Դեղին պետհամարանիշ vs. սպիտակ. ո՞րն է վարորդների դժգոհության պատճառը - Mediamax.am

exclusive
3188 դիտում

Դեղին պետհամարանիշ vs. սպիտակ. ո՞րն է վարորդների դժգոհության պատճառը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Օրերս վարորդների շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց տաքսի ծառայություն մատուցող մեքենաների դեղին պետհամարանիշը սպիտակով փոխարինելու մասին ՀՀ կառավարության Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած Տրանսպորտի ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը:

 

Առաջարկություններից մեկի համաձայն, տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների դեղին պետհամարանիշները փոխարինվելու են սպիտակով, իսկ մեքենայի վրա, որպես տաքսի ծառայություն մատուցողի անհատականացման նշան, փակցվելու է ինքնակպչուն կտրոն: Մեդիամաքս-ի թղթակիցը օրենսդրական բարեփոխման վերաբերյալ զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ եւ փորձել պարզել` ո՞րն է վարորդների դժգոհության պատճառը:

 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ կառավարության Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին գլխավոր իրավաբան Գեղամ Գեւորգյանը, նախագծի մշակումը սկսվել է 2012թ. մայիսից եւ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ` հաշվի առնելով պատկան մարմինների եւ ոլորտի ներկայացուցիչների կարծիքը:

 

Գեղամ Գեւորգյանի փոխանցմամբ, դեղին պետհամարանիշի փոխարեն տաքսի ծառայություն մատուցող մեքենայի դիմապակուն փակցվելիք ինքնակպչուն կտրոնը կհանդիսանա ծառայության` օրինական դաշտում գործելու երաշխիքը: Կտրոնը, ի տարբերություն դեղին պետհամարանիշի, վարորդին կամ տաքսի ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցչին կտրվի անվճար:

 

«Եթե նախկինում տաքսի ծառայություն մատուցել ցանկացող վարորդը կամ ֆիզիկական անձը դեղին պետհամարանիշ ձեռք բերելու համար դիմում էր երկու պետական մարմնի, վճարում 17 000 դրամ եւ 7-10 օր տեւող վարչարարությունից հետո ստանում այն, ապա ինքնակպչուն կտրոնը կստանա Տրանսպորտի եւ կապի  նախարարությունից`  անմիջապես տեղում, եւ արդյունքում կկրճատվի ժամանակն ու ծախսերը»,- նկատել է Գեղամ Գրիգորյանը:

 

Անդրադառնալով Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարությունը, թե դեղին պետհամարանիշներով մեքենաները վստահություն եւ անվտանգություն են ներշնչում ուղեւորին, մեր զրուցակիցն ասել է. «Դեղին պետհամարանիշն երբեք չի հանդիսացել անհատականացման նշան: Տաքսի ծառայության անհատականացման նշան է հանդիսանում մեքենայի վերեւում դրված տաքսու նշանն ու կողքի շախմատաձեւ նշանը: Անվտանգության կամ ծառայության մատուցման որակի տեսանկյունից դեղին պետհամարանիշն որեւէ գործառույթ չի կատարում»:

 

Մեր զրուցակիցը կարեւորել է այն փաստը, որ ի տարբերություն դեղին պետհամարանիշով տաքսու, որին չի թույլատրվում լքել ՀՀ տարածքը եւ հատել սահմանը, առաջարկվող կտրոնը նման խնդրի առջեւ վարորդին չի կանգնեցնի: Հանձնելով ավտոմեքենայի դեղին պետհամարանիշը` վարորդները միանգամայն անվճար կարող են ստանալ իրենց նախկին սպիտակ պետհամարանիշը:

 

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի կարծիքով, դեղին պետհամարանիշը սպիտակով փոխարինելն ուղեւորափոխադրումների անվտանգության հետ կապ չունի. «Ինչ վերաբերում է անօրինական դաշտում գործունեություն ծավալելու վտանգին, նշեմ, որ  պատկան մարմինները ի դեմս Տրանսպորտի եւ կապի նախարարության` կարող են հսկողություն իրականացնել»:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը դրական է գնահատել նախաձեռնված փոփոխությունները. «Այսպիսով` կկրճատվի պետհամարանիշ ստանալու ժամանակն ու կտնտեսվեն գործող օրենսդրությամբ նախատեսված ծախսերը»,-ասել է նա:

 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն  անհասկանալի է համարել վարորդների բողոքը` 17.000 դրամ եւ ժամանակ կրճատելու վերաբերյալ:

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը եւս մեզ հետ զրույցում անհասկանալի է համարել վարորդների դժգոհությունը. «Ինչո՞ւ նույն վարորդները, որոնք 4 տարի առաջ կանգնած էին սպիտակ պետհամարանիշը դեղինով փոխարինելու խնդրի առջեւ, չէին ուզում դա անել, իսկ հիմա, երբ ասում են, որ պետք է դեղին պետհամարանիշը փոխարինվի սպիտակով, կրկին դժգոհում են: Միգուցե՞ կա տեղեկատվության պակասի խնդիր»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանն ու նշեց, որ ՀԿ-ն պատրաստվում է ուսումնասիրել եւ գտնել վերոնշյալ հարցի պատասխանը, որից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

 

Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանն անդրադարձել է նաեւ բարեփոխումների փաթեթով առաջարկված այլ կետերին` համեմատելով դրանք գործող օրենսդրության հետ.

 

«Գործող օրենսդրությամբ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը լիցենզիա է տրամադրում դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, որի համար նախատեսված է  25 000 դրամ պետական տուրք: Մինչդեռ բարեփոխումների փաթեթում նախատեսված է 5-օրյա ժամկետ, իսկ միանվագ 25 000 դրամը միացվել է արտոնագրային վճարին եւ տարեկան  համաչափ բաժանվել 12 մասի»:

 

Արտաշես Ավետիսյանը դրական է համարում նաեւ ամենօրյա նախաուղղորդային բուժզննման եւ տեխզննման պահանջի վերացումը, որի ուղղությամբ արված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դրանք կրում են ձեւական բնույթ, որի համար վարորդներն ամսական լրացուցիչ ծախսեր են կրում:

 

Նշենք, որ օրենսդրական փաթեթն արժանացել է Բարեփոխումների խորհրդի հավանության, որից հետո ներկայացվել է ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական կոմիտե: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի իրավաբանի փոխանցմամբ, կառավարության նիստում ներկայացվելուց հետո այն կուղարկվի Ազգային ժողով. «Նախատեսվում է , որ համապատասխան գործընթացներն անցնելուց հետո տարեվերջին այն ուժի մեջ կմտնի»,- ասել է Գեղամ Գեւորգյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին