Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապի հետ։
Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասված է.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաեւ ծննդյան 70-ամյա նշանակալի հոբելյանի առիթով՝ հայցելով, որ Երկնավոր Տերը ուժ եւ կարողություն շնորհի նրան եւ առատ պտուղներով արդյունավորի Նորին Սրբության հովվապետությունը Աստծո փառքի եւ մարդկության խաղաղ ու բարօր կյանքի համար:

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջեւ եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների եւ հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը եւ Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաեւ իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջեւ կանգնած հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Հովվապետերը կարեւորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը եւ սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության եւ բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբությունը Լեւոն 14-րդ Պապին հրավեր ուղղեց այցելելու Հայաստան»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: