«Ե՛կ Սվարանց» ծրագրով արցախահայերին են հանձնվել առաջին 10 տները - Mediamax.am

Դեկտեմբեր 12, 2025
755 դիտում

«Ե՛կ Սվարանց» ծրագրով արցախահայերին են հանձնվել առաջին 10 տները


Լուսանկարը` 301.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարտակերտի շրջանից բռնի տեղահանված ընտանիքները մասնակցել են Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում իրենց նորակառույց տների կարմիր ժապավենի կտրման արարողությանը։

Այն նշանավորել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից «Ե՛կ Սվարանց» ծրագրի շրջանակներում արցախահայության համար կառուցված թաղամասի առաջին տասը տների հանձնման գործընթացի մեկնարկը։

 

Տների հանձնման արարողությանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի ղեկավարները, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, միջազգային և հայաստանյան գործընկեր կազմակերպությունները, Տաթևի համայնքապետարանի ներկայացուցիչներն և Սվարանցի բնակիչները։

 

Միջոցառման շրջանակներում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանն ընդգծել է, որ հիմնադրամը իր 25-ամյա գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այն համայնքներն ու խոցելի խմբերը, որոնք առավելագույն աջակցման և հոգածության կարիքն ունեն։

 

«Այս նորակառույց թաղամասը Սյունիքի վերաբնակեցման մեր ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող այն սակավաթիվ նախաձեռնություններից, որի հիմքում ընկած է արցախահայերի համախմբված վերաբնակեցման գաղափարը։ Մեր առաքելությունը չի սահմանափակվում թաղամասի կառուցմամբ միայն․ մենք երկարաժամկետ ներդրում ենք կատարում սոցիալ-տնտեսական պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ դրական փոփոխություն բերելով համայնքում», – նշել է Անդրանիկ Գասպարյանը։

 

Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանի խոսքով՝ նոր թաղամասը նոր կյանքի սկիզբ է խոստանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

 

«Այս ընտանիքներն այսօր վերակառուցում են իրենց կյանքը Հայաստանում։ Գործընկեր կառույցների, այդ թվում՝ միջազգային զարգացման գործակալությունների, Հայաստանի կառավարության, Սյունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք ստեղծել իրական հնարավորություններ այս ընտանիքների համար և զարգացնել մեր համայնքները», – նշել է Գրիգոր Պետեանը։

 

Սվարանցի նոր թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի կեսերին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին