ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծած արխիվային փաստաթղթերում հիշատակումներ կան Սովետական Հայաստանի տարածքում ատոմային ռումբի ստեղծման գործարանի մասին, որոնք լայնորեն տարածվեցին լրատվամիջոցների կողմից:
Խոսքը, մասնավորապես, այս փաստաթղթի մասին է, որն իրականում բուն ԿՀՎ-ի փաստաթուղթ չէ, այլ տեղեկանք՝ պատրաստված Շվեդիայում լույս տեսնող պարբերականի հրապարակման հիման վրա: Ավելին, փաստաթղթի վրա հստակ երևում է This is unevaluated information մակագրությունը, որը թարգմանաբար նշանակում է, որ տեղեկատվությունը չի ստուգվել եւ գնահատվել:
Մեդիամաքսը ուսումնասիրել է եւս մի քանի փաստաթուղթ ԿՀՎ գաղտնազերծած արխիվից, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկյան հետախուզությունն անտարբեր չէր 1944թ.-ին հիմնադրված Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) հանդեպ: Հետաքրքրության հավանական շարժառիթներից մեկն այն էր, որ ինստիտուտի հիմնադիրներից մեկը`Աբրահամ Ալիխանովը Իգոր Կուրչատովի հետ մասնակցել էր ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին:
1951թ.-ի նոյեմբերի 21-ով թվագրված փաստաթղթում նշվում է, որ Երեւանի մերձակայքում ատոմային հետազոտությունների ինստիտուտ է տեղակայված: Բացի կոնկրետ կորդինատներից, հայտնում են, որ այն ստեղծվել է երկու հայ եղբայրների կողմից:
Լուսանկարը` CIA
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) փոխտնօրեն Սարգիս Թարոյանի համոզմամբ, լաբորատորիան ատոմային ռումբի ստեղծման հետ առնչություն չի ունեցել:
«Այդ ժամանակ առասպելներ էին տարածվում Ֆիզիկայի ինստիտուտի մասին, ասում էին` ինստիտուտն այնպիսի սարքավորում է ստեղծել, որը հեռվից կանգնեցնում է մեքենաների ընթացքը: Սեւանա լճում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները եւս առասպելների ժանրից է: Սեւանի հատակին երբեւէ գիտական սարքավորում չի տեղադրվել, չնայած կոսմիկական ճառագայթների դիտակներ ստեղծելու ծրագրեր կային»,- Մեդիամաքսին ասել է Սարգիս Թարոյանը:
Ինչ վերաբերում է Սեւանում ատոմային ռումբ ստեղծելու հավանականությանը, ինչի մասին հիշատակվում է ԿՀՎ փաստաթղթում, ապա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրենը դա հնարավոր չի համարում: «Սեւանը, իհարկե, կարող էր օգտագործվել որպես բնական միջավայր, որի ջրային պատնեշը պաշտպանում է ռադիոակտիվ ճառագայթներից: Բայց Հայաստանի տարածքում ընդհանրապես չեն զբաղվել միջուկային ռումբի ստեղծման աշխատանքներով», - Մեդիամաքսին պատմել է Սարգիս Թարոյանը:
ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցների աչքից չեն վրիպել նաեւ Աբրահամ Ալիխանովի` Հայաստանում արած ուսումնասիրությունները տիեզերական ճառագայթների ոլորտում: Մինչեւ 1960-ականները Ալիխանով եւ Ալիխանյան եղբայրներն ուսումնասիրություններ են արել Արագած սարի վրա իրենց հիմնադրած տիեզերական Ճառագայթների կայաններում, որտեղ բացառապես ճառագայթների հատկությունների հետազոտմամբ են զբաղված եղել:
Այս ուսումնասիրությունների վերաբերյալ 1948թ.-ի հուլիսի 9-ով
թվագրված փաստաթղթում նշվում է
«Վարիտրոններ (տատանում) կոչված նոր ներատոմային մասնիկների բացահայտումը տիեզերական ճառագայթներում նշանակալի ձեռքբերում է Խորհրդային միջուկային հետազոտությունների բնագավառում: Բացահայտումն արվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունների ժամանակ, Խորհրդային Հայաստանում տեղակայված լաբորատորիայում, հայ երկու միջուկային ֆիզիկոսների կողմից: Հավատացած ենք, որ այդ երկու հայ ֆիզիկոսները Ալիխանովը եւ Ալիխանյանն են»:
Լուսանկարը` CIA
Ինչ վերաբերում է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի շուրջ միջազգային համայնքի հետաքրքրությանը, ապա, փոխտնօրենի խոսքով, այն հատկապես մեծացել է, երբ 1967թ.-ին ստեղծվել մասնիկների առաջին արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»), որն իր մեծությամբ երկրորդն էր աշխարհում:
«Մեր աշխատանքների թե որակը, թե քանակը բավական մեծ էր, Երեւանը դարձավ տարրական մասնիկների եւ միջուկային ֆիզիկայի հետազոտությունների` աշխարհի խոշոր կենտրոններից մեկը: Սա ավելի բարձրացրեց հետաքրքրությունը միջազգային հանրության մոտ, նույնիսկ Նոբելյան մրցանակակիրներ էին այցելում, Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ բազմաթիվ միջազգային գիտաժողովներ էին անցկացվում»,- ասել է Սարգիս Թարոյանը:
Արագացուցչի շահագործումից հետո ինստիտուտը միջազգային հանրության մոտ առանձնապես հայտնի դարձավ անցումային ճառագայթման նոր տիպի դետեկտորների ստեղծմամբ, որոնք նոր հնարավորություններ էին բացում աշխարհի մյուս գիտական կենտրոնների փորձարարների համար: Ալիխանյանի հետազոտություններն արդյունք տվեցին 1970-ականների վերջին եւ այդ դետեկտորներն աշխարհում լայն տարածում գտան:
ԱՄՆ ԿՀՎ-ի արխիվային թղթերում Ալիխանովի անունը տասնյակ անգամ հիշատակվում է: Ամերիկյան հետախույզների ուշադրության կենտրոնում էին նաեւ նրա տպագրած հոդվածները:
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: