Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման մեջ իր մասնակցությունը կունենա ոչ միայն պետությունը, այլեւ միջազգային դոնոր-կազմակերպությունները եւ Ռուսաստանը, որոնք լրացուցիչ գրանտային միջոցներ կտրամադրեն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ ծրագրի նպատակն է ստեղծել երկրում տարրական դասարանների աշակերտների համար առողջ սնունդ մատակարարող կայուն համակարգ, որը թույլ կտա լուծել մի շարք կարեւոր խնդիրներ, մասնավորապես, բարձրացնել կրթության որակը, քանի որ ճիշտ սնունդ ստացող երեխան ավելի ընկալունակ է եւ ավելի ներգրավված է կրթական գործընթացին:
Նախարարի խոսքով, ծրագիրը նաեւ առողջապահական խնդիր է լուծում եւ աղքատության դեմ պայքարի միջոցներից մեկն է: Արմեն Աշոտյանն ասել է, որ ծրագիրը կխթանի գյուղատնտեսության զարգացումը՝ աշակերտների սննդի պատրաստման համար կարեւոր դեր են խաղալու տեղական արտադրության մթերքները:
Ըստ ծրագրի, տարրական դասարանների աշակերտներն օրական 200 միլիլիտր կաթ են ստանալու, կամ կակաո, հյութ, յոգուրտ, եւ 50 գրամ թխվածքաբլիթ, բուլկեղեն: Այնտեղ, որտեղ կան համապատասխան հնարավորություններ, երեխաները կստանան նաեւ թաք սնունդ:
Արմեն Աշոտյանը նշել է, որ ճաշացանկի ընդլայնման հարցում պետությանը կարող են օգնել ինչպես համայնքները, այնպես էլ ծնողները:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկելու է 2014 թվականին Վայոց Ձորում, 2015 թվականից սկսած՝ Սյունիքում եւ Արարատում, մինչեւ 2021 թվականը դրանում ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր մարզերը եւ Երեւանը:
«Խորհրդային տարիներին կար այսպիսի ծրագիր, կարող ենք ասել, որ վերականգնում ենք խորհրդային կրթական համակարգի ավանդույթը՝ խարսխելով այն միջազգային փորձի վրա ու ներգրավելով լավագույն փորձագետներին», - ասել է Արմեն Աշոտյանը, հավելելով, որ ծրագրի մշակմանը մասնակցել են փորձագետներ Ռուսաստանից եւ Իսրայելից:
Ինչ վերաբերում է ծրագրի ընդհանուր բյուջեին, նախարարն ասել է, որ այն դեր հաշվարկման փուլում է: Վայոց Ձորում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը հաստատվելու է 2014 թվականի պետբյուջեով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: