Ամերիկահայ բարերար, նորարար Նուբար Աֆեյանի տեսլականով ստեղծված «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» մեկնարկել է իր «Հոգեւոր-հոգեբանական վերականգնման խմբային աջակցության» եռափուլ առաջին վերապատրաստման ծրագիրը։
Այս կրթական ծրագիրը մշակվել է Հիմնադրամի երեք տարվա հետազոտությունների, դաշտային աշխատանքի եւ վերլուծված տվյալների հիման վրա։
Ծրագիրը ամփոփում է Հիմնադրամի՝ ավելի քան 4,000 շահառուների հետ իրականացրած հոգեբանական աջակցության փորձը։ Հայաստանի եւ միջազգային առաջատար մասնագետների համատեղ աշխատանքը հնարավորություն է տվել այս գիտելիքները վերածել ամբողջական եւ փուլային վերապատրաստման ծրագրի։
«Այս մասշտաբային նախաձեռնության նպատակն է ձեւավորել մասնագետների ամուր համայնք, որը հիմնադրամի ծրագրերի շրջանակում կկարողանա Հայաստանի տարբեր բնակավայրերում ապահովել համապարփակ հոգեւոր-հոգեբանական աջակցություն՝ օգնելով մարդկանց հաղթահարել պատերազմի, տեղահանության եւ առհասարակ կոլեկտիվ տրավմայի անհատական հոգեբանական հետեւանքները մեր հայրենակիցների կյանքում» - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։
Վերապատրաստման ծրագրի առաջին փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել 120-ից ավելի հոգեբաններ եւ սոցիալական աշխատողներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Ընտրության գործընթացից հետո Հիմնադրամը ձեւավարել է վերապատրաստվողների առաջին խումբը՝ հրավիրելով 48 մասնագետների։
«Վերապատրաստման ծրագիրը եռափուլ է եւ ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բովանդակություն՝ մասնագետների մոտ հոգեւոր-հոգեբանական աջակցության կիրառական եւ համակարգային կարողություններ ձեւավորելու նպատակով։ Հիմնադրամի մասնագետների կողմից մշակված այս նորարար մոտեցմամբ վերապատրաստված մասնագետների համայնքը հնարավորություն է տալու մեր երկրում ստեղծել որակապես նոր աջակցման էկոհամակարգ՝ պետական մարմինների ու ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ»,- ասել է Հիմնադրամի հոգեւոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը։
Վերապատրաստման ծրագիրն ուղղված է ինչպես փորձառու մասնագետներին, այնպես էլ սկսնակներին, ովքեր ցանկանում են ներգրավվել նորարարական մեթոդներով աշխատանքում եւ իրենց ներդրումն ունենալ Հայաստանի համայնքների առողջացման ու վերականգնման գործում։
2026թ հունվարին կմեկնարկի Հայաստանի այլ համայնքներում սոցիակական աշխատողների ու հոգեբանների վերապատրաստման համար հայտերի ընդունումը։
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մա¬սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա¬նա¬կան» լուծումներ։
Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։
Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: