Պալիատիվ օգնություն. Անբուժելի հիվանդներն արժանապատիվ խնամքի կարիքն ունեն - Mediamax.am

exclusive
9412 դիտում

Պալիատիվ օգնություն. Անբուժելի հիվանդներն արժանապատիվ խնամքի կարիքն ունեն


«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնի աշխատակիցները
«Հոսպիս» խնամքի կենտրոնի աշխատակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսպիս» խնամքի կենտրոնը
«Հոսպիս» խնամքի կենտրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 11-ին նշում էր հոսպիսի եւ պալիատիվ օգնության համաշխարհային օրը: 2010-ին կատարված հետազոտության համաձայն, Հայաստանում օրական 3600 հիվանդ պալիատիվ օգնության կարիք ունի:

 

Ի՞նչ վիճակում է պալիատիվ օգնությունը Հայաստանում, որքանո՞վ են հիվանդներին հասանելի անհրաժեշտ հոգեմետ եւ հոգեներգործուն դեղերը, օրենսդրական ի՞նչ խոչընդոտներ, փոփոխություններ կան դաշտում, եւ ովքե՞ր են գտնվում հոսպիսի ենթակայության ներքո. փորձել է պարզել Մեդիամաքս-ի թղթակիցը:

 

Պալիատիվ օգնության մասին

 

«Պալիատիվ օգնությունը անհրաժեշտ է անբուժելի հիվնանդությամբ տառապող անձանց` կյանքի վերջին փուլում, երբ նրանք ունեն ցավազրկման, սիմպտոմատիկ բուժման կամ հոգե-սոցիալական խնդիրներ: Պալիատիվ օգնությունը հնարավորինս բարձրացնում է նրանց կյանքի որակը»,- ասում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը:

 

«Հոսպիս» խնամքի կենտրոնը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Նա նշում է, որ «պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների ցավազրկման հետ կապված մեզանում դեռեւս մեծ խնդիրներ կան, չնայած վերջին 4 տարվա ընթացքում, հասանելիությունը բարձրացնելու նպատակով, Առողջապահության նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվել»: Հրանտ Կարապետյանի փոխանցմամբ, կատարվել են նաեւ օրենսդրական փոփոխություններ, ինչի շնորհիվ «մեկ տարի անց կարող ենք հստակ ասել, որ ցավազրկման հարցը լուծված է»:

 

Հասանելիության մասին

 

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչի փոխանցմամբ, «առողջապահության նախարարությունը հստակ պայմանավորվածություն ունի այն կազմակերպության հետ, որը Հայաստան է ներկրում օպիոիդներ»: Հրանտ Կարապետյանը հույս է հայտնում, որ շուտով Հայաստանում հասանելի կլինեն նաեւ խմելու միջոցով ընդունվող օպիոիդները, ինչը զգալիորեն կհեշտացնի ցավազրկման գործընթացը:

 

Անդրադառնալով հակացավային դեղամիջոցների հասանելիությանը` Հրանտ Կարապետյանը նշում է, որ « ներկայումս պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները ղեկավարների կողմից ճնշման են ենթարկվում, որպեսզի հնարավորինս քիչ թմրամիջոցներ նշանակեն»:

 

Իրավաբան Վիոլետա Զոփունյանը հիշեցնում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու հասանելի բժշկական բոլոր ծառայությունները: Մեկ ստորագրությամբ մարդուն դեղամիջոցից զրկելով` նրան ենթարկում են խոշտանգումների»:

 

 «Վերջ ցավին» արշավի մասին

«Վերջ ցավին» արշավը մեկնարկել է մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ 2012-ին: Արշավի նախաձեռնողներից Հովհաննես Մադոյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «վերջնական նպատակը պալիատիվ օգնության հասանելիությունն է հիվանդներին»:

 

«Հոսպիս» խնամքի կենտրոնը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Առաջին հերթին ուզում ենք, որպեսզի ընդլայնվի այն հիվանդությունների ցանկը, որոնցով տառապող հիվանդներն իրավունք ունեն ստանալու թմրամիջոցների խմբին դասվող ցավազրկողներ: Ներկայումս այդ խմբի մեջ մտնում են չարորակ ուռուցքով հիվանդները: Նպատակ ունենք նաեւ հաբերի տեսքով մորֆինը հասանելի դարձնել ՀՀ-ում, ինչն ավելի երկարատեւ ազդեցություն ունի եւ հեշտ օգտագործելի է»,- ասել է Հովհաննես Մադոյանը: Մեր զրուցակիցը նշել է, որ այս խնդրով դիմել են ԱՆ, որը պատրաստել է օրենսդրական բարեփոխումների փաթեթ եւ ներկայացրել կառավարությանը, իսկ հաբերի տեսքով մորֆինի գրանցման համար ԱՆ-ից «դրական պատասխան են ստացել», սակայն տեղյակ են, որ այն դեռ գրանցված չէ:

 

Հովհաննես Մադոյանը կարեւորել է մարդկանց վերաբերմունքը ցավի նկատմամբ. «Հիվանդը պետք է պահանջի ադեկվատ ցավազրկողներ եւ գիտակցի, որ ցավի դեմ պայքարող մորֆինի քանակը նրան չի հասցնի թմրամոլության»:

 

Օրենսդրության մասին

 

Իրավաբան Վիոլետա Զոփունյանի կարծիքով, 2009-ին պալիատիվ օգնության ընդգրկումը բժշկական ծառայությունների տեսակների ցանկում ոլորտի բարելավման հիմնաքարն էր: Իրավաբանն այժմ կարեւոր քայլ է համարում «Թմրամիջոցների, հոգեմետ եւ հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքում պալիատիվ օգնության մասին հավելվածի ընդունումը, «որով հստակ սահմանվում է բժշկական նպատակով համապատասխան ցավազրկողների նշանակման եւ ընդունման կարգը»:

 

ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի կարծիքով, «օրենքում հստակ ամրագրման բացակայությունը, թե որ դեպքում ինչ թմրամիջոցներ կարելի է նշանակել եւ ինչ քանակով, խոչընդոտ է եւ հիվանդի, եւ բժիշկի համար»:

 

«Հաճախ նման գործառույթ իրականացնող բժիշկը կամ մասնագետը խուսափում է կատարել իր աշխատանքը՝ մտածելով, որ կարող է մեղադրվել թմրամիջոցի նշանակման համար: Նոր օրենսդրական նախաձեռնությամբ ամրագրվում է, թե ինչպիսի ախտանիշների դեպքում եւ հիվանդության որ փուլում կարելի է թմրամիջոց նշանակել»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

 

«Հոսպիս» խնամքի կենտրոնը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

ԱՆ աշխատակազմի ղեկավարը 2012-2013թթ. բեկումնային է համարում պալիատիվ օգնության ներդրման բնագավառում: Ներկայումս իրականացվում են փորձնական ծրագրեր, որոնց արդյունքում ընտրվելու է ՀՀ-ում պալիատիվ օգնության իրականացման մոդելը: Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ, նախարարությունը կարեւոր խնդիր է համարում հակացավային դեղամիջոցների եւ պալիատիվ օգնության հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում»:

 

Հոսպիսի մասին

 

Հոսպիսը բժշկական կառույց է, որը ստեղծված է անբուժելի հիվանդների կյանքի վերջին օրերն արժանապատիվ կազմակերպելու նպատակով: Հոսպիս բառը լատինական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «հյուր ունեցող»: Վաղ ժամանակներում հոսպիսները նախատեսված են եղել հիվանդների եւ ուխտավորների համար:

Հրանտ Կարապետյանի փոխանցմամբ, աշխարհում առաջինը հայերն են ստեղծել պալիատիվ օգնությունը. «Դեռեւս 354 թ-ին Ներսես Մեծը որոշում կայացրեց, որ եկեղեցիների կողքին կառուցվեն որբանոցներ, վանատներ: Վանատունը հոսպիսն է»:

 

2008 թ-ից Երեւանում գործում է առաջին «Հոսպիս» կենտրոնը:

 

«Հոսպիս» խնամքի կենտրոնը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Հոսպիսը հիվանդության վերջին փուլում գտնվող ուռուցքով հիվանդների մի հանգրվան է, որտեղ մարդիկ ստանում են լիարժեք եւ արժանապատիվ խնամք մինչեւ մահ: Մեզ մոտ այն փոքր-ինչ այլ ուղղվածություն ունի, քանի որ ուռուցքով հիվանդներից բացի ընդունում ենք նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող անձանց`անկախ տարիքից եւ սեռից»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է «Հոսպիս»-ի ավագ բուժքույր Մարիամ Ներսիսյանը:

 

«Գոյություն ունի կանխարգելիչ բուժօգնության մի թեզ. «եթե չես կարող օգնել հիվանդին առողջանալ, ապա գոնե օգնիր, որ կողքի առողջները չհիվանդանան»: Մենք առաջնորդվում ենք հենց այդ սկզբունքով: Հաճախ բժիշկները հիվանդին դուրս են գրում հիվանդանոցից` ասելով, որ ոչինչ չեն կարող անել: Այս դեպքում հիվանդը տեղափոխվում է մեզ մոտ եւ մինչ կյանքի վերջին պահը ստանում է արժանապատիվ խնամք եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն»,- ասում է ավագ բուժքույրը:

 

Մեր զրուցակիցը նշում է, որ «Հոսպիս»-ի աշխատակիցները պատասխանատվություն ես կրում հիվանդի հիգիենիկ եւ կոկիկ վիճակի համար, կարեւորում է հիվանդի հետ հոգեբանական զրույցները, որոնց արդյունքում նրանցից շատերի աչքերում փայլ է կայծկլտում:

Կենտրոնում կա 7 հիվանդասենյակ, ներկայումս` 5 հիվանդ: Մարիամ Ներսիսյանի փոխանցմամբ, «Հոսպիս»-ից օգտվելը հայկական մենթալիտետին այնքան էլ բնորոշ չէ. «շատերը չեն ընդունում հիվանդին տանից դուրս հանելու եւ ուրիշի խնամքին հանձնելու փաստը: Ցավոք, կա նաեւ վճարունակության հարց, ծառայությունը վճարովի է, իսկ արժեքը կախված է հիվանդության բարդության աստիճանից»:

Ի դեպ, որպես խնամակալության կենտրոն` «Հոսպիս»-ում հիվանդներին դեղորայք չի տրամադրվում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին