Երեւան: Մեդիամաքս: Զորյան ինստիտուտը տեղեկացրել է, որ լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության արխիվի վավերագրերը, 1915-1916 թթ.» գրքի անգլերեն հրատարակությունը:
Գրքի հեղինակը գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստն է:
Գիրքը պարունակում է Օսմանյան կայսրությունում դիվանագիտական ծառայություն անցնող գերմանացիների` Գերմանիայի ԱԳՆ ուղարկված հարյուրավոր նամակներն եւ զեկույցները, որոնք սարսափազդու մանրամասներ են ներկայացնում հայերի Ցեղասպանության մասին:
«Փաստաթղթերը հստակ վկայություններ են պարունակում երիտթուրքերի` հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մտադրության եւ այդ հարցում Գերմանիայի կառավարության համաձայնության եւ ներգրավվածության վերաբերյալ: Այս փաստաթղթերի բացառիկ կարեւորությունն այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայից միայն գերմանացի դիվանագետներն ու զինվորականները կարող էին գրաքննություն չանցած նամակներ եւ զեկույցներ ուղարկել դուրս: Ամերիկացիներից բացի, ովքեր պատերազմին անհաղորդ էին մինչեւ 1917 թ. ապրիլի 6-ը, գերմանացի դիվանագետները եւ նրանց տեղեկատվություն տրամադրողները, ինչպես նաեւ Բաղդադի երկաթուղու աշխատակիցները Հայոց ցեղասպանության ամենակարեւոր, ազգությամբ ոչ հայ ականատեսներն էին: Այս փաստաթղթերը, որոնք նախատեսված էին բացառապես ներքին կիրառության համար եւ հրապարակման ենթակա չեն, առանձնանում են օբյեկտիվ բացահայտումներով»,- ասված է Զորյան ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: