«Ի՞նչ է Դավութօղլուի անունը»՝ Քլինթոնի նամակների հետքերով - Mediamax.am

exclusive
30249 դիտում

«Ի՞նչ է Դավութօղլուի անունը»՝ Քլինթոնի նամակների հետքերով


Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Աբու Դաբիում 2011 թ. հունիսի 9-ին
Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Աբու Դաբիում 2011 թ. հունիսի 9-ին

Լուսանկարը` REUTERS

Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում 2012 թ. հունիսի 7-ին
Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում 2012 թ. հունիսի 7-ին

Լուսանկարը` REUTERS

Հիլարի Քլինթոնը եւ Հումա Աբեդինը Այովայում 2015թ. նոյեմբերի 14-ին
Հիլարի Քլինթոնը եւ Հումա Աբեդինը Այովայում 2015թ. նոյեմբերի 14-ին

Լուսանկարը` REUTERS

Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Թբիլիսիում 2010թ. փետրվարի 5-ին
Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Թբիլիսիում 2010թ. փետրվարի 5-ին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալվանդյանը եւ Հիլարի Քլինթոնը Երեւանում 2012թ. հունիսի 4-ին
Էդվարդ Նալվանդյանը եւ Հիլարի Քլինթոնը Երեւանում 2012թ. հունիսի 4-ին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալվանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին
Էդվարդ Նալվանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS


2016թ. մարտին Վիքիլիքսը գործարկեց ԱՄՆ նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային նամակների որոնման համակարգը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ համակարգում հասանելի են 30,322 նամակներ ու հավելվածներ, որոնք ուղարկվել են կամ ստացվել են Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստին 2010-2014թթ.՝ ԱՄՆ պետքարտուղարի նրա պաշտոնավարման տարիներին:

 

Մեդիամաքս-ը ուսումնասիրել է Հայաստանին վերաբերող նամակագրությունը, որի մեծ մասը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, եւ ներկայացնում է ամենաուշագրավ հատվածները: 

 

***

 

2009թ.-ի օգոստոսի 30-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման օրվա նախաշեմին, TURKEY-ARMENIA TEXT FOR DAVUTOGLU CALL վերտառությամբ բավականին երկար նամակագրություն է տեղի ունենում պետքարտուղարի, նրա օգնական եւ Պետքարտուղարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հումա Աբեդինի ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի միջեւ: Նամակներից պարզ է դառնում, որ Քլինթոնը պետք է շտապ հեռախոսազրույց ունենա Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

 

Ֆիլիպ Գորդոնը՝ Հումա Աբեդինին. «Ինչ վերաբերում է Դավութօղլուի հետ խոսակցությանը, այստեղ տեքստի կրկնօրինակն է, որը թուրքերը (Դավութօղլուն) համաձայնել են հրապարակել վաղը, եթե հայերը համաձայն են: Իսկ վերջիններս համաձայն կլինեն միայն այն պարագայում, եթե Թուրքիան համաձայնվի փաստաթղթերի ստորագրմանը մինչեւ հոկտեմբերի 14-ը»:

 

Հումա Աբեդինը՝ Ֆիլիպ Գորդոնին. «Ֆիլ, ՀՌՔ-ն (Հիլարի Ռոդհամ Քլինթոն - Մեդիամաքս) հարցնում է, հնարավո՞ր է, որ նա վաղը առավոտ շուտ զանգի (Դավութօղլուին - Մեդիամաքս)»:

 

Ֆիլիպ Գորդոնը՝ Հումա Աբեդինին. «Խնդիրն այն է, որ մեզ անհրաժեշտ է, որ հայտարարությունը հրապարակվի վաղը (օգոստոսի 31-ին), քանի որ այդ դեպքում «6 շաբաթվա ժամկետը» կլրանա հոկտեմբերի 12-ին՝ մինչեւ ֆուտբոլային հանդիպումը: Նույնիսկ աշխարհներից լավագույնում դա կառաջացնի լրացուցիչ բարդություններ ու բանակցություններ այլ կողմի հետ առաջիկա 24 ժամվա ընթացքում, այնպես որ ես մտավախություն ունեմ, որ եթե նա չզանգահարի վաղը մինչեւ կեսօր (Թուրքիայի/Հայաստանի ժամանակով), մենք չենք հասցնի դա անել: Եթե նա որեւէ կերպ չի կարող դա անել այսօր, թող հանձնարարի Ջիմին (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգ - Մեդիամաքս) անել դա»:

Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Թբիլիսիում 2010թ. փետրվարի 5-ին Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Թբիլիսիում 2010թ. փետրվարի 5-ին

Լուսանկարը` REUTERS

Այս նամակին հաջորդում է Հումա Աբեդինի համապատասխան նամակը Հիլարի Քլինթոնին, որում նա փոխանցում է Ֆիլիպ Գորդոնի մտահոգությունը եւ հարցնում՝ արդյո՞ք պետքարտուղարը կարող է այսօր զանգահարել թուրք արտգործնախարարին, ինչին Քլինտոնը դրական պատասխան է տալիս՝ կարգադրելով «հնարավորինս շուտ մեզ միացնել»:

 

Միաժամանակ շարունակվում է նամակագրությունը Ֆիլիպ Գորդոնի ու Հումա Աբեդինի միջեւ, որի ընթացքում Գորդոնը, մասնավորապես, հայտնում է.

 

Ֆիլիպ Գորդոն. «Մենք հաղորդագրություն ուղարկեցինք, որ ցանկանում ենք զանգահարել Դավուին (Դավութօղլուն - Մեդիամաքս), ով առայժմ, եթե չեմ սխալվում, Սլովենիայում է, բայց պետք է հասանելի լինի: Կարծում եմ, մեկ-երկու բառ փոփոխելուց հետո մենք ունենք տեքստի շուրջ համաձայնություն, եւ Դավուն կիմանա, որ հիմնական հարցը համաձայնագրի ստորագրման եւ խորհրդարաններ ուղարկելու հետ կապված ժամկետներն են: Մենք ասել ենք թուրքերին, որ դա «պետք է լինի» հոկտեմբերի սկզբին: Նրանք կսակարկեն, բայց եթե վերջնական համաձայնվեն ամսաթվի վերաբերյալ, դա հավանաբար կլինի հոկտեմբերի 12-ը: Շատ ավելի դժվար կլինի դա «վաճառել» մյուս կողմին, բայց մեր նվազագույն անհրաժեշտությունը ամսաթիվ համաձայնեցնելն է գոնե նրանց հետ»:

 

Ուշագրավ է դրան հաջորդած Քլինտոնի եւ նրա օգնականի միջեւ նամակագրությունը:

 

Հիլարի Քլինթոն. Կա՞ ժամանակ այս զանգի համար:

 

Հումա Աբեդին. Նա կարող է զրուցել 1:30: Նա Սլովենիայում է:

 

Հիլարի Քլինթոն. Որո՞նք են զրույցի հստակ կետերը:

 

Հումա Աբեդին. Ես թողել եմ Ձեզ զրույցի կետեր պարունակող հուշաթերթիկը խոհանոցի սեղանի վրա: Ձեզ պե՞տք է այլ օրինակ:

 

Հիլարի Քլինթոն. Ոչ, պարզապես ցանկանում էի համոզվել, որ դա վերջնական տարբերակն է: 

 

Հիլարի Քլինթոն. Ի՞նչ է արտգործնախարարի անունը:

 

Հումա Աբեդին. Ահմեթ:

 

Հիլարի Քլինթոն. Համոզվի, որ Ֆիլը եւ մնացածը կստանան զրույցի հուշաթերթիկը:

Հիլարի Քլինթոնը եւ Հումա Աբեդինը Այովայում 2015թ. նոյեմբերի 14-ին Հիլարի Քլինթոնը եւ Հումա Աբեդինը Այովայում 2015թ. նոյեմբերի 14-ին

Լուսանկարը` REUTERS

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Հումա Աբեդինն այդ օրվա գլխավոր անելիքների վերաբերյալ հուշաթերթիկ է ուղարկում Քլինթոնին, որում առաջինը նշված է «զանգ կատարել Ալիեւին»: Հումա Աբեդինը հիշեցնում է, որ Ֆիլիպ Գորդոնն ավելի վաղ քննարկել է Քլինթոնի հետ այդ հարցը, եւ ենթադրվում է կոչ անել Ալիեւին չտապալել հայ-թուրքական բանակցությունները: «Նրանք մեզանից 9 ժամ առաջ են: Կարո՞ղ ենք դա շուտ անել», - գրում է օգնականը եւ պատասխան է ստանում, որ Քլինթոնը դա կանի հենց ձեռքի տակ ունենա համապատասխան հուշաթերթիկը: Մեկ ժամ անց Քլինթոնից նամակ է գալիս՝ «մենք զրուցեցինք Ալիեւի հետ», սակայն որեւէ այլ մանրամասներ չեն նշվում:

Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում 2012 թ. հունիսի 7-ին Հիլարի Քլինթոնը եւ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում 2012 թ. հունիսի 7-ին

Լուսանկարը` REUTERS

Հաջորդ նամակագրությունը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի է ունենում 2009թ. սեպտեմբերի 17-ին, երբ Ֆիլիպ Գորդոնը NALBANDIAN STATEMENTS/S CALLS վերտառությամբ նամակ է ուղարկում պետքարտուղարի տեղակալներ Ջեյմս Սթայնբերգին ու Ուիլիամ Բըրնսին, Հումա Աբեդինին եւ Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու քաղաքականության ծրագրավորման ղեկավար Ջեք Սալիվանին: Նամակում ամբողջությամբ մեջբերվում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական կարգավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման պայմանավորման անընդունելիության վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ավելի վաղ արած մեկնաբանությունն առ այն, որ «մինչեւ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը Թուրքիայի կողմից սահմանի բացումը հնարավոր չէ»: Գորդոնը խորհուրդ է տալիս, որ Քլինթոնը կապվի հայկական կողմի հետ: Մի փոքր անց Քլինթոնի ու Աբեդինի միջեւ նամակագրությունից պարզ է դառնում, որ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ:

 

Հոկտեմբերի 10-ի՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման օրվա դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ նամակներ չկան: Հասանելի են միայն մամուլում տարածված պաշտոնական տեղեկությունը, որ արձանագրությունների ստորագրման արարողությունը վերջին պահին հետաձգվեց՝ կողմերի հայտարարությունների տեքստերում պարունակվող ձեւակերպումների շուրջ ծագած տարաձայնությունների հետեւանքով:

Էդվարդ Նալվանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին Էդվարդ Նալվանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS

Ցյուրիխյան արարողությունից հետո Հիլարի Քլինթոնը երկու շնորհավորական նամակներ է ստացել՝ երկար տարիների մտերիմ Սիդնի Բլյումենթալից եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Ստրոբ Թելբոթից:

 

2010թ. հունվարի 22-ին Ֆիլիպ Գորդոնը նամակ է ուղարկում պետքարտուղարության իր գործընկերներին, որում մեջբերվում են հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի տարեկան ասուլիսի ընթացքում հնչեցրած գնահատականները, մասնավորապես առ այն, որ «Հայաստանի ՍԴ որոշումը որեւէ նախապայմաններ չի պարունակում ու չի հակասում արձանագրությունների հիմնարար դրույթներին»: Նամակում Ֆիլիպ Գորդոնը նշում է, որ պետքարտուղարը պետք է ծանոթանա այս հայտարարության հետ մինչեւ Դավութօղլուի հետ նախատեսված հեռախոսազրույցը: Նույն օրը Քլինտոնը գրում է Գորդոնին, որ ցանկանում է տեղեկացնել նրան կայացած հեռախոսազրույցի մանրամասների մասին եւ քննարկել ամերիկյան ռազմավարությունը:

Էդվարդ Նալվանդյանը եւ Հիլարի Քլինթոնը Երեւանում 2012թ. հունիսի 4-ին Էդվարդ Նալվանդյանը եւ Հիլարի Քլինթոնը Երեւանում 2012թ. հունիսի 4-ին

Լուսանկարը` REUTERS

Պետքարտուղարության նամակագրությունից նաեւ պարզ է դառնում, որ այնտեղ ուշադրությամբ հետեւում էին Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւի ներկայացման ու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա ընդունման գործընթացին: Նամակները վկայում են, որ պետքարտուղարը պետք է զանգ կատարեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ այլոց՝ հանձնաժողովում բանաձեւի քննարկումներից առաջ:

 

Ապրիլի 22-ին Քլինթոնը իր օգնականից Reuters գործակալության հաղորդագրության մեջբերմամբ նամակ է ստացել, որ «Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացրել ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը»:

 

Նամակները նաեւ վկայում են, որ Քլինթոնը պարբերաբար տեղեկացվում էր Հայոց ցեղասպանության տարբեր բանաձեւերի ընդունման մասին, մասնավորապես, 2011թ. դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին