Գազային համաձայնագրի վավերացման քվեարկությունը լեգիտիմ չէր եւ վիճարկվելու է ՍԴ-ում, ասել է Նաիրա Զոհրաբյանը - Mediamax.am

6281 դիտում

Գազային համաձայնագրի վավերացման քվեարկությունը լեգիտիմ չէր եւ վիճարկվելու է ՍԴ-ում, ասել է Նաիրա Զոհրաբյանը


Նաիրա Զոհրաբյանը
Նաիրա Զոհրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այսօր խորհրդարանում կայացած «ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման քվեարկությունն ապօրինի է:

Քվեարկությունից հետո Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ ԱԺ ԲՀԿ,  ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» հաշվիչ հանձնաժողովի անդամները հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին, իսկ դա նշանակում է, որ նիստ չի գումարվել, եւ որոշում չի կայացվել:

 

«Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի անօրինականություն է: 4 խմբակցություններով համապատասխան հայտարարություն կանենք եւ կդիմենք Սահմանադրական դատարան: Քվեարկությունը լեգիտիմ չէր, քանի որ հաշվիչ հանձնաժողովը նիստ չի կարողացել գումարել` քվորումի բացակայության պատճառով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 

Ազգային Ժողովն այսօր վավերացրել է 2013 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

 

Վավերացմանը կողմ են քվեարկել 77 պատգամավորներ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններից: ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն եւ ՀՅԴ խմբակցությունները քվեարկության ժամանակ լքել են դահլիճը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին