Թոմ դե Վաալը Երեւանում ներկայացրել է «Սեւ այգի» գրքի լրացված տարբերակը - Mediamax.am

9048 դիտում

Թոմ դե Վաալը Երեւանում ներկայացրել է «Սեւ այգի» գրքի լրացված տարբերակը


Թոմ դե Վաալը
Թոմ դե Վաալը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ հետազոտող Թոմ դե Վաալն այսօր Երեւանում ներկայացրել է «Սեւ այգի: Հայաստան եւ Ադրբեջան. Խաղաղության եւ պատերազմի միջեւ» անգլերեն գրքի լրացված տարբերակը:

«Սեւ այգի» գիրքը լույս է տեսել 2003 թ-ին: Գրքի հիմքում ընկած են 2000-2001 թթ.-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հեղինակի կողմից անկացված 120 հարցազրույցները:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բրիտանացի լրագրողը նշել է, որ գրքի «կմախքը» փոփոխության չի ենթարկվել: Հեղինակի խոսքերով, գրքի լույսընծայման օրվանից անցել է 10 տարի, եւ այդ իսկ պատճառով նա անհրաժեշտ է համարել ավելացնել այդ 10 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին  վերաբերող գլուխներ, այդ թվում՝ Ադրբեջանում «նավթային  բումի», 2003-ին Իլհամ Ալիեւի եւ 2008-ին Սերժ Սարգյսյանի իշխանության գալու, սպառազինությունների մրցավազքի, Մադրիդյան սկզբունքների մասին:

 

Բացի այդ, գիրքը համալրվել է նոր՝ անցյալում չհրապարակված լուսանկարներով եւ խմբագրված վերջաբանով:

 

«Դրա հետ մեկտեղ, գլխավորը մնում է անփոփոխ. հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ, իսկ կողմերի միջեւ վստահությունն ավելի է նվազել»,- ասել է Թոմ դե Վաալը:

 

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության մասին անգլերեն լեզվով շատ քիչ գրականություն կա, եւ նրա գիրքը կարող է օգնել արեւմտյան ընթերցողներին հասկանալու հակամարտության էությունը:  Դե Վաալի խոսքերով, նա փորձել է փարատել որոշ միֆեր, մասնավորապես, Սումգայիթի ջարդերի, Խոջալուի դեպքերի, Շուշիի գրավման մասին: Փորձագետը բնական է համարում, որ իր աշխատանքի որոշ մասեր կարող են դուր չգալ այս կամ այն կողմին:

 

Հակամարտության լուծված չլինելու պատճառների թվին Թոմ դե Վաալը դասել է ստատուս-քվոյի փոփոխման հանդեպ փոխադարձ վախը, արտաքին աշխարհի կողմից հետաքրքրության պակասը, երկու հասարակություններում տաբուների առկայությունը: Ըստ դե Վաալի, «երկու հասարակություններն ապրում են նույն այն գաղափարներով, որով ապրել են 20 տարի առաջ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին