Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի մյուռոնի օրհնություն:
Հայ առաքելական եկեղեցին մյուռոնօրհնեք է կազմակերպում յոթ տարին մեկ անգամ: Մեդիամաքսի խնդրանքով Մայր Աթոռի Վանորեից տեսուչ, Գերաշնորհ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ներկայացրել է սրբալույս հեղուկի խորհուրդը, եփման նախապատրաստությունը, ընթացքն ու օրհնության մանրամասները:
Մյուռոնի խորհրդավոր էությունը
Մյուռոնը Սուրբ Հոգու նյութական արտահայտությունն է. Սուրբ Հոգին գործում է մյուռոնի միջոցով: Հին կտակարանից տեղեկանում ենք, որ նախկինում մյուռոնն այնպիսին չի եղել, ինչպիսին մեզ է հայտնի. եղել է մի քանի համեմունքներից եւ բույսերից պատրաստված օծության յուղ, որի հիմքը, ինչպես այսօր, ձիթայուղն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անուշաբույր հեղուկի բաղադրությունը
Սրբալույս Մյուռոնն այսօր բաղկացած է անուշահոտ ծաղիկներից, արմատներից, յուղերից, համեմունքներից, հեղուկներից :
Առաջնորդող Մաշտոցը՝ խորհրդատետրը, որով կազմակերպվում է Մյուռոնօրհնեքի արարողությունը, կարեւոր հղում ունի. եթե սուրբ մյուռոնի բաղադրությունից որեւէ նյութ բացակայի, կարիք չկա արգելել օրհնությունը, սակայն, եթե չկա բալասանի յուղն ու ձիթայուղը, մյուռոնօրհնությունը պետք է հետաձգել:
Գեւորգ 4-րդ Կաթողիկոսի մշակված մոտեցման համաձայն՝ մյուռոնի բաղադրությունը ներառում է 45 տեսակի նյութեր, որոնք բերվում են արտերկրից: Մեզ, սակայն, հայտնի չէ, թե ինչու մյուռոն պատրաստողները նախկինում սրբալույս հեղուկի բաղադրության մեջ նկատի չեն ունեցել հայկական բնաշխարհի մասնակցությունը: Այժմ, հատուկ որոշումով, Հայաստանի եւ Արցախի բնաշխարհից անուշահոտ ու բուժիչ մի շարք բույսեր ավելացվել են Մյուռոնի բաղադրության մեջ: Արդյունքում, որպես մյուռոնի բաղադրություն, ունենք 72 տեսակի նյութ, որոնց թիվը խորհրդաբանորեն պայմանավորված է Քրիստոսի 72 աշակերտների թվով:
Հայկական մյուռոնի ստեղծումն ու առանձնահատկությունը
Սրբալույս մյուռոնի ստեղծման վերաբերյալ մեր ավանդությունը հետեւյալն է՝ առաջին օրհնված յուղը, որը դարձավ Հայ եկեղեցու մյուռոնի հիմքը, Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից: Ավանդության համաձայն, որպես Քրիստոսի հետ առնչված սրբազան նյութ, առաքյալի միջոցով Հայաստան է բերվել այն յուղից, որով Ավետարանում հիշատակվող կինն օծեց Աստվածորդու ոտքերն ու գլուխը: Այդ օրհնված յուղն էլ Հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորիչն օգտագործել է հայկական առաջին մյուռոնի պատրաստության ժամանակ:

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Մեր մյուռոնն իր բաղադրությամբ, ոգով ու յուրահատկությամբ նման չէ աշխարհի որեւէ քրիստոնեական եկեղեցու օծման յուղին:
Անցյալի, ներկայի ու գալիքի կապը
Ինչպես գիտենք, Լուսավորիչ հայրապետից մեզ հասած՝ առաջին օրհնված մյուռոնն ամեն անգամ խառնվում է նոր օրհնվող մյուռոնին՝ ստեղծելով կապ անցյալի, ներկայի եւ գալիքի միջեւ:
Մյուռոնի պատրաստման պարբերականությունը
Մյուռոնի պատրաստման համար Հայ առաքելական սուրբ եկեղեցին ընտրել է յոթ տարվա պարբերականությունը՝ իբրեւ ընթացք, որով օրհնված հեղուկը կբավարարի:
Սակայն, եկեղեցու կանոնը թելադրում է, որ մյուռոնը պարտադիր օրհնում է նորընտիր հայրապետը: Այսինքն, եթե պատահի, որ հայրապետը մյուռոն օրհնի եւ յոթ տարին չլրացած`վախճանվի, ապա նորընտիր հայրապետը կրկին օրհնություն պետք է կազմակերպի՝ մյուռոնօրհնեքով սկսելով իր հոգեւոր նոր ճանապարհը:
Մենք նման նախադեպ ունեցել ենք ոչ վաղ անցյալում՝ Վազգեն Ա Վեհափառի եւ Գարեգի Ա Վեհափառի վախճանից հետո՝ 1996 եւ 2001 թվականներին կայացած մյուռոնօրհնության պարագային:
Նոր խորհրդայնացված Հայաստանում մյուռոնօրհնեք երկար ժամանակ չի կատարվել՝ իշխանության եւ Մոսկվայից եկող արգելքի պատճառով: Սակայն, հայոց հայրապետն ու եպիսկոպոսները, հնարավորության սահմաններում, աշխարհի տարբեր անկյուններից բերել են անհրաժեշտ բաղադրիչներն ու կատարել են սրբազան յուղի օրհնություն:
Մյուռոնի եփման նախապատրաստությունն ու ընթացքը
Մյուռոնօրհնությանը նախորդում է մեծ պատրաստություն, որը սկսում է օրհնությունից 50 օր առաջ: Այդ ընթացքում հեղուկի բաղադրության մաս կազմող նյութերը մշակվում, ծեծվում, փոշիացվում ու փափկացվում են հատուկ յուղերի մեջ:
Յուրաքանչյուր բաղադրիչ մշակման իրեն բնորոշ եղանակն ունի. կան նյութեր, որոնք, հոտն ու որոշ հատկություններ չկորցնելու համար, նախքան օգտագործումը հատուկ խնամք են պահանջում, որոշներն էլ՝ թարմություն:
Բաղադրիչների մշակումը կատարվում է միայն հոգեւորականների կողմից: Արդեն իսկ մշակված բույսերը, յուղերն ու հեղուկները եփման կաթսայի մեջ խառնվում են իրար, ապա, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, օրհնության կարգ է կատարում, եւ վառվում է կրակը, որից հետո, երեք օր շարունակ, ծաղկանց նյութերը կրակի վրա շոգիացման եղանակով եփվում են:
Ինչպես մյուռոնի նախապատրաստության, այնպես էլ երեք օր ու գիշեր եփման ընթացքն ուղեկցվում է հոգեւորականների աղոթքներով, սաղմոսների ու շարականների երգեցողությամբ:

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Իսկ մյուռոնօրհնեքից 40 օր առաջ հոգեւորականները Մայրավանքի գանձարանից դուրս են բերում ձիթայուղով լի մայր կաթսան ու այն զետեղում ավագ խորանի վրա, որպեսզի հավատացյալ ժողովուրդն իր աղոթքներով մասնակից լինի հեղուկի սրբագործմանը: Մյուռոնօրհնեքի օրը Վեհափառ հայրապետը հեղուկի եփված զանգվածը խառնում է մայր կաթսայում գտնվող ձիթայուղին եւ կատարում օրհնության կարգը:
Մյուռոնի օրհնությունը
Գեւորգ Կաթողիկոսից մեզ հասած Մաշտոց խորհրդատետրը թելադրում է մյուռոնօրհնեքը կազմակերպել կամ Մեծ պահքի ավագ հինգշաբթի օրը, երբ կատարվում է յուղի օրհնության կարգ, կամ Հոգեգալստյան տոնին, քանի որ մյուռոնը Սուրբ Հոգու խորհուրդ ունի:
Եկեղեցին, սակայն, օգտվել է երրորդ հնարավորությունից. երկար տարիներ է՝ մյուռոնօրհնեքը կազմակերպում ենք Վարագա սուրբ խաչի տոնին` սեպտեմբեր ամսվա վերջին կիրակիին:

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Մյուռոնօրհնության օրը Մայր Տաճարում մատուցվում է սուրբ պատարագ: Այնուհետեւ, ծեսի հանդիսավորությունը եւ մասնակից հավատացյալների բազմությունը նկատի ունենալով, մյուռոնօրհնության բուն արարողությունը կատարվում Բաց խորանում:
Մյուռոնօրհնության օրը, նախքան օրհնության մեկնարկը, մայր կաթսան, որի վրա միշտ շղարշ կա, ծածկվում է նաեւ 7 շուրջառով, որոնք խորհրդանշում են երկինքն ու ամպերը, Աստծո ներկայությունը տեսնելու մարդու անկարողությունը:
Մյուռոնի սրբագործումը
Մյուռոնը սրբագործվում եւ օրհնվում է Հայ Եկեղեցու համար կարեւոր երեք սրբազան մասունքներով՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքով, տիրամուղ սուրբ Գեղարդով, Գրիգոր Լուսավորիչ հայրապետի աջով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Օրհնությունից հետո մյուռոնը բաշխվում է ողջ աշխարհի հայկական եկեղեցիներին ու համայնքներին՝ իրենց առաջնորդների միջոցով:
Մյուռոնի գործածությունը Հայ առաքելական եկեղեցում
Առաջին անգամ, որով մեր կյանքից ներս է գործում սուրբ մյուռոնը, մկրտությունն է: Դրոշմվելով մարդու զգայարաններին՝ սրբալույս հեղուկը փոխանցում է Սուրբ Հոգու շնորհները:
Մկրտությունից զատ, մյուռոնով սրբագործվում է յուրաքանչյուր երկրպագելի սրբություն՝ եկեղեցի, մկրտության ավազան, խաչքար, սրբապատկեր եւ այլն:
Պատահական չէ, որ, անկախ մեզանից, անգամ գենետիկորեն, մենք խոնարհվում ու համբուրում ենք այն ամենը, ինչը օծվում եւ սրբագործվում է մյուռոնով:
Նյութականի սրբագործումից բացի, մյուռոնի գործածությունը տեսնում ենք եկեղեցականների օծման պարագային: Այս հեղուկով սրբագործվում եւ օծվում են բոլոր հոգեւորականները՝ քահանան, եպիսկոպոսը, կաթողիկոսը: Հաճախ տեսնում ենք, թե ինչպես են հավատացյալները հոգեւորականի ձեռքը համբուրում, որը թյուրիմացաբար վերագրվում է անձին, մինչդեռ դա վերաբերում է սուրբ մյուռոնով օծված լինելուն:
Կան նաեւ եկեղեցական միջանկյալ աստիճաններ, որոնք տրվում են առանց օծվելու. սարկավագությունը՝ ձեռնադրությամբ, վարդապետական գիտական աստիճանները՝ տվչությամբ, արքեպսիկոպոսությունը՝ կաթողիկոսի սրբատառ կոնդակով:
Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: