Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապը եղբայրական բարեւներ է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին:
Նոյեմբերի 30-ին Ստամբուլում Լեւոն 14-րդ Պապը այցելել է հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, որտեղ հանդիպել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ II-ին եւ մասնակցել է պատարագի:
Լեւոն 14-րդն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Ինձ համար մեծ ուրախություն է այցելել Ձեր Երանելությանը, մանավանդ հենց այն վայրում, որտեղ երջնկահիշատակ պատրիարքներ Շնորհք I-ն եւ Մեսրոպ II-ն ընդունել էին իմ նախորդներին։ Ձեզ ողջունելով՝ կցանկանայի նաեւ եղբայրական բարեւներ փոխանցել Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով վերջերս պատվեց ինձ այցով, ինչպես նաեւ եպիսկոպոսներին, հոգեւորականությանը եւ ողջ Հայ Առաքելական համայնքին Ստամբուլում եւ Թուրքիայում։
Այս այցը ինձ հնարավորություն է տալիս գոհունակություն հայտնել Աստծուց հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ընթացքում՝ հաճախ ողբերգական հանգամանքներում։ Ցանկանում են նաեւ խորը երախտագիտություն հայտնել Տիրոջը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթոլիկ Եկեղեցու միջեւ առավել ամրապնդվող եղբայրական կապերի համար։
Երկրորդ Վատիկանյան Ժողովից կարճ ժամանակ անց, 1967 թվականի մայիսին, Նորին Սրբություն Կաթողիկոս Խորեն I-ը դարձավ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցու առաջին առաջնորդը, ով այցելեց եւ խաղաղության համբույր փոխանակեց Հռոմի Եպիսկոպոսի հետ։
1970 թվականի մայիսին Նորին Սրբություն Կաթողիկոս Վազգեն I-ը Պապ Պողոս VI-ի հետ ստորագրեց Պապի եւ Արեւելյան Ուղղափառ Պատրիարքի միջեւ առաջին համատեղ հռչակագիրը՝ հրավիրելով իրենց հավատացյալներին նորից ճանաչել իրենց իսկ որպես Քրիստոսով եղբայրներ ու քույրեր՝ միասնությունը խթանելու նպատակով։ Այդ ժամանակից ի վեր, Աստծու շնորհով, մեր Եկեղեցիների միջեւ «սիրո երկխոսությունը» ծաղկել է։
Ցանկանում եմ հիշել 12-րդ դարի Կաթողիկոս եւ բանաստեղծ Ներսես Դ. Շնորհալուն, ում վախճանի 850-ամյակը վերջերս նշեցինք: Նա անձնուրաց աշխատեց եկեղեցիները հաշտեցնելու եւ Քրիստոսի աղոթքը կատարելու համար՝ «որպեսզի բոլորը մեկ լինեն»»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: