Նոր վկայություն Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրելի 1993-ի հունվարի զրույցի մասին - Mediamax.am

exclusive
21442 դիտում

Նոր վկայություն Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրելի 1993-ի հունվարի զրույցի մասին


Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սուլեյման Դեմիրելը եւ Հեյդար Ալիեւը Ստամբուլում 1997 թվականին
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սուլեյման Դեմիրելը եւ Հեյդար Ալիեւը Ստամբուլում 1997 թվականին

Լուսանկարը` REUTERS

Էդուարդ Շեւարդնաձեն
Էդուարդ Շեւարդնաձեն

Գաղտնազերծված փաստաթղթերը լույս են սփռում անցյալի իրադարձությունների վրա եւ օգնում են վերականգնել պատմական համատեքստը, որում քննարկվել են կարեւոր քաղաքական հարցերը: «Հատուկ թղթապանակ» խորագրում ներկայացնում ենք եւս մեկ փաստաթուղթ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի թվային գրադարանից:

 

1993 թվականի հունվարին Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Թոմաս Փրայսը հեռագիր է ուղարկում Վաշինգթոն, որում պատմում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մասին: Տեր-Պետրոսյանը ամերիկացի դիվանագետին է ներկայացնում հունվարի 24-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ իր հեռախոսազրույցը:

 

«Նրանք մի փոքր հիմար են»

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Թոմաս Փրայսի հանդիպումը տեղի է ունենում հունվարի 26-ի երեկոյան՝ վերջինիս խնդրանքով:

 

Հեռագրում մի զավեշտալի դրվագ է ներկայացվում. նախագահի անվտանգության ծառայության  աշխատակիցները սկզբում հրաժարվում էին Փրայսին ներս թողնել: Ներողություն խնդրելով միջադեպի համար՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանն ասում է. «նրանք մի փոքր հիմար են»:

 

Դիվանագետը նշում է, որ երբ նա մտավ Տեր-Պետրոսյանի մոտ, նախագահը կարդում էր Ալան Բլինդերի Hard Heads, Soft Hearts: Tough-minded Economics For A Just Society («Պինդ գլուխներ, փափուկ սրտեր. կոշտ մտածելակերպով տնտեսություն՝ հանուն արդար հասարակության») գիրքը: «Սա իսկապես պարտադիր ընթերցանություն է մի երկրի ղեկավարի համար, որը գտնվում է տնտեսական անդունդի եզրին», - նկատում է Փրայսը:

 

Ցորեն եւ էլեկտրականություն

 

Պատմելով Դեմիրելի հետ իր հեռախոսազրույցի մասին, Տեր-Պետրոսյանն ասում է, որ Թուրքիայի վարչապետը խոստացել է վերականգնել ցորենի մատակարարումները, ինչպես նաեւ անել հնարավորը Հայաստան էլեկտրականություն փոխադրելու համար:

 

Դեմիրելն ասել էր, որ ցորենի մատակարարումները դադարեցվել էին տեխնիկական պատճառներով (Հայաստանի կողմից վճարման ուշացում) եւ քանի որ խնդիրները կարգավորվել են, գործընթացը կարող է վերականգնվել: Ինչ վերաբերում է էլեկտրականության խնդրին, Թուրքիայի վարչապետն ասել էր, որ անձնական վերահսկողության տակ կվերցնի Բուլղարիայում արտադրված 200 մեգավատ էլեկտրաէներգիան թուրքական բաշխիչ ցանցերի միջոցով տեղափոխելու հարցը՝ «փորձելով օգնել Հայաստանին»:

 

«Ավելի ուշադիր հետեւեք ձեր ԱԳՆ-ին»

 

Հայաստանի նախագահը տեղեկացնում է, որ Դեմիրելի հետ քննարկել է Ստոքհոլմում եւ Մոսկվայում կայացած հնգակողմ բանակցությունների վերջին երկու փուլերը, որոնց ընթացքում, Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, թուրքական կողմը համագործակցային ոգով հանդես չի եկել:

 

Տեր-Պետրոսյանն ասել է Դեմիրելին, որ զարմացած է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) հանդիպման ժամանակ Թուրքիայի պատվիրակության վարքից: Հայաստանի նախագահն ավելացրել է, որ Դեմիրելին առաջարկել է «ավելի ուշադիր հետեւել իր արտաքին գործերի նախարարությանը»:

 

Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նկատել է, որ իրեն զարմացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Բալկանների եւ Կովկասի հետ երկրների կապերի պատասխանատու Օմեր Էրսունի պահվածքը, որը, նրա խոսքով, նախկինում ավելի կառուցողական դերակատարություն ուներ բանակցություններում: Հայաստանի նախագահը նաեւ ափսոսանք է հայտնում, որ բանակցություններում ներգրավված չէր Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Օզդեմ Սանբերկը:

 

Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է Փրայսին, որ հեռախոսազրույցից հետո նամակ է գրել Դեմիրելին, որտեղ անդրադարձել է քննարկված հարցերին: Նախագահն ասում է, որ այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար որոշել է Թուրքիա գործուղել Ժիրայր Լիպարիտյանին եւ Դավիթ Շահնազարյանին, որոնք պետք է Անկարա մեկնեն հունվարի 28-ին եւ Դեմիրելին հանդիպեն հունվարի 30-ին կամ 31-ին:

 

Հանդիպման ավարտին Տեր-Պետրոսյանն ասում է Փրայսին, որ Հայաստանի կառավարությունը մշտապես տեղեկացնում է մամուլին Թուրքիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին՝ «ստիպելով մարդկանց հաղթահարել հոգեբանական խնդիրները» եւ սովորել Թուրքիայի հետ բարձր մակարդակով ավելի հաճախակի շփումներին: Հայաստանի նախագահը նշում է, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպիսի արձագանքների է արժանացել իր զրույցը Դեմիրելի հետ թուրքական մամուլում:

 

Pod diktovku

 

1993 թվականի հունվարի 29-ին Վաշինգթոն ուղարկած հեռագրում Թոմաս Փրայսը հետաքրքիր դրվագ է ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանի հետ հանդիպումից:

 

Նշելով, որ առաջիկայում Բաքվում կայանալու է Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Էդուարդ Շեւարդնաձեի հանդիպումը, Շահեն Կարամանուկյանը նախ ասում է, որ Վրաստանը «շատ սերտորեն կապված է» Ադրբեջանի հետ, իսկ հետո ավելացնում է, որ Թբիլիսին «ամբողջությամբ Բաքվի ազդեցության տակ է»:

Էդուարդ Շեւարդնաձեն Էդուարդ Շեւարդնաձեն

 

Հեռագրում Փրայսն այսպես է մեջբերում է Կարամանուկյանի վերջին խոսքերը՝ pod diktovku: Կարելի է ենթադրել, որ նրանք ռուսերեն են խոսել: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նկատում է, որ Վրաստանի հասցեին նման արտահայտությունները պայմանավորված են Հայաստանի կառավարության այն համոզմամբ, որ Վրաստանը հատուկ ձգձգել էր 40 վագոն նավթամթերքի տեղափոխումը Հայաստան:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին