Հայերեն Վիքիպեդիան զարգանում է` միացեք, խմբագրեք - Mediamax.am

exclusive
5139 դիտում

Հայերեն Վիքիպեդիան զարգանում է` միացեք, խմբագրեք


Առաջին Վիքի կոնֆերանսը Երեւանում:
Առաջին Վիքի կոնֆերանսը Երեւանում:

Լուսանկարը` Մհեր Բեքարյան:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը:
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

Լուսանկարը` http://commons.wikimedia.org

“Վիքիմեդիա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա 2012” հանդիպմանը Բելգրադում:
“Վիքիմեդիա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա 2012” հանդիպմանը Բելգրադում:

Լուսանկարը` http://meta.wikimedia.org

Վիքի դասընթաց Գյումրիում:
Վիքի դասընթաց Գյումրիում:

Լուսանկարը` Մհեր Բեքարյան:


Դեռ մի քանի տարի առաջ դժվար էր հայերեն լեզվով բովանդակություն գտնել աշխարհի ամենամեծ ազատ հանրագիտարանում`Վիքիպեդիայում: Վերջին մեկ տարվա ընթացքում հայերեն բովանդակությունը զգալիորեն բարելավվել է «Վիքի շարժման» ակտիվիստների շնորհիվ, որոնք կամավորության սկզբունքով մեծ աշխատանքներ են կատարել թե՛ հայերեն բովանդակության ստեղծման եւ թե ՛առկա հոդվածների որակի բարձրացման ուղղությամբ: 

 

2011թ. Հայաստանը Վիքիպեդիայում առկա հոդվածների քանակով 100-րդ հորիզոնականում էր, իսկ այսօր` 65-րդ:  Շարժման մասնակիցների ջանքերով 2013թ. մայիսին գրանցվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը: 

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում «Վիքիմեդիա Հայաստան»  ՀԿ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանը, ով Վիքի միջավայրում հայտնի է նաեւ «Վիքիտատիկ» անունով, պատմել է, թե ինչպես Հայաստանում սկսվեց «Վիքի շարժումը», ինչպե՞ս ցանկացած օգտատեր կարող է դառնալ շարժման մասնակից  եւ հարստացնել հայկական Վիքիպեդիան, ի՞նչ կտա «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրանցումը եւ ի՞նչ նոր նախաձեռնությունների է փորձում միանալ «Վիքիմեդիա Հայաստանը»:

 

Վիքիմեդիայի ամենահայտնի նախագիծը Վիքիպեդիան է: Վիքիպեդիայում առաջին հայերեն հոդվածը տեղադրել է թարգմանիչ Լիլիթ Գաբյան-Մկրտչյանը: Հայկական Վիքիպեդիան սկզբնական շրջանում մեծ առաջընթաց չէր արձանագրում մարդկանց անտեղյակության պատճառով: Սուսաննա Մկրտչյանի կարծիքով պատճառն այն էր, որ բոլորին թվում էր` կա հատուկ կազմակերպություն, որը պետք է զբաղվի հոդվածների մշակման, տեղադրման եւ խմբագրման հարցերով, մինչդեռ Վիքիպեդիայում հոդված կարող է տեղադրել ցանկացած ոք:

 

«Շատերը թերահավատ էին, որ մեր իրականության մեջ կլինեն մարդիկ, որոնք կամավոր հոդվածներ կգրեն եւ կտեղադրեն Վիքիպեդիայում: Փորձը ցույց տվեց, որ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են մեծ նվիրումով համալրել Վիքիպեդիան», - ասել է նա:

 

Հայկական Վիքիպեդիայում գրանցված են 25 000 մասնակիցներ: Այստեղ ամեն օր աշխատանքներ են իրականացնում մոտավորապես 20-25 խմբագիրներ, ամսվա կտրվածքով` 200-250 խմբագիրներ: 

 

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

Photo: http://commons.wikimedia.org

 

«Վիքիպեդիան ընթերցողի հանրագիտարան է. որքան շատ լինեն խմբագիրները, այնքան ավելի հավաստի կդառնա տեղեկատվությունը: Առաջին Վիքիկոնֆերանսից հետո նկատելի առաջընթաց կա, մշտապես նոր խմբագիրներ են գրանցվում: Վիքիպեդիան հեղափոխություն է գիտելիքի ստեղծման եւ մատուցման բնագավառում այն իմաստով, որ միայնակ ոչինչ անել չես կարող. միայն համագործակցության միջոցով է գիտելիքը դառնում ավելի հավաստի եւ ամբողջական»,- նշել է Սուսաննա Մկրտչյանը:

 

Ինչպե՞ս ստեղծվեց «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը

 

2011թ.-ին Իսրայելում «Վիքիմանիա» տարեկան համաժողովին Սուսաննա Մկրտչյանը ներկայացրել է գործողությունների ուղեցույց` Հայաստանում Վիքիմեդիա նախագծերը զարգացնելու վերաբերյալ: Որոշ ժամանակ անց Վիքիմեդիա Հիմնադրամից վստահագիր է ստացել` Հայաստանում Վիքիմեդիա նախագծերի զարգացմանն ուղղված գործողությունները համակարգելու համար:

 

Ավելի ուշ Սուսաննան հայկական Վիքիմեդիան ներկայացրել է դրամաշնորհային նախագծի:  Վիքիմեդիա հիմնադրամը գումար է տրամադրել, եւ 2012թ. աշնանը «Վիքիշարժման» մասնակիցները կազմակերպել են առաջին հայկական կոնֆերանսը, որին մասնակցել են հյուրեր Վիքիմեդիա Հիմնադրամի Խորհրդից եւ Մասնաճյուղերի Կոմիտեի նախագահը:

 

«Նրանք տեսան, որ կա աշխատանքային թիմ, եւ մենք գարնանը թույլտվություն ստացանք օգտագործել «Վիքիմեդիա» անունը եւ ապրանքանշանը կազմակերպություն հիմնելու համար: Մայիսին գրանցվեցինք որպես «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն», - պատմել է Սուսաննա Մկրտչյանը:

 

“Վիքիմեդիա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա 2012” հանդիպմանը Բելգրադում:

Photo: http://meta.wikimedia.org

 

Նրա խոսքերով, «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությանն անհրաժեշտ են կամավորներ եւ ֆինանսական աջակցություն: Կազմակերպությունը բացել է հաշվեհամար, որտեղ կարելի է նվիրատվություն անել:

 

«Շատ երկրներում Վիքիմեդիաներն ունեն պետական աջակցություն: Վրաստանն, օրինակ, կազմակերպություն չունի, բայց նրանց համակարգիչներով հագեցած տարածք է հատկացվել հանդիպումներ կազմակերպելու համար: Մեզ նույնպես հարկավոր է համակարգիչներով հագեցած, ակումբային ոճի տարածք, որտեղ կիրականացվեն գործնական պարապմունքներ եւ ժողովներ»,- նշել է նա:

 

Ինչպե՞ս  հարստացնել հայերեն Վիքիպեդիան

 

«Վիքի շարժման» ակտիվիստները Վիքիպեդիայի մասին ուսուցողական դասընթացներ են կազմակերպում Երեւանում եւ Գյումրիում` հատկապես երիտասարդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: «Ցանկացած ճանապարհ գտնում ենք Վիքիմշակույթը տարածելու համար, այցելում ենք համալսարաններ, Գյումրիում համագործակցել ենք «Կազա» հիմնադրամի հետ: Պատրաստվում ենք դասընթացներ կազմակերպել նաեւ Վանաձորում»,-ասել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահը:

 

Վիքի դասընթաց Գյումրիում:

Photo: Մհեր Բեքարյան:

 

Նրա կարծիքով,  մեր երկրում դեռեւս ըստ արժանվույն չի գնահատվում Վիքիպեդիայի կարեւորությունը: «Օրինակ, Իսպանիայի ուսումնական հաստատություններում օտար լեզուների ֆակուլտետների ուսանողները թարգմանություններ են կատարում Վիքիպեդիայում:  Նրանք զգոն են թարգմանում, երբ գիտակցում են, որ շատերն են կարդալու այդ հոդվածները: Եթե Վիքիպեդիան մտներ կրթության բնագավառ` շատ մեծ առաջընթաց կունենայինք թե՛ հոդվածների ամբողջականության, եւ թե՛ Վիքիմշակույթի զարգացման ուղղությամբ», - ասում է նա:

 

Սուսաննա Մկրտչյանը վերջերս համագործակցության նպատակով դիմել է պաշտպանության նախարարություն: «Շատ լավ կլիներ, որ մեր զինվորները սովորեին աշխատել Վիքի հոդվածների վրա: Դա նաեւ հետաքրքիր կդարձներ նրանց առօրյան»,- նշել է նա:

 

Սուսաննա Մկրտչյանի կարծիքով, Վիքիպեդիայի միջոցով աշխարհին ներկայանալը կարեւոր է, քանի որ շատ դեպքերում այն հանդես է գալիս որպես տեղեկատվության առաջնային աղբյուր:

 

Հայաստանը «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագծի միակ ԱՊՀ մասնակից

 

«Վիքիմեդիա Հայաստանի» ջանքերով այս տարի Հայաստանը միանալու է «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագծին:

 

«Նախկին ԽՍՀՄ տարածքից միայն մեր երկիրն է մասնակցում այս միջոցառմանը: Մրցույթն օգտակար է այնքանով, որ կհամակարգի եւ ողջ աշխարհին կներկայացնի երկրի բոլոր հուշարձանները: Մասնակիցները պետք է լուսանկարեն հուշարձանները եւ տեղադրեն, հաղթողները սեպտեմբերին կմասնակցեն նաեւ միջազգային մրցույթին:

Wikicommons-ը շատ լավ հարթակ է, որը թույլ  է տալիս օգտագործել նկարներն ու մեդիաները բոլոր լեզուներով: Անհրաժեշտ է բեռնել մոտավորապես 25000 հուշարձանների լուսանկարները, ինչը հնարավորություն կտա ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը»,- ասել է Սուսաննա Մկրտչյանը: 

 

Հեղինակային իրավունքի մասին օրենքում այս տարի կատարված փոփոխություն շնորհիվ (համայնապատկերի ազատության մասին հոդվածը) լուսանկարները կարելի է տեղադրել առանց սահմանափակումների: 

 

Խնդիրներ տեղեկատվություն փնտրելու ճանապարհին

 

«Հայաստանի հուշարձանների ամբողջական ցանկը գտնելը հեշտ չէր: Իմ կարծիքով, պետական կառույցները պետք է շահագրգռված լինեն, որ երկիրն ըստ արժանվույն ներկայացված լինի Վիքիպեդիայում», - ասել է  Սուսաննա Մկրտչյանը: 

 

Վերջերս կամավորների ուժերով  թվայնացվել են Հայկական Հանրագիտարանի 13 հատորները եւ տեղադրվել  Վիքիդարանում: Այժմ բոլոր ցանկացողները Վիքիպեդիայի համար  հոդվածներ պատրաստելիս կարող են օգտվել Վիքիդարանից:

 

«Խմբագրից որոշակի աշխատանք է պահանջվում Սովետական հանրագիտարանի հոդվածը Վիքիպեդիայի չափանիշներով կառուցելու համար: Այս աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, սակայն մեծ ներգրավվածության դեպքում ավելի արագ կառաջադիմեն», - նշել է «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահը:

 

Վիքիպեդիայի մասին պատմող ուսուցողական ձեռնարկը հասանելի է այստեղ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին