Երեւանի «անհայտ» արձանները - Mediamax.am

exclusive
8566 դիտում

Երեւանի «անհայտ» արձանները


«Կիբեռնետիկայի մուսան»
«Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բիբլիական Դավիթը»
«Բիբլիական Դավիթը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բիբլիական Դավիթը»
«Բիբլիական Դավիթը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կիբեռնետիկայի մուսան»
«Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կիբեռնետիկայի մուսան»
«Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Երեւանդ Քոչարի թանգարանի արխիվից

«Կիբեռնետիկայի մուսան»
«Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մելամաղձություն»
«Մելամաղձություն»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մելամաղձություն»
«Մելամաղձություն»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մելամաղձություն»
«Մելամաղձություն»

Լուսանկարը` Երեւանդ Քոչարի թանգարանի արխիվից

«Երազը»
«Երազը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երազը»
«Երազը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սիրում է, չի սիրում»
«Սիրում է, չի սիրում»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սիրում է, չի սիրում»
«Սիրում է, չի սիրում»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերադարձը»
«Վերադարձը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերադարձը»
«Վերադարձը»

Լուսանկարը` Մեդիամաքս


Հնի ու նորի համադրում՝ իմաստի եւ որակի փոփոխությո՞ւն, թե՞ ժամանակի թելադրանք: Երեւանում ծնվում եւ ապրում են արձաններ ու քանդակներ, որոնց կողքով ամեն օր անցնում ենք, սակայն չգիտենք, թե ինչ պատմություն ունեն: Մի մասն էլ՝ «թաքնված» քաղաքի այգիներում ու բակերում, լռում են իրենց գոյության մասին: Մեդիամաքսը ներկայացնում է տարբեր ժամանակներում Երեւանում ծնված մի քանի արձան, որոնք մարդկանց պատմելու բան ունեն:

 

«Բիբլիական Դավիթ»՝ չարի ու բարու պայքար

 

Հայ մեծանուն քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարը ստալինյան բռնապետության զոհերից էր: Նա լավ գիտեր ազատության գինը: «Բիբիլիական Դավիթը» ծնվեց Իոսիֆ Ստալինի մահից անմիջապես հետո ՝1953թ.:

«Բիբլիական Դավիթը» «Բիբլիական Դավիթը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բիբլիական Դավիթ» քանդակը երկար տարիներ մնաց Քոչարի արվեստանոցում եւ միայն 2009թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղադրվեց Հայաստանի Ազգային ժողովի բակում: Գիպսե քանդակը մեծացվեց հինգ անգամ եւ դրվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի հուշաքարի փոխարեն:

 

Համալիրի ճարտարապետական լուծման հեղինակը ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարն է:

 

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարի խոսքով՝ Ազգային ժողովի բակում տեղադրված այս քանդակը մեր հիշողության մեջ ոչ միայն վառ կպահի զոհերի հիշատակը, այլեւ յուրատեսակ կոչ է առ այն, որ չարը նույնպես հավերժ է, եւ պետք է զգոն լինել:

 

«Ժամանակակից աշխարհին, մարդկությանը սպառնացող մարտահրավերներից է ահաբեկչությունը, որը պետք է արմատախիլ արվի, ինչպես չարն առհասարակ: «Բիբլիական Դավիթը» խորհրդանշում է չարի եւ բարու հավերժ պայքարում բարու աներկբա հաղթանակը»,- ասում է Լալա Քոչարը:

 

Ապագայի հրաշք «Կիբեռնետիկայի մուսան»

 

Քոչարը միշտ շրջապատված է եղել երիտասարդ մաթեմատիկոսներով, որոնք էլ մի օր որոշում են միջնորդել, որպեսզի Քոչարի արվեստին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում տեղ հատկացնեն:

 

Տնօրենը համաձայնում է, իսկ Քոչարին ազատ ու անկաշկանդ ստեղծագործելու հնարավորություն է տրվում: Լալա Քոչարը պատմում է, որ ոչ Գեղարվեստական խորհուրդը, ոչ Նկարիչների միությունն ու Կենտկոմը չէին հսկում աշխատանքի ընթացքը: Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» որեւէ գրախոսությամբ չի անցել:

«Կիբեռնետիկայի մուսան» «Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինստիտուտի տարածքը փակ էր, ինչպես այսօր: Քոչարին հատուկ սենյակ էին տրամադրել, որտեղ նա 1971թ. սկսում է աշխատել: Հավանաբար, քանդակի հանճարը զգացել էր, թե կիբեռնետիկան ապագայում ինչ հրաշքներ է գործելու: 1972թ. Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» ստեղծագործությունը:

 

Քոչարի 100-ամյակին՝ 1999 թվականին, ծրագրերում կար քանդակը քաղաքի կենտրոն բերելու եւ ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու միտքը: Նախատեսվում էր այն տեղադրել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ, սակայն այս գաղափարը կյանքի չկոչվեց: Վերջին տարիներին հարցը կրկին քննարկվում է, առաջարկ է հնչել «Կիբեռնետիկայի մուսան» Հյուսիսային պողոտա տեղափոխելու մասին:

 

«Մելամաղձություն»՝ մտքի ու հոգու շղթայակապ գերիները

 

«Միքելանջելոն ստեղծեց մի աշխարհ, ուր ահավոր ուժի գիգանտները ճզմվում են իրենց սեփական ուժի տակ ու տառապում: Դա սահմանափակ եւ ծանր նյութի մելանխոլիան է, նյութի, որ չի կարող շղթայազերծվել, ազատվել իր սեփական սահմաններից եւ անզորությամբ ինքն իր վրա է դառնում:

 

Ես ստեղծեցի մի աշխարհ, որտեղ բնակեցրի հսկա մտքի եւ զգացումների գիգանտներ, որոնք  քայքայում են նյութի բնությունը, բայց, քանի որ առանց նյութի անէություն է ու  մահ, իրենց  ուժի եւ անզորության տիեզերական տառապանքն են ապրում:

 

Միքելանջելոն ստեղծեց մկանների ուժի գերիներին՝ շղթայակապ: Ես ստեղծեցի մտքի ու հոգու շղթայակապ գերիներին...»:

 

Երեւանդ Քոչարն այսպես է նկարագրում իր «Մելամաղձություն» քանդակը, որը ստեղծել էր 1959թ.:

«Մելամաղձություն» «Մելամաղձություն»

Լուսանկարը` Մեդիամաքս

2003թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջեւ տեղադրվեց Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» գիպսե քանդակի քառապատիկ մեծացված բրոնզե օրինակը:

 

Նախաձեռնողը ՆՓԱԿ տնօրենն էր, ով դիմել էր Քոչարի որդուն, եւ խնդրել աջակցել վարպետի «Կիբեռնետիկայի մուսա» ստեղծագործությունը իրենց շենքի մոտ տեղափոխելուն: Վարպետի որդին դրա փոխարեն առաջարկել էր «Մելամաղձությունը» տեղադրել:

 

Սա նաեւ Երվանդ Քոչարի ժառանգների՝ Հայկազ եւ Ռուբեն Քոչարների նվերն էր Երեւանին: Համալիրի ճարտարապետական լուծման հեղինակն էլ Հայկազ Քոչարն է:

 

12 տարի «բանտված» «Երազը»

 

Հրանտ Հովսեփյանի «Երազը» շուրջ 12 տարի «բանտված» էր քանդակի կոմբինատի ձուլման արտադրամասում։ Թեեւ «Երազը» խորհրդային տարիների ծնունդ էր, սակայն «բանտման» պատճառը ամենևին էլ գաղափարական չէր։

 

«1989-90 թվականներին Ռուսաստանից քանդակի պատվեր եկավ: Էսքիզները ցույց տվեցի՝ հավանեցին: Ես էլ «Երազը» քանդակեցի, ավարտեցի, բրոնզե ձույլը արեցի, ու Խորհրդային Միությունը քանդվեց: Դրանից հետո ի՞նչ պատվեր, ի՞նչ քանդակ։ «Երազը» մնաց քանդակի կոմբինատի ձուլման արտադրամասում»,- պատմում է Հրանտ Հովսեփյանը:

«Երազը» «Երազը»

Լուսանկարը` Մեդիամաքս

2001 թվականին Չինաստանի Չանչուն քաղաքի քանդակի միջազգային այգում ի թիվս 40 երկրների 80 մասնակիցների քանդակների, որոնք արվել էին հենց տեղում, ներկայացվել էր նաեւ գրանիտե «Երազը»։ 

 

«Հայաստանից 12 քանդակագործ լուսանկարներով ներկայացրեցին իրենց գործերից, ընտրվեցին երեքը, որոնցից մեկն էլ իմ գործն էր։ Այդպես իմ «Երազը» հասավ ու մնաց Չինաստանում»,- պատմում է քանդակագործը։

 

Բայց քանդակը մեկ ուրիշ կյանք էլ պիտի ունենար։ Չինաստանյան մրցույթից մեկ տարի անց՝ 2002 թվականին, Հայաստանում մրցույթ հայտարարվեց Յուրի Բախշյանի անվան այգում քանդակներ տեղադրելու նպատակով։ Մալաթիայի թաղապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու ցանկությունը կար, բայց Հրանտ Հովսեփյանը վատառողջ էր ու այլ ելք գտավ.

 

«Հիվանդ էի եւ չէի կարող արեւի տակ աշխատել: Կազմակերպիչներին ցույց տվեցի բրոնզե «Երազը»: Հավանեցին, բայց արձանի մետաղին էլ չէր բավարարի  նախատեսված գումարը, այնպես որ համարյա նվեր տվեցի այն: Այդպիսով քանդակը դրվեց Յուրի Բախշյանի անվան այգում եւ մնաց Հայաստանում՝ Մոսկվա գնալու փոխարեն»: 

 

«Երազը», որը երկու տարբեր նյութից տարբեր տարիների երեք կերպարի է վերածվել, թեեւ կնոջ քանդակ է, այնուամենայնիվ բնորդ չի ունեցել:

 

«Սիրում է, չի սիրում»՝ հավերժական հարց ու քանդակ 

 

Սիրում է, չի սիրում։ Այս հավերժական հարցը նաեւ քանդակագործ Թերեզա Միրզոյանի քանդակի անվանումն է, որը հարցի ոչ մի պատասխան չի հուշում, բայց որոշակի շունչ է հաղորդում Աբովյան փողոցին։ Նստած կնոջ կերպարանքով խորհրդանշական քանդակը 1968 թվականին Երեւանում իր տեղը գտավ ու վերաբացման կարիք չէր լինի, եթե չլիներ 1990-ականների խավարի ու ցրտի հաղթահարման դաժան անզորությունը։

«Սիրում է, չի սիրում» «Սիրում է, չի սիրում»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ տարիներին արձանն ուղղակիորեն ոչնչացվեց։ Բարեբախտաբար, դրանով չավարտվեց «Սիրում է, չի սիրում» քանդակի կյանքը։ 2012 թվականին վերականգնեցինք այն։ Ճիշտ է, չստացվեց ճիշտ նախկին տեղում, բայց գոնե հնարավոր եղավ հենց Աբովյան փողոցում տեղադրել։ Էրեբունի-Երեւան տոնին հասցնելու նպատակով շտապում էինք եւ լուսավորության եւ հարեւանությամբ նստարաններ տեղադրելու հարցերը մնացին։ Այսօր էլ հարցը դեռ առկախ է»,- պատմում է Թերեզա Միրզոյանի դուստր Անուշ Առաքելյանը։

 

Կանացի գեղեցկության, սիրո խորհրդանիշ քանդակը Թերեզա Միրզոյանը հեղինակել է 45 տարեկանում՝ 1967 թվականին։ Ստեղծումից մեկ տարի անց 1968 թվականին «Սիրում է, չի սիրում» քանդակը ցուցահանդեսում Գերմանիայի պատվիրակության ուշադրությանն է արժանացել։

 

«Գերմանացիները քանդակը գնել ու իրենց քաղաքներից մեկում տեղադրելու ցանկություն էին հայտնել, բայց մայրս չէր համաձայնել ու տեղի չէր տվել նրանց հորդորներին։ Ի սկզբանե ցանկացել է, որ այն հենց Երեւանում տեղադրվի»,- նրա ցանկությունն այսօր էլ իրականություն է։ Այնուամենայնիվ, 93-ամյա քանդակագործին առավել հաճելի կլիներ Երեւանին նվիրած քանդակը համապատասխան լուսավորությամբ ու միջավայրում տեսնելը։

 

«Վերադարձը»՝ ճիշտ տեղում, ի հակադրություն իրականության 

 

2003 թվականին Բաբայան փողոցում հայտնվեց «Վերադարձ» կոչվող քանդակը։ Այն ստեղծվել էր տեղադրումից մեկ տարի առաջ։ «39 քանդակագործներից 14-ն էին ընտրվել Երեւանում 2001 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված քանդակի մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթն ավարտվեց ու Հաղթանակի զբոսայգում լճի ափին մի մեծ քար մնաց։ Ես էլ հենց այդ քարից «Վերադարձը» քանդակեցի»,- պատմում է քանդակագործ Ալեքսան Բաբայանը:

«Վերադարձը» «Վերադարձը»

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա իր քանդակը հակադրել է իրականությանը այս կամ այն չափով բացասական երեւույթները մեղմելու նպատակով։

 

«Վերադարձ», քանի որ արտագաղթը Հայաստանում վաղուց է սկսվել եւ չի դադարում: Իսկ «Վերադարձը» խորհրդանշական է` դեգերող մայր առյուծը իր ձագուկի հետ պտտվել, թափառել եւ ի վերջո վերադարձել է: Իսկական առյուծին չեմ պատկերել: Սա առյուծի տիպար է, որին ավելի շատ հանդիպում ենք հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ: Քանդակն ընդհանրապես պետք է իր ճիշտ տեղը ունենա, որ կարողանա մարդկանց դաստիրակել, լիցքավորել, միջավայրը լրացնել եւ լցնել դինամիկայով: Կարծում եմ, այս քանդակը իր առջեւ դրված առաջադրանքը կատարել է ու գտել իր ճիշտ տեղը»,- ասում է Ալեքսան Բաբայանը:

 

Անուշ Պետրոսյան, Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի ու Երեւանդ Քոչարի թանգարանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին