Հունիսի 16-ին Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն էր: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հարցազրույցից:
Հայաստանի եւ ապագայի մասին
Ես տեսնում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, առկա են հնարավորություններ ինքնարտահայտման համար: Թեեւ կա արտագաղթ, շատ մեծ թվով մարդիկ են հեռանում Հայաստանից:
Այստեղ կան բազմաթիվ մարտահրավերներ. մնալու եւ պայծառ ապագա կառուցելու համար անհրաժեշտ է իսկապես հավատալ սեփական ուժերին, ծրագրերին: Այդ իմաստով Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կանգնած է մեծ մարտահրավերի առջեւ: Առավել ակտիվ ստեղծագործ մարդկանց 3-5 %-ը միշտ հնարավորություն ունի ապրել աշխարհի ցանկացած կետում, ունենալ ցանկացած երկրի անձնագիր: Բոլորը կպայքարեն այդ լավագույն կադրերի համար: Այդ իմաստով կրթության եւ առողջապահության որակյալ համակարգի ստեղծումն առանցքային, թեեւ ոչ բավարար, բաղադրիչ է որպեսզի մարդիկ չհեռանան երկրից:
Հայաստանում բազմաթիվ ծրագրեր եմ իրականացնում տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Արցախում, օրինակ, տեսնում եմ մարդկանց, ովքեր հավատում են իրենց ապագային, հայրենիքին, չեն լքում երկիրը եւ պատրաստ են պայքարել նրա համար: Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն հեռանկարի բացակայությունը, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 20-30 տարի հետո, իսկապես շատերին խանգարում է ճիշտ որոշում կայացնել:
Շատերը Հայաստանից գնում են ոչ այն պատճառով, որ այստեղ շատ վատ է կամ աշխատանք չկա, այլ այն պատճառով, որ նրանք չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում, որ այստեղ լավ է լինելու: Մենք մեծ դժվարությամբ ենք մարդիկ գտնում մեր ծրագրերի համար: Օրինակ, Տաթեւի ծրագրի համար: Ես կերազեի աշխատել Տաթեւում, ստանալ լավ, մրցունակ աշխատավարձ, աշխատել այդ սուրբ վայրում: Բայց մենք մեծ դժվարությամբ ենք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատել այնտեղ պատկառելի գումարների դիմաց:
Այդ իմաստով ֆենոմենն այն է, որ հաճախ չկան ոչ թե հենց հնարավորությունները, այլ չկա հավատ այդ հնարավորությունների առկայության նկատմամբ: Դա փորձ է ինքդ քեզ ապացուցելու, թե ինչու դու հաջողակ չես: Դա առանցքային խնդիրներից մեկն է, երբ փորձում ես բացատրություն գտնել, թե ինչու հաջողության չես հասել՝ դա պայմանավորելով արտաքին գործոններով: Պետք է պայքարես քո երջանկության, քո ապագայի համար:
90-ական թվականներին Ռուսաստանում համատարած անօրինականության ժամանակաշրջան էր, չկար ոչ մի օրենք, տիրում էր հանցավոր սանձարձակություն, եւ այդ պայմաններում յուրաքանչյուրն ինքն էր որոշում՝ հեռանալ, թե չհեռանալ, ինչպես պահել իրեն այդպիսի միջավայրում: Շատ բարդ է սեփական «եսը» պահպանել այն միջավայրում, որը քեզ չի սատարում, որտեղ բացակայում են էթիկական ճիշտ նորմերը, բայց դա քո ընտրությունն է, ոչ թե արտաքին միջավայրինը:
1990թ. ես աշխատում էի «Մենատեպ» բանկում: Դա շատ հաջող բանկ էր: Ես երրորդ կուրսի ուսանող էի եւ ստանում էի $1000՝ ահռելի մեծ գումար այն տարիների համար: Ունեի ինքնադրսեւորման հնարավորություն, բայց տեղափոխվեցի այլ աշխատանքի, որտեղ ստանում էի 10 անգամ պակաս աշխատավարձ, քանի որ այն համարեցի ավելի ճշգրիտ, երկարաժամկետ վայր աշխատելու համար: Երկարաժամկետ հեռանկարում ինձ տեսնում էի բանկիրի կարգավիճակում, ով ցանկանում էր լավ համբավ ունենալ ողջ աշխարհում: Բայց այդ ընտրության մեջ ես կարող էի նաեւ սխալվել` կարող էի տեղափոխվել ու ոչինչ չստացվեր: Դա բարդ ընտրություն էր:
Խորհրդային համակարգի անկումը հանգեցրեց լուրջ փոփոխությունների եւ կատակլիզմների: Վերականգնումն ընթանում է շատ ցավոտ, հատկապես այնպիսի փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Երկրորդ դժվարությունը մեզ համար այն է, որ մենք շարունակում ենք գոյատեւման գործընթացը: Փորձում ենք գոյատեւել, եւ այդ իմաստով երկարաժամկետ չենք ապրում: Ոչ ոքի չենք հավատում, ապրում ենք վստահության շատ նեղ շառավղում: Եվ երազանք կառուցելու, այնպիսի միջավայր ստեղծելու տեսանկյունից, որտեղ մարդիկ հավատում են ապագային, ճիշտ հարաբերությունների ձեւավորմանը տարբեր խմբերի ներսում, դա շատ դժվարին գործընթաց է, որը մենք պետք է հաղթահարենք, բայց մենք ունենք բոլոր հնարավորություններն ու բոլոր առավելությունները:
Արժեքների մասին
Ամեն ինչի հիմքում ընկած է ընտանիքը: Բոլոր առանցքային արժեքներն ընտանիքում են: Երկրորդը հասարակությունն է: Հասարակության մեջ կան ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական առաջնորդներ: Մենք բոլորս դպրոցում ունեցել ենք պաշտոնական առաջնորդներ` կոմերիտմիությունը, ինչպես նաեւ ոչ պաշտոնական առաջնորդներ՝ «կիսագողական» տղաները, որոնք ղեկավարում էին իրենց իմացած ձեւով: Երրորդն, իհարկե, պետությունն է՝ պատժելու եւ խրախուսելու իր համակարգով: Հարկավոր է սկսել ընտանիքից: Ցավոք, այսօրվա կապիտալիզմը քանդում է ընտանիքը, քանի որ նախկինում ընտանիքը գիտելիքների կրող էր, եւ այդ գիտելիքները փոխանցվում էին սերնդեսերունդ: Այժմ մեզանից շատերն աշխատում են այնպիսի պաշտոններում, որտեղ այդ հմտություններն այնքան էլ կարեւոր չեն, աստիճանաբար անհետանում է շատ ամուր ընտանիք ունենալու անհրաժեշտությունը: Երբ մարդիկ ապրում են մեծ քաղաքներում, այլ ոչ թե գյուղերում, դա նույնպես ազդում է ընտանիքի վրա:
Կարծում եմ, որ երիտասարդության համար առանցքային է իրենց արմատների վրա հիմնվելը: Հայերը մշտապես ունեցել են շատ ամուր արմատներ, այդ իմաստով մենք եզակի ազգ ենք պատմական մեծ անցյալով: Անհրաժեշտ է հասկանալ մեր ազգային ավանդույթներն ու ծեսերը եւ փորձել ապագային նայել գիտելիք եւ աշխատանք ստանալու ժամանակակից մեթոդների տեսանկյունից: Դա այնքան էլ պարզ խնդիր չէ երիտասարդների համար, բայց, ցավոք, նրանց փոխարեն դա ոչ ոք չի անի: Մենք գտնվում ենք մի հասարակությունում, որը մարդուց պահանջում է ավելի մեծ պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերել սեփական ճակատագրի հանդեպ:
Դիլիջանի միջազգային դպրոցի մասին
Դպրոցը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Հուսով եմ, որ այն իսկապես շատ լուրջ դեր կխաղա Հայաստանի ապագայի հարցում: Կրթությունն այն առանցքային ոլորտն է, որը կանխորոշելու է երկրի ու տարածաշրջանի ապագան: Մենք ունենք մրցակցային առավելություններ. հայերը միշտ էլ կրթված ազգ են եղել: Մեր ընտանիքները միշտ շատ մեծ գումար են ներդրել կրթության համար: Այո, այժմ մեր հասկացությունները փոքր-ինչ փոխակերպվել են, եւ գիտելիքի փոխարեն ավելի կարեւոր է դարձել դիպլոմ ունենալը, բայց հիմքը մնացել է: Կարծում եմ, որ Հայաստանի համար դա որակյալ, մրցունակ ուսումնական միջավայր ստեղծելու առանցքային ծրագրերից մեկն է՝ ինչպես տեղի դպրոցների, այնպես էլ Դիլիջանի նման դպրոցների համար:
Դիլիջանի դպրոցը միջազգային է, այնտեղ սովորելու են ավելի մեծ թվով երեխաներ արտասահմանից, քան Հայաստանից: Այդ ծրագիրը շատ արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս ներգրավել որակյալ մասնագետների, ովքեր ազգությամբ հայ չեն: Դա փոքր, բայց շատ կարեւոր բաղադրիչ է. ներգրավել լավ մասնագետների, որոնք մեզ անհրաժեշտ են ինչ-ինչ ծրագրերի համար: Կարեւոր է արտասահմանյան զբոսաշրջային ներհոսքի տեսանկյունից: Եվ դա հնարավորություն է քաղաքի համար՝ փոխվելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար:
Դիլիջանի դպրոցը պարզապես դպրոց չէ, որտեղ սովորելու են 650 աշակերտներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Մենք կհյուրընկալենք երեխաների, ովքեր կմեծանան Հայաստանում, հետո կշարունակեն ուսումն այլ երկրներում, բայց նրանք ծանոթ կլինեն Հայաստանին: Դա դժվարին, լուրջ աշխատանք պահանջող գործընթաց է: Մեզ լուրջ աշխատանք է սպասվում, որպեսզի բացատրենք, թե ինչո՞ւ է հենց Հայաստանում, հենց այդ դպրոցն այդքան լավը լինելու, որպեսզի ծնողները ռիսկի դիմեն եւ իրենց երեխաներին ուղարկեն այստեղ: Դպրոցի պայմանները՝ թե նյութատեխնիկական ապահովվածությամբ, թե ուսուցիչների որակով, լինելու են համաշխարհային մակարդակի:
Ունեմ մի քանի չափանիշներ, որոնց համաձայն փորձում եմ իրականացնել իմ նախագծերը: Առաջինը բազմարդյունավետությունն է: Երկրորդը՝ համաշխարհային ստանդարտները:
Դիլիջանի դպրոցը սովորական շենք չէ: Ծրագիրը կստանա բնապահպանական հավաստագրում: Շենքը կառուցվում է «կանաչ չափանիշներին» համապատասխան: Կառաջարկվեն բնակության եւ սննդի շատ լավ պայմաններ:
Ռիսկեր եւ մարտահրավերներ կան, բայց այդպիսի ծրագրերը երբեք հեշտությամբ չեն իրագործվում: Դա երկարաժամկետ ծրագիր է, որը կնոջս հետ սկսեցինք քննարկել 2006թ., 2010թ. ՀՀ նախագահի հետ խորհրդանշական ծառ տնկեցինք, 2014թ. կսկսենք առաջին փուլը, իսկ 2023թ. դպրոցը կգործի ողջ հզորությամբ:
Սա Ռուբեն Վարդանյանի նախագիծը չէ: Սա կոլեգիալ ծրագիր է, ինչպես եւ Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը: Դա մի խումբ մարդկանց ծրագիր է, ովքեր ինձ հետ միասին գումար են տրամադրում բարեգործության համար, որպեսզի կառուցեն խոշորագույն հասարակական շինություններից մեկը Հայաստանի տարածքում: Ներկայումս դպրոցի շինարարության վրա միաժամանակ աշխատում է 12 ամբարձիչ կռունկ:
Դիլիջանի դպրոցի հարկային արտոնությունների մասին
Մենք կառուցում ենք $ 120 մլն արժողությամբ օբյեկտ եւ, ըստ օրենքի, պետք է նաեւ $ 30 մլն հարկ վճարենք: Մեծ հաշվով, դա պետության որոշումն է, որը ցանկանում է հաստատել պետական-մասնավոր գործընկերություն եւ օգնել այդ նախագծին: Մենք կառավարությանը պայմաններ չենք ներկայացրել: Մենք մեր կողմից կիրագործենք այդ ծրագիրը, եւ ինձ շատ հաճելի է, որ դրան մասնակցում են ոչ միայն հայեր, այլեւ Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեկսելբերգը եւ այլոք: Նրանք եւ շատ այլ մարդիկ իրենց անձնական գումարներն են ներդրել Հայաստանում իրականացվող ծրագրում:
Կարծում եմ, որ բոլոր բարեգործները, որոնք այս ծավալի ծրագրեր են իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք անհրաժեշտ են Հայաստանին, պետք է ինչ-որ արտոնություններ ստանան պետության կողմից: Հայաստանը, որին հարկավոր է դառնալ ավելի հրապուրիչ, այդ դպրոցի հաշվին կստանա բազմաթիվ անուղղակի եկամուտներ՝ աշխատատեղեր, նոր փոքր ու միջին ընկերություններ: Երկարաժամկետ տեսանկյունից շատ ձեռնտու է նման դպրոց ունենալ հենց Հայաստանում: Դրա համար պետք է պայքարել: Այդ իմաստով դա լավության խնդիր չէ, այլ՝ ազգային մոտեցման, որպեսզի Հայաստան մտնեն գումարներ երկարաժամկետ հիմունքներով:
Օրինակ, Տաթեւի ծրագիրը, որին կառավարությունը լուրջ մասնակցություն է ցուցաբերել եւ գումար ներդրել, երկարաժամկետ արդյունք է տվել: Գորիսում բացվել են 10 հյուրանոցներ, մարզ են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում, պետք է ստանան որոշակի օժանդակություն պետությունից: Տաթեւի հարցում մենք ոչ մի հարկային արտոնություն չստացանք: Այնտեղ գործում էր այլ մոդել. հետաձգվեցին հարկերի վճարումները, որոնք մենք հետագայում ամբողջությամբ վճարեցինք:
Հաճույքով պատրաստ եմ բոլոր պատգամավորներին հրավիրել` եկեք ու ծանոթացեք Դիլիջանի դպրոցի ծրագրին: Հավանաբար, անհրաժեշտ է ավելի շատ պատմել մարդկանց, թե ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է կատարվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: