Երեւան: Մեդիամաքս: "Դիլիջանը” միջազգային կրթական նախագիծ է, որը դուրս է մեկ երկրի սահմաններից եւ երիտասարդների համար ճանապարհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ` լինեն դրանք ԱՄՆ-ում, Եվրոպայի, թե Ասիայի երկրներում, ասել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար, Sberbank CIB-ի համանախագահ Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում:
«Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ կարեւորագույն հմտություններից մեկը այլ մշակույթները հասկանալու եւ ընդունելու ունակությունն է, ընդ որում՝ չկորցնելով սեփական մշակութային ինքնությունը: Դիլիջանի դպրոցը նման միջազգային համագործակցության վառ օրինակ է` ինչպես դոնորների, այնպես էլ ուսանողների առումով: Ակնկալվում է, որ առաջին իսկ տարում (2014թ.) մեզ մոտ սովորելու համար երեխաներ կժամանեն մոտ 30 երկրներից: “Դիլիջանը” միջազգային կրթական նախագիծ է, որը դուրս է մեկ երկրի սահմաններից եւ երիտասարդների համար ճանապարհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարանները` լինեն դրանք ԱՄՆ-ում, Եվրոպայի, թե Ասիայի երկրներում: Դրանով մենք փորձում ենք կապ հաստատել այն մարդկանց միջեւ, որոնք կարող են ազդել աշխարհի ապագայի վրա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման նախագծին, գիտակցում են այն կարեւոր գաղափարը, որ աշխարհում նոր ղեկավարներներ կպատրաստվեն, ովքեր միմյանց լավ կճանաճեն, քանի որ միասին են սովորել, ինչը կարեւոր է նաեւ աշխարհի հետագա անվտանգության համար:
«Գոյություն ունի United World Colleges համակարգ, որը հիմնվել է 50 տարի առաջ եւ ներառում է 12 ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհում, որոնք ընտրվում են 140 երկրներում ազգային հանձնաժողովների ցանցի միջոցով: UWC-ի 100 շրջանավարտների համար տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում ԱՄՆ-ի լավագույն բուհերում վերապատրաստման նպատակով: Ivy League համալսարաններն իրենց ապագա ուսանողներին հավաքագրում են այդ թվում նաեւ այդ դպրոցների աշակերտների շրջանում: Օրինակ, Atlantic College-ը Հարավային Ուելսում (The Times-ը այն բնութագրել է որպես ամենահետաքրքիր փորձ կրթության ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր) միակ կրթական հաստատությունն է Մեծ Բրիտանիայում, որտեղ Հարվարդի եւ Յելի ներկայացուցիչներն ինքներն են գալիս շրջանավարտների ընտրություն կատարելու նպատակով: Մեր դպրոցը ներկա պահին անցնում է UWC-ին միանալու գործընթացը: Մենք նախատեսել ենք կրթաթոշակների եւ դրամաշնորհների լայնածավալ ծրագիր տաղանդավոր եւ շնորհալի աշակերտների համար: Մեր նպատակն է բարձրորակ միջազգային կրթությունը հասանելի դարձնել երիտասարդներին` անկախ իրենց ծնողների ֆինանսական կարգավիճակից: Դիլիջանի միջազգային դպրոցը բարեգործական նախաձեռնություն է ավելի քան $120 մլն բյուջեով, որը նախատեսված էր միայն կապիտալ շինարարարության համար »,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Ըստ նրա, դպրոց կընդունվեն ոչ թե 7, այլ 13 տարեկանից, եւ երեխաներին ավելի հեշտ կլինի ընտրել, քանի որ այդ տարիքում նրանք արդեն ձեւավորված անհատականություններ են:
«Վերադառնալով իմ գործունեությանը “Դիլիջանում” եւ «Սկոլկովոյում»` ասեմ, որ գաղափարը լավագույն մտքերը արտահանելը չէ, այլ դրանք ներմուծելը: Կարեւոր է, որպեսզի ոչ թե մեր երեխաներն ընդունվեն բրիտանական դպրոցներ, այլ արտասահմանցիները մեզ մոտ գան եւ սովորեն մեր կողքին», - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:
Հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը պատմել է նաեւ իր կողմից ծրագրվող բարեգործության ինդուստրիայի մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: