Աղավաղված զինանշանը եւ հնարավոր «խմբագրումը» - Mediamax.am

exclusive
17504 դիտում

Աղավաղված զինանշանը եւ հնարավոր «խմբագրումը»


Լուսանկարը`


Կփոխվի՞ արդյոք ՀՀ զինանշանը, ու ի՞նչ փոփոխություններ են հարկավոր: Մի քանի տարի շարունակվող քննարկումների արդյունքում բանավիճային հարթակներից նախարարական աշխատասենյակ, այնտեղից էլ համապատասխան հանձնաժողովների սեղաններին փոխադրված եւ ապա հետ վերադարձած հարցի վերջնական լուծումը դեռ չի նշմարվում:

 

2015 թվականի փետրվարին մշակույթի նախարարը ՀՀ պետական խորհրդանիշների պատկերների ուսումնասիրման, ձեւավորման, տեխնիկական փոփոխությունների իրականացման նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրաման էր ստորագրել: Հանձնաժողովն ուսումնասիրել էր դրանց տեխնիկական եւ էլեկտրոնային տեսքն ու ներկայացրել առաջարկություններ:

 

Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ինչպես է աղավաղվում ՀՀ զինանշանը, որոնք են դրանում առկա հիմնական սխալները եւ ինչ փոփոխություններ են սպասվում:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Զինանշանում առկա սխալներն ու աղավաղումները

 

Հայկական պետական խորհրդանիշերի ու Կիլիկիայի Հայոց թագավորության պատմությանը վերաբերող աշխատությունների հեղինակ Սամվել Գրիգորյանի խոսքով՝ 2006թ. ընդունված «ՀՀ զինանշանի մասին» օրենքը շատ թերի է. նկարագրությունը հատուկ հերալդիկ լեզվով չէ:

 

«Կան ավելի կոպիտ սխալներ: Օրինակ, վահանի տարբեր մասերում գտնվող պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանների (իրականում դրանցից երեքը խորհրդանշաններ են) նկարագրությունը օրենքի տեքստում բացակայում է: Օրենքին կցված «ՀՀ զինանշանի պատկերը» հերալդիկայի տեսանկյունից չի համապատասխանում նկարագրությանը»:

 

Մյուս կոպիտ սխալը, ըստ Սամվել Գրիգորյանի, այն է, որ հերալդիկ նկարագրության մեջ պետք է առանձին նշվեն դաշտի, պատկերի, նրա առանձին մասերի գույները, մինչդեռ օրենքում դա չկա:

 

«Վահանի դաշտերը բառացիորեն «ներկված» են ՀՀ դրոշի գույներով: Բայց չէ՞ որ ամեն մի արքայական խորհրդանշան ուներ իր պատմական գույները: Այդ սխալի հետեւանքները, հատկապես հստակ են արտահայտվել կենտրոնական վահանակում, որտեղ աստվածաշնչյան լեռը, ջրհեղեղը եւ տապանը պատկերված են ոսկեգույն ֆոնի վրա, երբ այդ կոմպոզիցիայի բնական գույներն են լաջվարդն ու արծաթը»:

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւս 2006թ. հաստատված զինանշանում բազմաթիվ սխալներ է տեսնում:

 

«Կիլիկյան թագավորության Ռուբինյանների զինանշանը հիշեցնում է ռուսական հայտնի՝ «Կառլսոնը, որ ապրում է տանիքում» մուլտֆիլմի հերոսին: Արծիվներն անհասկանալի էակներ են: Արեւը, որը պետք է շողա, փակված է, կարծես մեր վրա խաչ քաշած լինեն: Երկգլխանի արծիվը մարմին ու ոտքեր չունի: Թուրը, որ ուժի նշանն է, թաքնված է սաղավարտի տակ, չգիտենք` սուր ծայր ունի, թե ոչ: Անգամ տարբերակներ կան, որտեղ սաղավարտը դրված է կոտրված թրի վրա»,- ասում է Կարեն Աղամյանը:

 

ՀՀ զինանշանում անհրաժեշտ ուղղումները

 

Սամվել Գրիգորյանի խոսքով՝ պետական զինանշանն ու դրոշը պետք է համապատասխանեն երեք հիմնական պահանջների:

 

Առաջինը՝ պատմականությունն է. Հայաստանի խորհրդանիշները պետք է ստեղծվեն մեր պետական խորհրդանիշների պատմական ժառանգության հիման վրա՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ավանդույթները:

 

Երկրորդ՝ դրանք պետք է արտահայտեն հայկական պետականության գաղափարը, այլ ոչ թե ազգային:

 

Երրորդ չափանիշը պետական խորհրդանիշների կատարման որակն է: ՀՀ զինանշանն ու դրոշը պետք է ստեղծվեն հերալդիկայի (զինանշանագիտություն) ու վեքսիլոլոգիայի (դրոշների մասին գիտություն) կանոնների պահպանմամբ:

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ՀՀ զինանշանի կատարյալ տարբերակ չունի, բայց մոտ 100 վերամշակումներ է արել:

 

«Կան տարբերակներ, որտեղ զինանշանի վրայի ժապավենն անդեմ չէ, դրա վրա ինչ-որ բան է գրված, քանի որ առհասարակ այդ ժապավենն ինչ-որ ասելիք պետք է ունենա, եթե ասելիքը չկա, դա ավելորդ ծանրաբեռնում է: Հերալդիկայի օրենքներով՝ առյուծի եւ արծվի բերանները պետք է բաց լինեն, եւ լեզուն պետք է երեւա: Դա միջնադարից եկած օրենք է: Իմ վերամշակումներում ես պահպանել եմ այդ կանոնները՝ երկգլխանի արծիվն ունի իր բնորոշ գծերը, շղթան կտրված է՝ ի տարբերություն առկա զինանշանի, որում թուրը շղթայակապ է»,- նշում է նա:

 

Կարեն Աղամյանը շարունակում է ուսումնասիրությունները եւ աշխատանքները, բայց վերջնական տարբերակ անելու համար պետականորեն հանձնարարություն չի ստացել. «Այժմ գնդակը պետության դաշտում է, պետք է որոշի, կարող է եւ ոչինչ չարվի»:

 

ՀՀ զինանշանը չի փոխվում, խմբագրվում է

 

Զինանշանի փոփոխության նախաձեռնողներից «Մենք» ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը շեշտում է, որ ՀՀ զինանշանը չի փոխվելու, պարզապես գաղափարաբովանդակային խմբագրում կլինի, դիզայներական, նկարչական շտկումներ կարվեն:       

 

2012թ. Ստանդարտների ազգային ինստիտուտը սահմանեց դրոշի եւ զինանշանի ազգային ստանդարտը: Ինչպես նշում է Պավել Սարգսյանը, մինչ այդ պետական կառույցներում զինանշան 5-6 տարբերակ էր կիրառվում, որոնք չէինք համապատասխանում օրենքին կից հավելվածին:

 

«25 պետական կայքերից կարողացանք հանել սխալ զինանշանը: Այս աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, որ զինանշանի վրա հերալդիկ եւ գաղափարական բազմաթիվ սխալներ կան: Հիմնադրամի շրջանակներում ՀՀ խորհրդանիշերի ուսումնասիրության մասնագիտական խումբ ստեղծվեց, որը գործում է մինչ օրս»,- ասում է Պավել Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ այս պահին գաղափարաբովանդակային վերլուծություններ են կատարվում. «Թյուր կարծիք կա, որ դիզայներական կամ նկարչական աշխատանքներ են իրականացվում: Էսքիզներ ներկայացվել են նկարիչների կողմից, բայց դրանք զուտ նկարչական մոտեցումներ են: Գաղափարական մասը հստակեցնելուց հետո արդեն կհասկանանք, թե ինչ է պահանջվում նկարիչներից: Մեկ-երկու ամսվա գործ չէ, հնարավոր է տարիներ պահանջվեն»:

 

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով ժամանակին ՀՀ զինանշանի իր տարբերակն է ունեցել եւ ներկայացրել է, կարծում է, որ այժմ նման փոփոխության ժամանակը չէ. «Զինանշանի փոփոխությունը բավականաչափ ծախսերի հետ է կապված: Չեմ մասնակցելու, թեպետ եթե կարիք լինի, իմ առաջարկությունները կտամ»:

 

Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամ, մշակութաբան, նշանագիտության մասնագետ Գագիկ Մանասյանի բնորոշմամբ՝ զինանշանը պետության անձնագիրն է եւ պետք է արտահայտի պետության քաղաքական դոկտրինը.«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արարատը նոր զինանշանում ավելի ընդգծված լինի»:

 

Նա ասում է, որ Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովը իր ուսումնասիրություններից հետո ապացուցել եւ զինանշանագիտոթյան օրենքներով գիտականորեն հիմնավորել է, թե ինչ սխալներ կան զինանշանում եւ ինչ ճշտումներ են հարկավոր:

 

«Ներկայացրել ենք գերբի սխալների մեկնաբանությունները: Այդ առաջարկները փորձագիտական, ակադեմիական փուլ պետք է անցնեն, հետո միայն փաստաթուղթ դառնան: Մինչեւ տարվա վերջ, կարծում եմ, խնդիրը լուծում կստանա, որից հետո արդեն կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որոշում ընդունի՝ ցանկություն ունի՞ այդ ուղղումներն անելու, կա՞ն համապատասխան ֆինանսական միջոցներ, թե՝ ոչ: Ամբողջ պետությունը պետք է մասնակցի այդ աշխատանքների»,- նշում է նա:

 

Գագիկ Մանասյանը չի կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, քանի որ նաեւ ֆինանսական հարցեր կառաջանան. զինանշանը պետք է փոխվի անձնագրերում, պետական բլանկներում եւ այլն:

 

Նրա կարծիքով՝ փոփոխությունը կարելի է ժամանակի ընթացքում անել, 5-6 տարում ուղղված զինանշանը կիրառության մտցնել, եւ այդ դեպքում ոչ մի լրացուցիչ ծախսի մասին խոսք գնալ չի կարող:

 

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ Հայկական պետական խորհրդանիշերի ու Կիլիկիայի Հայոց թագավորության պատմությանը վերաբերող աշխատությունների հեղինակ Սամվել Գրիգորյանի, կախված է նրանից, թե ով է անելու. «Եթե ոչ կոմպետենտ մարդիկ են անելու, ապա ավելի լավ է ձեռք չտալ, քանի որ ամեն ինչ ավելի կվատանա: Իսկ եթե ստեղծվելու է մասնագիտական խումբ, ապա ես ձեր հարցին կպատասխանեմ «այո»: Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան: Երկու թեմա կա, որից բոլորը լավ հասկանում են: Դրանք են՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ եւ ինչպիսին պետք է լինեն դրոշն ու զինանշանը: Պետք է գիտակցել, որ որակյալ պետական զինանշանի ստեղծումը չի հանդուրժում դիլետանտություն ու անձնական հավակնություններ»:

 

Նրա խոսքով՝ պարբերաբար ի հայտ են գալիս մարդիկ կամ խմբեր, որոնք, չլինելով հերալդիկայի կամ հայկական պետական խորհրդանիշների մասնագետներ, փորձեր են անում առաջարկելու իրենց սեփական նախագծերը:

 

«Այդ գործի հիմքում ընկած է պետական խորհրդանիշների պատմության մանրակրկիտ գիտական ուսումնասիրությունը: Բնականաբար, դա պետք է իրականացնեն տարբեր պատմական առարկաների մասնագետներ, այդ թվում՝ հերալդիկայի, սիմվոլիկայի ու էմբլեմատիկայի: Այնուհետեւ տվյալ ուսումնասիրության հիման վրա ստեղծվում են պետական զինանշանի նախագծերը: Ընդ որում, դրանք ստեղծվում են ոչ թե նկարի (պատկերի) տեսքով, այլ հերալդիկ լեզվով կազմված նկարագրության: Միայն այդ փուլում է գործին միանում հերալդիկայի եւ պետական խորհրդանիշների պատմության մասնագետ նկարիչը»,- ասում է Սամվել Գրիգորյանը:

 

Մարի Թարյան, Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին