բալիստիկ հրթիռները տրամադրվեցին Գուրզադյանի գիտափորձերի համար:
Թանգարանային այս բացառիկ նմուշը վայրէջքի ժամանակ մինչեւ 6 հազ. աստիճան տաքանում էր, ուստի պատրաստված է հատուկ հրակայուն նյութից:
Հրթիռային աստղադիտարանի կայունացված հարթակ (1960-80թթ.)
Այս հարթակը տիեզերք է արձակվել երեք անգամ՝ մինչեւ 500 կմ բարձրություն: Հրթիռը բարձրանալիս տատանվում էր, եւ հարթակի կայունացումը սկզբունքային խնդիր էր, քանի որ նրա վրա է տեղադրված եղել աստղադիտակը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կայունացման համար օգտագործվել են արեգակնային եւ աստղային տվիչներ, որ նույնպես ցուցադրված են թանգարանում: Հետագայում այստեղ կիրառված սկզբունքները կիրառվել են նաեւ պաշպանական խնդիրների լուծման համար:
ՕՐԻՈՆ-1 ուղեծրային աստղադիտարան
ՕՐԻՈՆ-1 ուղեծրային աստղադիտարանը, որի պատճենը ներկայացված է թանգարանում (բնօրինակը մնացել է տիեզերքում), տեղադրվել է աշխարհում առաջին տիեզերական կայանի` ՍԱԼՅՈՒՏ-1-ի վրա (1971թ.):
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տիեզերական աստղադիտակով աշխատել է տիեզերագնաց Պացաեւը, որը զոհվեց վայրեջքի ժամանակ: Գիտական արդյունքները, սակայն, փրկվեցին եւ հրատարակվեցին աշխարհի առավել հեղինակավոր գիտական ամսագրերում:
ՕՐԻՈՆ-2 ուղեծրային աստղադիտարան
ՕՐԻՈՆ-2 ուղեծրային աստղադիտարանը (պատճեն) տեղադրվել էր ՍՈՅՈՒԶ-13 տիեզերանավի վրա: Այս նմուշով 2000թ. Հայաստանը ներկայացել է Հանովերում անցկացված EXPO 2000 համաշխարհային ցուցահանդեսում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս աստղադիտարանով աշխարհում առաջին անգամ ստացվել էին թույլ աստղերի, նաեւ միգամածության` ուլտրամանուշակագույն տիրույթի սպեկտրներ, ինչը անհասանելի էր Երկրի վրա տեղակայված աստղադիտակների համար:
ԱՍՏՐՈՆ արբանյակի ֆոկուսացման եւ կայունացման սարք
Ֆոկուսացման եւ կայունացման սարքը 1983-ին արձակված ԱՍՏՐՈՆ արբանյակի կարեւորագույն հատվածն էր, քանի որ դրանով էր պայմանավորված դիտումների որակը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչպես ասել է ԱՍՏՐՈՆ-ի կայունացման հանգույցի հեղինակը` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Զախարյանը, ԱՍՏՐՈՆԸ տիեզերքում անխախան աշխատել է տարիներ շարունակ:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: