Հրանտ Թոխատյան. Կարծիքդ կուլ տալու իրավունք չունե՛ս - Mediamax.am

Փետրվար 02, 2026
106 դիտում

Հրանտ Թոխատյան. Կարծիքդ կուլ տալու իրավունք չունե՛ս


Հրանտ Թոխատյանը
Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Նարեկ Ամիրխանյանն ու Հրանտ Թոխատյանը
Նարեկ Ամիրխանյանն ու Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Հրանտ Թոխատյանը
Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Հրանտ Թոխատյանը
Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ


«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մեդիամաքսը ներկայացնելու է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:

 

«Rearrange»-ում դերասան Հրանտ Թոխատյանը խոսել է Հայաստանի ղեկավարների հետ իր շփումների, խոսքի ազատության կարեւորության, իր ամենահայտնի ու սիրված նախագծերի մասին: 

 

««Մեր բակ»-ում հաստատ էին իմ, Լալայի եւ Աշոտի կերպարները»

 

«Մեր բակ»-ը «Շարմ» ընկերության մտահղացումն էր: Դրանում փորձել ենք ցույց տալ երեւույթներ, որոնք չենք ուզում լինեն առօրյայում, բայց, ցավոք, կան՝ խոսելու հատուկ ձեւը, ռաբիս երաժշտությունը, գողական ենթամշակույթը: Դերասանական կազմը պետք է մի քիչ այլ լիներ եւ հերոսներից շատերին խաղալու էին Երգի թատրոնի դերասանները, երգիչները: Բայց իմ շատ լավ ընկեր, լուսահոգի Արթուր Գրիգորյանը դեմ եղավ, որպեսզի երգիչները նկարահանվեն նման ֆիլմում: Արի ու տես՝ ինքը նկարվեց: Արդյունքում «Մեր բակում» չհայտնվեցին Արամոն, Գրիշա Աղախանյանը, Շուշանն, էլի շատ մարդիկ, բայց հայտնվեցին Մկոն, Հայկոն, փոքր Հայկոն, էլի լուսահոգի: Ի սկզբանե դերասանների թվում հաստատ էինք երեքով՝ Լալան, Աշոտը եւ ես: Բնականաբար, Արմեն Խոստիկյանը, եւ պատմողն պետք է լիներ Ռաֆայել Քոթանջյանը: 

 

 

Նկարահանումները շատ հետաքրքիր էին, կար միասնություն, իհարկե, ես որոշ բաների դեմ էի, բայց կարեւոր է, որ դրանք ճիշտ են ընկալվում առ այսօր: «Մեր բակ»-ում ոչ թե որոշ բարքերի քարոզ է, այլ՝ սատիրա: Ի վերջո, սերունդները փոխվում են, իսկ «Մեր բակ»-ը շարունակում է նրանց դուր գալ:  

 

«Խաթաբալադա»-ն, «Ժանգոտ բանալի»-ն եւ 1999թ. հոկտեմբերի 27-ը

 

«Խաթաբալադա»-ն, «Մեր բակ»-ի նման, հայտնվեց այն ժամանակ, երբ նման ներկայացումներ չէին բեմադրվում: Այն թողեց մեծ ազդեցություն իր ձեւով, որակով:  

 

Արմեն Համբարձումյանի հետ, որը մեր բոլոր գործերի պրոդյուսերն ու իմ լավ ընկերն է, որոշեցինք անել նաեւ երկրորդ ներկայացումը: Այդ շրջանում մի օր կարդացել էի «Բուրատինո»-ն եւ Արմենի հետ կիսվել՝ «շատ տարօրինակ բան է ստացվում, հա՛մ Բուրատինոն է հյուսնի որդի, հա ՛մ Հիսուսը. նրանց կենսագրության մեջ պետք է նման բաներ գտնել»: Այսպես ստեղծվեց «Ժանգոտ բանալի» ներկայացումը: Գրվեց 1997թ.-ին, կարծում եմ՝ Վահրամ Սահակյանի լավագույն գործերից է, 1998թ.-ին սկսեցինք փորձերը: Հերթականի ժամանակ մեզ զանգահարեց Արմենի կինն ու ասաց՝ «ի՞նչ փորձ, հեռուստացույց նայո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում երկրում»: Իսկ երկրում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ն էր: Սա ողբերգություն էր, իսկ «Ժանգոտ բանալի»-ն ավարտվում էր նրանով, ինչով ավարտվեց հոկտեմբերի 27-ը։ Ոնց որ մենք դա կանխազգացել էինք: Մի տեսակ վախ կար, եւ ներկայացումը հանեցինք: Թվում էր՝ մի քիչ շատ ենք զգացել ժամանակը։ Այդպես սկսեցինք աշխատել մյուս ներկայացման վրա՝ «Մեա Կուլպա»-ի։

 

«Սերժ Սարգսյանը «Մեա Կուլպա»-ն նայել է երեք անգամ»

 

«Մեա կուլպա»-ն ինձ համար շատ հոգեհարազատ ներկայացում էր: Տարօրինակ է, բայց այն 16 տարի մնաց բեմում եւ 16 տարի երկիրը չէր փոխվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը թատրոն չէր սիրում, բայց իր կինը եկավ, նայեց ներկայացումը տղայի հետ։ 

 

Ռոբերտ Քոչարյանը նույնպես չէր սիրում թատրոն։ Էլի իր կինը եկավ, նայեց ներկայացումը տղայի հետ: 

 

Իսկ Սերժ Սարգսյանն այդ շրջանում պաշտպանության նախարար էր: Եկավ, նայեց ներկայացումն ու ասաց, որ ավարտից հետո ցանկանում է զրուցել: Զրույցի ընթացքում ասաց, որ բանակի կտորը մի քիչ սուր է, ասացի՝ «բայց այդպես է բանակը,  եթե մի բան սխալ է ներկայացման մեջ, ասե՛ք հանենք, ուղղենք»: Մտածեց՝ «դե կան այդ երեւույթները», ասացի՝ «ուրեմն ներկայացումն էլ կա»: Արձագանքեց՝ «լավ, բան չունեմ ասելու, ես դրա իրավունքը չունեմ»: 

Նարեկ Ամիրխանյանն ու Հրանտ Թոխատյանը Նարեկ Ամիրխանյանն ու Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Ներկայացումը մնաց-մնաց-մնաց, մեկ էլ մի օր ասեցին՝ ուզում է գա, նորից նայի, արդեն վարչապետ էր: Հետո նայեց, երբ նախագահ էր։ Երեք անգամ եկել է: Վերջինից հետո ասաց՝ «բա բան չի՞ փոխվել ներկայացման մեջ»: Պատասխանեցի՝ «իսկ երկրում փոխվե՞լ է. սա իմ մտածելիքը չէ, ձերն է, ձեր նախորդինը»: 2017թ.-ին որոշեցինք ստեղծել «Մեա Կուլպա»-ի շարունակությունը: Եթե առաջինում բոլոր կերպարները նախկինից էին՝ Գյոթե, Հիտլեր, Չերչիլ, Տիգրան Մեծ, Արա Գեղեցիկ, ապա այս նոր ներկայացման մեջ մեր հերոսներից մեկին բերեցինք ապագայից: Ուզում էինք այս կերպարի բերանով հնչի այն, ինչպիսին մենք էինք տեսնում մեր երկիրը: Ավելացրեցինք 2090թ.-ի նախագահի կերպարը: 

 

Հետո եկավ 2018թ.-ը: Երկիրը հերթական անգամ փոխվեց 1991թ.-ի համեմատ եւ թվում էր՝ ներկայացումը կորցրեց արդիականությունը: 

 

«Հիմայի վարչապետը գրել էր՝ «Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանը բեմադրել են «Խաթաբալադա»-ն, որ Marlboro Lights ծխեն»»

 

Մարդը, որ եկավ ղեկավարի այս երկիրը՝ հիմայի վարչապետը, 1996 թ.-ին առաջինը գրեց «Խաթաբալադա»-ի մասին: Գրել էր՝ «Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանը բեմադրել են «Խաթաբալադա»-ն, որ Marlboro Lights ծխեն»: Իրեն այն ժամանակ ասացի՝ եթե գրեիք, որ ներկայացումը, դերասանները, ռեժիսորը, պիեսը վատն են, երբեք չէի զանգի ձեզ, բայց երբ գրում եք Marlboro ծխել, ինձ փաստորեն խուժան եք անվանում: 

 

Երբ նա դարձավ երկրի վարչապետ, մեծ կասկածներ ունեի, որ այդ լրագրողը կկարողանա այս երկիրը խելքի բերել: Այնպես որ, ինձ համար ոչինչ չի փոխվել երկրում, ոնց էն երեքը, այնպես էլ այս մեկը: Ըստ իս՝ չորսից ոչ մեկն այս երկիրը չէր սիրում այնպես, ինչպես պետք է սիրի երկրի ղեկավարը: Իմ կարծիքը հայտնել եմ, չորսին էլ՝ թե՛ ներկայացումներով, թե՛ հանդիպումների ժամանակ: 

 

Երկրորդ եւ երրորդ նախագահներին ասել եմ՝ ինչո՞ւ չեք շփվում ժողովրդի հետ, որովհետեւ ձեր վրա մեծ բեռ են գլորում, որին դուք անտարբեր եք վերաբերվում: Վաղը, մյուս օրը դա ձեր դեմ է դուրս գալու, այդպես էլ եղավ: Նրանց վրա ավելի շատ մեղք են բարդում, քան այն իրականում կա: Նրանք մեղավոր են, ահավոր մեղավոր, բայց իրենց գնահատականն իջեցնում են ավելին, քան կարող էր լինել: 

 

Իշխանությունը շատ փոքր է, որ իր մասին ներկայացում անեմ

 

Կարծում եմ՝ այսօր մեր երկիրը, հասարակությունը «Մեա Կուլպա» ներկայացմանն է նման՝ մի փոքր ուղղումներով: Օրինակ՝ երկրորդ ներկայացումից կհանեի ապագայի նախագահի կերպարը, դեռ շուտ է: Փոխարենը կներառեի այսօրվա ղեկավարի կերպարը։ Չնայած՝ մեր ներկայացումները երբեք չեն եղել որեւէ մեկի մասին: 

 

Հանդիսատեսն ասոցացրել է թե՛ «Խաթաբալադա»-ն, թե՛ «Մեա Կուլպա»-ն, թե՛ «Առաքել»-ն ինչ-որ իշխանության, որեւէ անձի հետ: Մի անգամ՝ դեռ վաղուց, ինձ հարցրեցին՝ «ո՞ւմ մասին է այս ներկայացումը»: Ես պատասխանեցի՝ «ոչ մեկի», որովհետեւ իշխանությունը շատ փոքր է, որ ես կամ որեւէ մեկն իր մասին ներկայացում անի: 

 

««Մեր Այբբենարան»-ը նախագծի համար առաջարկեցի ծախել ամենաթանկը՝ ինձ» 

 

Ինձ համար իմ ամենաարժեքավոր գործը մանկական նախագծերն են: Երեխաներին շատ եմ սիրում, ութ տարի մեծ սիրով դասավանդել եմ դպրոցում:

Հիշում եմ՝ մի անգամ Արմեն Համբարձումյանը գնացել էր Ռոստով՝ եղբոր մոտ, եւ վերադարձել մտահոգ, որ զարմիկները չեն խոսում հայերեն: Արդյունքում որոշեցինք՝ մի բան պետք է անել: Այս միտքը մեզ տանջեց, մինչեւ ծնվեց «Մեր Այբբենարան»-ը նախագիծը: Երբ սկսում էինք, մտածում էինք՝ հեսա այնքա՜ն օգնողներ կհայտնվեն: Բայց դիմեցինք կառավարությանը, մեզ ցրեցին, մեծահարուստները, տարբեր հայտնի ընկերություններ եւս չցանկացան օգնել: Մի օր Արմենն ասաց՝ «հիմա ի՞նչ, չե՞նք անելու այս նախագիծը»: 

Հրանտ Թոխատյանը Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Ասեցի՝ «անելու ենք, բայց դրա համար պետք է ծախենք մեր ունեցած ամեաթանկը՝ ինձ» (ժպտում է – հեղ.): Սկսեցի անել այն, ինչ մինչ այդ երբեք չէի արել՝ վարել հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ: «Մեր Այբբենարան»-ն արժեր 160 հազար դոլար։ Ես այդ գումարն աշխատեցի: 

 

Նիկոլ Փաշինյանը՝ «ՀանդԱրտ»-ում

 

Խոսքի ազատությունը շատ կարեւոր է յուրաքանչյուր մարդու, առավել եւս՝ արվեստագետի համար: 

 

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գնացել էր «ՀանդԱրտ»՝ ներկայացում դիտելու: Ի դեպ, բրավո Տիգրան Գյուլումյանին, որ կարողացել է այն ստեղծել: Ներկայացումից հետո Փաշինյանն իրեն թույլ էր տվել վեր կենալ եւ դերասաններին սովորեցնել՝ ինչ եւ ոնց է պետք խաղալ, մոռանալով, որ հա՛ մ իրենից տարիքով մեծեր կան բեմի վրա, հա՛մ պրոֆեսիոնալ դերասաններ: Դու դերասանի հետ նման ձեւով խոսելու իրավունք չունես, կարող ես պարզապես կարծիք հայտնել: Կհիշեք՝ մեծ բանավեճ էր սկսվել, թե որքանով ճիշտ էր դերասանների պահվածքը, որքանով կարողացան օգտվել ազատ խոսքից, շատերն էլ մեղադրեցին նրանց: Ես մեղադրել չէի կարող, որովհետեւ լավ հասկանում էի՝ եթե Տիգրանն արտահայտեր այն, ինչ մտածում էր, կկորցներ «ՀանդԱրտ»-ը. ինչ-որ մի բան կգտնեինք, հաստատ։ Նույնը Մկրտիչը Արզումանյանը, Արծրունը Հարությունյանը, մյուսները:  Տիգրան Գյուլումյանը մի բան կարող էր ասել՝ «կներեք, պարոն վարչապետ, բայց մեզ պետք չէ ուղղություն տալ, կարող եք ուղղակի հայտնել ձեր կարծիքը»: Բայց բանավեճի մեջ մտնելն անիմաստ էր, որովհետեւ վարչապետը եկել էր արդեն ունեցած ծրագրով: 

 

«Եթե տղաներիս ազատեի բանակից, բա «Մեա Կուլպա»-ն ո՞վ խաղար»

 

Կարծում եմ՝ միայն ապուշ մարդը կարող է դերասանին ասել՝ «դու դերասանությունդ արա, քո ինչ խելքի բանն է խոսել քաղաքականությունից»: Ի՞նչ է նշանակում՝ իրավունք չունես, ինչի՞ իրավունք, երկրի մասին խոսելո՞ւ:

  

Դու իրավունք չունե՛ս քո կարծիքը կուլ տալու, պետք է արտահայտվես, որովհետեւ եթե մի տեղ չես արտահայտվում, մի ուրիշ տեղ փողով ու ծանոթով հարց ես լուծում, վաղն իրավունք չես ունենա խաղալ այն ներկայացումը, որը խաղում ես: Երկու տղաս ծառայել են բանակում, պատերազմներին մեծ տղաս Արցախում էր ինձ հետ, իսկ փոքրս 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում էր: Շատ մարդիկ, անգամ բանակում բարձր դիրք գրավող, ինձ ասում էին՝ «տղերքդ բանա՞կ են գնացել»: Բա հենց ի՛մ տղան պիտի առաջինը գնա, ես հպարտ հայր եմ, պարզ ճակատով եմ նրանց ուղարկել: Իհարկե, սիրտս ցավում էր, ահավոր անհանգիստ էի, բայց չէի կարող նրանց ազատել բանակից: Եթե ազատեի, բա «Մեա Կուլպա»-ն ո՞վ խաղար: 

 

Վերջում՝ Հայաստանի, Արցախի ու ոգեշնչման մասին 

 

Այսօր ինձ ոգեւորում են երեխաներս, իմ քաղաքը՝ Երեւանը, որովհետեւ այն շատ եմ սիրում: Ցանկացած տեղ կարող եմ գնալ, մարդկանց հանդիպել, խաղալ, բայց տուն գալ: Ես իմ տունն եմ ուզում, իմ Երեւանն եմ ուզում, իմ Հայաստանը: 

Հրանտ Թոխատյանը Հրանտ Թոխատյանը

Լուսանկարը` Rearrange փոդքասթ

Նույնն էլ Արցախն էր, որ ինձ համար բացահայտել եմ 1993 թ.-ին՝ Արթուր Գրիգորյանի եւ Արթուր Ալեքսանյանի շնորհիվ՝ Ամարասի Արթուրի: Ինձ համար այն հեքիաթ էր, մինչեւ այսօր սիրում եմ Արցախը, արցախցիներին: Նրանց շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում: Վերջին երկու կռիվներին այնտեղ եմ եղել. չէի կրակում, դրա հմտությունը չունեմ, բայց օգնում էի իմ կարողությունների սահմանում: Հիմա էլ Արցախի բալիկներին ենք փորձում օգտակար լինել: Թվում է՝ հեչ բան է, բաճկոններ երեխաներին, բայց սա շատ կարեւոր է: Երբ տեսնում ես այդ երեխաներին՝ ուսման ծարավ, գնում են դպրոց, ձմեռ է, իսկ նրանք տաք հագուստ չունեն, որովհետեւ թողել են այնտեղ՝ իրենց տանը: Պետք է օգնել այս երեխաներին, եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս հարցում ինձ հետ են: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին