Կայացել է «Թարխանյան, Խաչիկյան, Պողոսյան» գրքի շնորհանդեսը - Mediamax.am

5851 դիտում

Կայացել է «Թարխանյան, Խաչիկյան, Պողոսյան» գրքի շնորհանդեսը


Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյանը
Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյանը

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 5-ին Հայաստանի ճարտարապետների միությունում կայացել է մոսկվացի ճարտարապետ Կարեն Բալյանի հեղինակած «Թարխանյան, Խաչիկյան, Պողոսյան» գրքի շնորհանդեսը:

Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյան հայտնի ճարտարապետական եռյակի մասին պատմող գրքի հրատարակությունը իրականացվել է Եկատերինբուրգում գործող «Tatlin» ռուսական հրատարակչության նախաձեռնությամբ ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ:

 

«Հուսով եմ սա՝ հայկական ճարտարապետության մասին պատմող վերջին գիրքը չէ: Ապագայում նախատեսում ենք գիրք հրատարակել, որը նվիրված կլինի հայկական վանքերի ճարտարապետությանը», - ասել է գրքի հրատարակիչ Էդուարդ Կուբենսկին:

 

«Շնորհակալ եմ ճակատագրին, որ բախտ եմ ունեցել անձամբ ծանոթ լինել Թարխանյանի, Խաչիկյանի ու Պողոսյանի հետ: 20-ից ավելի տարի եմ ծախսել այս գիրքը գրելու վրա: Ցավոք, այդ ընթացքում կյանքից հեռացան Արթուրն ու Սպարտակը», - ասել է Կարեն Բալյանը:

 

Գրքի շնորհանդեսին ներկա էին Երեւանի երեք ժամանակաշրջանների քաղաքապետեր Տարոն Մարգարյանը Արտաշես Գեղամյանն ու Մուրադ Մուրադյանը: Վերջինիս օրոք են կառուցվել հայտնի եռյակի հեղինակած Երիտասարդության պալատն ու Զվարթնոց օդանավակայանը:

 

«Հուզիչ օր է ինձ համար: Հուսով եմ, այս միջոցառումը առիթ կհանդիասա, որ ճարտարապետության մասին ավելի հաճախ խոսենք: Բախտն ինձ ժպտաց, որ հանդիպեցի Սպարտակին ու Արթուրին: Առանձին-առանձին մենք անհատականություններ էինք, բայց միասին կարողացանք ավելին անել», - ասել է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:

 

Շնորհանդեսի ավարտին ցուցադրվեց ճարտարապետական հայտնի եռյակի մասին պատմող «Ճարտարապետները» ֆիլմը:

 

Գրքի տպաքանակն է 1000 օրինակ: Հայաստանում այն վաճառվում է 5 հազար դրամով, Ռուսաստանում՝ 20 ԱՄՆ դոլարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին