Մեդիամաքսն առանձնացրել է նոյեմբերի 15-16-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Նոյեմբերի 15 (շաբաթ)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Նորավանքից Արփի
Առաջիկա շաբաթ օրն ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ քայլելու շատ սիրուն երթուղով:
Արշավը սկսվելու է Նորավանք վանական համալիրից, որտեղից կարմիր ժայռերով ու սարերով, այծիկի պես թռչկոտելով, կհասնեք Արփի գյուղ։
Արշավի ընթացքում կբացահայտենք՝ միջնադարյան կառույց Նորավանքը, ժայռափոր սրբավայր Ջրովանքը (ջրով վանք), Էրթիջի բերդը։
Լուսանկարը` ԱՐԻ
Երթուղու ընթաքում բացվող տեսարանները շատ գեղեցիկ են, կա հույս՝ տեսնելու նաեւ բեզոարյան այծերին:
Արշավի երկարությունը՝ 16 կմ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ArmLand արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ
Նոյեմբերի 15-ին ակումբն ուղեւորվելու է հեքիաթային Տավուշ՝ բարձրանալու Իջեւանի լեռների գագաթներից մեկը՝ Դիմաց լեռը (2378 մ):
Իջեւանի լեռներն աչքի են ընկնում իրենց նմանը չունեցող բնապատկերներով եւ մարդկային աչքերը չհագեցնող գեղեցկագույն տեսարաններով:
Դիմաց լեռան երթուղին սկսելիս հնարավորություն կունենաք տեսնել նաեւ Թաքնված ջրվեժը:
Լուսանկարը` ArmLand
Երթուղու երկարությունը 19կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Նոյեմբերի 16 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Լոռվա գյուղերով. Բգավոր, Սեդվի
Այս կիրակի ակումբը հրավիրում է մասնակցել թեթեւ քայլարշավի նոր երթուղով եւ վայելել Լոռվա բնաշխարհի աննկարագրելի գեղեցկությունը։ Այս արշավը համադրում է բնության հիասքանչ տեսարանները եւ պատմամշակութային կոթողներին ծանոթանալու բացառիկ հնարավորությունը։
Լուսանկարը` ArmGeo
Քայլարշավը կսկսեք Աքորի գյուղից․ լեռնային արահետներով քայլելով՝ կհասնենք Բգավոր վանք, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի Դեբեդի կիրճը։ Վանքը 13-րդ դարում կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցի է եւ հայ-քաղկեդոնական ճարտարապետության հազվագյուտ օրինակներից մեկը։
Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Արագածի արեւելյան գագաթ
Նոյեմբերի 16-ին North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին վերելք կատարել Արագածի Արեւելյան գագաթ (3908 մ): Բարձրությամբ այն Արագածի գագաթներից երրորդն է, բայց միաժամանակ՝ վերելքի համար ամենաբարդն ու քիչ այցելվողը:
Այս գագաթի ստորոտ հասնելու եք Աչագած գյուղից՝ ամենագնաց միկրոավտոբուսով կամ բեռնատարով:
Երթուղու երկարությունը մոտ 8 կմ է, հարաբերական բարձրությունը`1300 մ:
Մանրամասները՝ հղումով:
ԱՐԻ Խոխա. Խոխա արշավ Վարդագույն կիրճ
Այս կիրակի ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ արշավում է առեղծվածային Վարդագույն կիրճ։ Այն Երանոսի լեռնաշղթայի փեշերին է։ Արշավի ընթացքում կպեղեք եւ կուսումնասիրեք դենդրիտ կոչվող միներալները։
Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Քայլարշավի ընթացքում կհիանաք Ազատի ջրամբարի շքեղությամբ, Երանոս լեռնաշղթայով, Արարատ, Արագած, Գեղամա բացվող սիրունագույն տեսարաններով։ Երթուղու երկարությունը 10 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: