Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանել է Կառավարական թիվ 2 մասնաշենքի վաճառքը - Mediamax.am

1720 դիտում

Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանել է Կառավարական թիվ 2 մասնաշենքի վաճառքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Պետական գույքի կառավարման վարչությունը հանդես է եկել Կառավարական թիվ 2 մասնաշենքի վաճառքի վերաբերյալ պարզաբանմամբ:

Վարչության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

“Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով եւ օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել եւ  ներկայացրել է ՀՀ կառավարությանը:  Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլեւ 1951թ. եւ 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի  շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների եւ հատկապես ԱԳՆ ժամանակակից պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով  կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:

 

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 19-ի կառավարության N 916-Ա որոշմամբ Արդարադատության նախարարության նախկին շենքի փլատակներից ազատված 0,5081 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է՝ պայմանով, որպեսզի գնորդն այնտեղ սեփական միջոցներով հասարակական նշանակության շենք կառուցի՝ պետության կողմից այն գնելու նախապատվության իրավունքով: Շենքի կառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ հունիսի 30-ը:

 

Այսինքն, 2015թ., երբ շահագործման հանձնվի Վ. Սարգսյան 3 հասցեում կառուցվելիք շենքը, պետությունն այն ձեռք բերելու հնարավորություն կունենա եւ առաջնահերթ կհատկացնի հիմնական տարածք չունեցող, ինչպես նաեւ անբավարար շենքային պայմաններ ունեցող նախարարություններին:

 

Կառավարական 2 մասնաշենքի օտարման որոշում է կայացվել՝ առաջարկներից լավագույնի ընտրությամբ, ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման տրամաբանությունից: 

 

ՀՀ կառավարության 04.10.2012 թ. կայացրած «Պետական գույքն օտարելու մասին» որոշմամբ «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երեւան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները եւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվում  են «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Կառավարության որոշմամբ, գործարքի գինը կազմում է  51 271 006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ գնի  մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր եւ գնորդի դուստր հանդիսացող` “Սալսա Դիվելոփմենթ” փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք. Երեւան Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ նոր կառուցված շենքով:

 

Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել եւ օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր`  միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր  պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը:

 

Պայմանագրում կամրագրվի նաեւ Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը կլինի միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո”:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին