2025-ի արշավական տարվա ամփոփումը՝ ակումբների ղեկավարների կողմից - Mediamax.am

Դեկտեմբեր 24, 2025
exclusive
85 դիտում

2025-ի արշավական տարվա ամփոփումը՝ ակումբների ղեկավարների կողմից


Աստղիկ Հարությունյանը
Աստղիկ Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Աժդահակի գագաթին
Աժդահակի գագաթին

Լուսանկարը` ԱՐԻ

Հայաստանի Ազգայի արահետ
Հայաստանի Ազգայի արահետ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Խուստուփը՝ Գոմբակից
Խուստուփը՝ Գոմբակից

Լուսանկարը` ArmGeo

Տիգրան Վարագը՝ Թուբկալի գագաթին
Տիգրան Վարագը՝ Թուբկալի գագաթին

Լուսանկարը` ArmGeo

Լեւոն Վխկրյանը
Լեւոն Վխկրյանը

Լուսանկարը` That Trail

Ռապի լճից Մթնալիճ
Ռապի լճից Մթնալիճ

Լուսանկարը` That Trail

Նարինե Ճաղարյանը
Նարինե Ճաղարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«4 գագաթ»-ի արշավականը՝ Արարատի գագաթին
«4 գագաթ»-ի արշավականը՝ Արարատի գագաթին

Լուսանկարը` «4 գագաթ»

Երթուղին՝ Սմբատաբերդից
Երթուղին՝ Սմբատաբերդից

Լուսանկարը` North Peak

Տեսարան Գայլեձորի գագաթից
Տեսարան Գայլեձորի գագաթից

Լուսանկարը` North Peak

Սամվել Մանուկյանը
Սամվել Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թաթուլ Սահակյանը
Թաթուլ Սահակյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երանոս լեռան վերելքը՝ նոր երթուղով
Երանոս լեռան վերելքը՝ նոր երթուղով

Լուսանկարը` «Խարույկ»


2025թ.-ի ընթացքում Մեդիամաքսն ամեն շաբաթ ներկայացնում էր առաջիկա հանգստյան օրերի ամենահետաքրքիր արշավական երթուղիները՝ փորձելով մոտիվացնել ձեզ քայլել սար ու ձորերով եւ ճանաչել սեփական երկիրը։

 

Տարվա ավարտին զրուցել ենք հայաստանյան մի քանի արշավական ակումբների հիմնադիրների եւ ղեկավարների հետ՝ խնդրելով առանձնացնել 2025թ.-ի առավել յուրահատուկ եւ հետաքրքիր երթուղիները։ 

 

Հնարավոր է՝ այս ցանկն օգտակար կլինի արդեն գալիք տարում, երբ ցանկանաք քայլել իսկապես բացառիկ եւ անմոռանալի զգացողություններ պարգևող ճանապարհներով։

 

Անվերջ հիացնող Աժդահակն ու Հայաստանի գյուղերն իրար կապող Ազգային արահետը

 

Աստղիկ Հարությունյան, ԱՐԻ եւ ԱՐԻ Խոխա արշավական ակումբների հիմնադիր

 

ԱՐԻ արշավական ակումբի 2025 թվականի արշավներից կառանձնացնեմ մեր վերելքներն Աժդահակ լեռ (3597 մ)։ Այս գագաթն իմ անփոխարինելի սերն է եւ միշտ հիացմունք է առաջացնում (ժպտում է – հեղ.)։ 

Աստղիկ Հարությունյանը Աստղիկ Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Գեղամա լեռնաշղթան առհասարակ յուրահատուկ գեղեցկություն ունի։ Այնպես որ, անկախ նոր բացահայտվող երթուղիներից՝ յուրաքանչյուր հայ պետք է գոնե մեկ անգամ քայլի Գեղամա լեռնաշղթայով եւ տեսնի Աժդահակը։ 

Աժդահակի գագաթին Աժդահակի գագաթին

Լուսանկարը` ԱՐԻ

Ինչ վերաբերում է ԱՐԻ Խոխային, աշնանը ճամբար էինք անցկացնում Դեբետում, որի ընթացքում այդ տարածքում բացահայտեցինք Հայաստանի Ազգային արահետի մաս կազմող երեք գեղեցիկ երթուղի։ Դեբետ-Եղեգնուտ կամ Դսեղ-Դեբետ երթուղիները բավականին թեթեւ են քայլքի առումով եւ տարվա բոլոր եղանակներին հիացնում են գեղեցիկ տեսարաններով։ 

Հայաստանի Ազգայի արահետ Հայաստանի Ազգայի արահետ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Ինձ համար Ազգային արահետի գաղափարը շատ կարեւոր եւ ճիշտ նշանակություն ունի, քանի որ անցնում է գյուղից գյուղ՝ արշավականներին հնարավորություն տալով ծանոթանալ Հայաստանի համայնքներին, շփվել տեղացիների հետ։ Սա առավել կարեւոր է հատկապես երեխաների դեպքում, քանի որ ճանաչելուց է սկսվում սերը հայրենիքի հանդեպ։ 

 

Խուստուփի անկրկնելի տեսարանը Գոմբակից 

 

Տիգրան Վարագ, Armenian Geographic արշավական ակումբի հիմնադիր

 

Հայաստանյան ուղղություններից այս տարվա ամենատպավորիչ երթուղին ինձ համար Գոմբակ լեռան (2971 մ) վերելքն էր։ Այս գագաթը Սյունիքի մարզում է, եւ չնայած առաջին անգամ Գոմբակ էինք բարձրացել 2024թ.-ին՝ այս տարվա վերելքն իրականացրեցինք այլ, շատ յուրահատուկ երթուղով։ 

Խուստուփը՝ Գոմբակից Խուստուփը՝ Գոմբակից

Լուսանկարը` ArmGeo

Այն հնարավորություն է տալիս վերելքի ընթացքում հիանալ Խուստուփով բոլորովին այլ, առաջին հայացքից անճանաչելի թվացող անկյան տակ։ 

 

Հայաստանից դուրս ամենատպավորիչն էլ այս տարվա Մարոկկոյի ճանապարհորդությունն էր։ 

Տիգրան Վարագը՝ Թուբկալի գագաթին Տիգրան Վարագը՝ Թուբկալի գագաթին

Լուսանկարը` ArmGeo

Դրա ընթացքում վերելք կատարեցինք Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Թուբկալ լեռ (4165 մ)։

 

Ռապի լճից Մթնալիճ երթուղին եւ տարվա չորս եղանակները 

 

Լեւոն Վխկրյան, That Trail արշավական ակումբի հիմնադիր

 

2025թ. արշավներից կառանձնացնեմ Արագածոտնի մարզում իրականացրած Ռապի լճից Մթնալիճ երթուղին։ Այստեղ էինք հունիսին եւ մեկ օրվա ընթացքում տեսանք տարվա չորս եղանակները՝ շոգից մինչեւ ուժեղ կարկուտ։ 

Լեւոն Վխկրյանը Լեւոն Վխկրյանը

Լուսանկարը` That Trail

Մենք արշավներ ենք իրականացնում բացառապես փոքր խմբերի համար, ինչի շնորհիվ մարդիկ ծանոթանում են, շփվում միասին արշավելիս։

Ռապի լճից Մթնալիճ Ռապի լճից Մթնալիճ

Լուսանկարը` That Trail

Հենց այս՝ Ռապիից Մթնալիճ երթուղու ընթացքում ձեւավորվեց շատ լավ խումբ եւ հետագայում նույն կազմով արշավներ կազմակերպեցինք արդեն այլ ուղղություններով։ 

 

Աբուլը, Արագածի 4 գագաթն ու Արարատի պատմական վերելքը 

 

Նարինե Ճաղարյան, «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի հիմնադիր

 

2025թ. երթուղիներից կարող եմ առանձնացնել երեք ուղղություն։ 

 

Երրորդ տեղում ինձ համար Ջավախքում իրականացրած արշավներն են, որոնցից մեկի ժամանակ ոչ ավանդական երթուղով բարձրացանք Աբուլ լեռ (3301 մ)։ 

 

Այս լեռան վերելքը հիմնականում իրականացվում է համանուն գյուղից, իսկ մենք քայլքը սկսեցինք Փարվանա լճի կողմից, ինչի արդյունքում երեխաների հետ ընդհանուր առմամբ անցանք 30 կմ՝ հավաքելով 1300 մ հարաբերական բարձրություն։ 

 

Աբուլի գագաթային հատվածը բավականին դժվար է վերելքի համար, քանի որ քարերը հիմնականում սալիկանման են եւ թվում է՝ ոտքի տակ փշրված ափսեների մնացորդներ են։  

Նարինե Ճաղարյանը Նարինե Ճաղարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Տարվա արշավներից երկրորդ տեղում ինձ համար Արագածի 4 գագաթի վերելքն է մեկ օրում։ Սովորաբար այս երթուղին իրականացնում ենք՝ գիշերելով խառնարանում։ Այս անգամ նպատակն էր վերելքը կատարել առանց գիշերակացի։  

 

Քայլել սկսեցինք Քարի լճից, ավարտեցինք Գեղարոտի հովտում։ Արդյունքում մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ անցանք 19 կմ՝ հավաքելով 1800 մ հարաբերական բարձրություն։ Սա մեր ակումբի համար ամենաբարդ արշավներից էր, առավել եւս, որ այն իրականացնում էին պատանիներն ու երեխաները։ 

«4 գագաթ»-ի արշավականը՝ Արարատի գագաթին «4 գագաթ»-ի արշավականը՝ Արարատի գագաթին

Լուսանկարը` «4 գագաթ»

Տարվա ամենաառանձնահատուկ երթուղին մեր ակումբի համար Արարատի (5165 մ) վերելքն էր, որի մասին արդեն զրուցել ենք առավել մանրամասն։ Սա երկարատեւ նախապատրաստական աշխատանքի արդյունքն ու «գագաթնակետն» էր։ Արարատի հիմքում բազմաթիվ այլ «գագաթներ» են, այդ թվում՝ Աբուլի վերելքը։ Արարատը 5 հազար մետրից ավելի բարձրություն ունի եւ մեծ նվաճում էր, որ մեզ հաջողվեց երեխաների հետ գագաթ հասնել բավականին լավ ինքնազգացողությամբ։ Այս վերելքը կարեւոր էր ոչ միայն մեզ, այլեւ՝ Հայաստանի համար, որովհետեւ առաջին անգամ երեխաներից կազմված խումբը կարողացավ հաջող վերելք իրականացնել։ Եզակի էր նաեւ այն, որ խմբի կազմում էր երբեւէ Արարատի գագաթին կանգնած տարիքով ամենափոքր արշավականը՝ 9-ամյա Վարդանը։ 

 

Վերելք Գայլեձոր լեռ` հատուկ երթուղով

 

Սամվել Մանուկյան, North Peak լեռնային ակումբի հիմնադիր 

 

Այս տարի ինձ համար ամենահետաքրքիրն ինձ համար վերելքն էր Վայոց ձորի Գայլեձոր լեռ (2762 մ)՝ հատուկ երթուղով։ Եթե նայեք Սմբատաբերդից նկարված երթուղու գծապատկերին՝ կպատկերացնեք՝ ինչ բարդության մասին է խոսքը։ 

Երթուղին՝ Սմբատաբերդից Երթուղին՝ Սմբատաբերդից

Լուսանկարը` North Peak

Այստեղ չկա ոչ մի տեսակի արահետ եւ ամբողջ ճանապարհին ժայռային անցումներ են։ Վերելքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ բեզոարյան այծեր, քանի որ սա նրանց բնական ու անվտանգ միջավայրն է։ 

Տեսարան Գայլեձորի գագաթից Տեսարան Գայլեձորի գագաթից

Լուսանկարը` North Peak

Արջերի հետքեր էլ շատ կան, բայց նրանց, դժբախտաբար կամ բարեբախտաբար, դեռ չենք հանդիպել։ 

Սամվել Մանուկյանը Սամվել Մանուկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երթուղով անցնում էինք արդեն երրորդ անգամ, բայց այս տարվա նոյեմբերի վերելքն անկրկնելի էր. ֆանտաստիկ տեսարաններ դեպի Վայոց Ձոր, մշուշոտ լեռների շեշտեր, Արարատ, հետո նաեւ՝ մայրամուտ։ 

 

Երանոս լեռան նոր երթուղին

 

Թաթուլ Սահակյան, «Խարույկ» արշավական ակումբի պատասխանատու

 

Երանոս լեռ (1824 մ) բարձրացել էի դեռ մինչեւ խումբ ուղեկցելը. սովորական եւ քիչ հետաքրքիր գրունտային ճանապարհ էր։ Բայց տարիներ առաջ մեր ուղեկցորդներից մեկը պատմեց Երանոսի վերելքի մի երթուղու մասին, որն առաջին հայացքից շատ անիրական էր թվում։ Խնդրեցի GPS տվյալներ, բայց միայն թղթի վրա գծած երթուղին ուներ։

Թաթուլ Սահակյանը Թաթուլ Սահակյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ուսումնասիրելով ու համադրելով տվյալները՝ հասկացա, որ դրանով հնարավոր է յուրահատուկ վերելք իրականացնել Երանոս։ Նախ միայնակ հետախուզում իրականացրեցի, իսկ հետո սկսեցինք խմբով գնալ։ Այս տարվա լավագույն արշավներից մեկը համարում եմ հենց այս երթուղով Երանոսի վերելքը, որի ընթացքում բացվում են ֆանտաստիկ տեսարաններ։ 

Երանոս լեռան վերելքը՝ նոր երթուղով Երանոս լեռան վերելքը՝ նոր երթուղով

Լուսանկարը` «Խարույկ»

Հաճելի է, որ այլ խմբեր եւս սկսել են անցնել այս երթուղով, քանի որ այն հասանելի ենք դարձրել արշավական տարբեր հարթակներում։ 

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին