Ալմա-Աթայի հռչակագիրը եւ Տեր-Պետրոսյանի խոսքերը ինքնավարությունների մասին - Mediamax.am

exclusive
25651 դիտում

Ալմա-Աթայի հռչակագիրը եւ Տեր-Պետրոսյանի խոսքերը ինքնավարությունների մասին


ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո
ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո

Լուսանկարը` Sputnik-ի արխիվից

Լուսանկարը` Sputnik-ի արխիվից

ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո
ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո

Լուսանկարը` Sputnik-ի արխիվից


1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։

 

Այս փաստաթղթի մասին հիշեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր.

 

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

 

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.

 

«ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշնակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ պարոն Միշելի կողմից՝ առանց որեւէ վերապահումների, եւ դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին։ Ուստի, երբ այս պայմանավորվածությունը ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»:

 

Արխիվներում գտանք հարցազրույց, որը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել էր «Զերկալո» շաբաթաթերթի հատուկ թղթակից Գուրգեն Խաժակյանին՝ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո։

 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ալմա-Աթայի համաձայնագրերով նախատեսվում ԱՊՀ անդամների ստանձնած պարտավորությունների կատարումը վերահսկելու մեխանիզմներ, ինչպես նաեւ պատժամիջոցներ՝ դրանց չկատարման համար, Տեր-Պետրոսյանն ասել էր.

 

«Ի սկզբանե համաձայնագիրը ստորագրվել էր երեք պետությունների կողմից Բելառուսում։ Ալմա-Աթայում այլ հանրապետություններ, ըստ էության, միացել են այդ համաձայնագրին։ Նոր փաստաթուղթ փաստացի չի ստեղծվել։ Դա ընդհանուր բնույթի քաղաքական հռչակագիր է, որում մանրամասներ, բնականաբար, չկան ու չեն կարող լինել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր այն կետերը, որոնց մասին դուք խոսում եք, անպայման արտացոլվելու են ԱՊՀ Կանոնադրության մեջ»։

Լուսանկարը` Sputnik-ի արխիվից

Այնուհետեւ, Հայաստանի նախագահը պատմում է, որ Ալմա-Աթայում քննարկվել են Մոլդովայում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրները։

 

«Այս փուլում ԱՊՀ մասին Համաձայնագիրը ստորագրած կողմերը սահմանափակվեցին նրանով, որ լսեցին Ադրբեջանի եւ Մոլդովայի ղեկավարների հավաստիացումները ուժային քաղաքականությունից հրաժարվելու եւ բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին։ Չգիտեմ, թե որքանով կարելի է հավատալ նման հավաստիացումներին, որոնք մենք լսում ենք արդեն չորրորդ տարին, բայց կարծում եմ, որ հենց այն փաստը, որ այս հարցը բարձրացվեց, պետք է սթափեցնի վերը նշված պետությունների ղեկավարներին»,- նշել էր Տեր-Պետրոսյանը։

 

Մեկնաբանելով ԱՊՀ երկրների ղեկավարների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիմումին՝ իրեն Համագործակցություն ընդունելու խնդրանքով, ՀՀ  նախագահն ասել էր.

 

«Ռուսաստանի նախագահ Ելցինն տեղեկացրել էր, որ ԱՊՀ ընդունվելու դիմումներ կան նախկին մի շարք ինքնավարություններից, մասնավորապես՝ Գագաուզիայից եւ Լեռնային Ղարաբաղից։ Նա հատուկ ընդգծեց, որ ապագայում, ըստ ամենայնի, հարկ կլինի դիտարկել այս հարցը։ Չեմ կարծում, որ դրանք պատահական ասված խոսքեր էին, քանի որ ինքնավարությունների կարգավիճակն այսպես թե այնպես պետք է ամրագրվի Համագործակցության փաստաթղթերում։ Ի վերջո, եթե ոչ այսօր, ապա վաղը նմանատիպ հարցեր անխուսափելիորեն կծագեն այլ ինքնավարությունների հետ կապված»։

ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարները՝Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո

Լուսանկարը` Sputnik-ի արխիվից

Պատասխանելով «Ի՞նչ եք մտածում ռուսաստանյան ինքնավարությունների մասին» ճշտող հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր.

 

«Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ավելին մենք չենք էլ ցանկանում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին