Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանը եւ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ» ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել:
«HENDERSON»-ից հայտնում են, որ ընկերության հովանավորությամբ Մատենադարանում կստեղծվի քարտեզագրական ժառանգությանը նվիրված արդիական երկու սրահ։
«Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը եւ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ» համագործակցության հուշագիր են ստորագրել՝ կարեւորելով ազգային մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման եւ հանրահռչակման գործի շարունակականությունն ու զարգացումը: Կողմերը հաստատում են, որ ժամանակակից մշակութային կառույցների կայուն զարգացումը ենթադրում է մասնավոր եւ հանրային հատվածների բարձր մակարդակի գործընկերություն, ընդգծում որակի, պրոֆեսիոնալիզմի, առաջատարության եւ սոցիալական պատասխանատվության սկզբունքները:
Հուշագրի շրջանակում ստեղծվող սրահների նպատակն է զարգացնել քարտեզագրական ժառանգության ներկայացման, գիտական իմաստավորման եւ հանրայնացման ժամանակակից ձեւաչափերը՝ ապահովելով բարձր որակ եւ համապատասխանեցում միջազգային չափանիշներին», - նշվում է հաղորդագրության մեջ:
«HENDERSON»-ը տղամարդկանց պրեմիում եւ հասանելի լյուքս (affordable luxury) դասի հագուստի բրենդ է` նախատեսված կյանքի բոլոր իրավիճակների համար:
Այս ծրագիրը ընկերության սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններից է, որով «HENDERSON»-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանում իր հաճախորդներին եւ գործընկերներին վստահության համար:















