Մեդիամաքսն առանձնացրել է նոյեմբերի 8-9-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Նոյեմբերի 8 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Մթնաձորի կիրճով
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է արշավ Մթնաձորի կիրճով։ Արշավը սկսվելու է Մակարավանքից եւ անցնելու է Մթնասարի լեռների ալպիական մարգագետիններով, սաղարթախիտ անտառներնով՝ հասնելով խորհրդավոր կիրճ։
Լուսանկարը` ArmGeo
Մթնաձորի կիրճը գեղեցիկ է հատկապես տարվա այս եղանակին։ Երթուղու ընթացքում մի քանի անգամ քարերի վրայով անցնելու եք գետը։ Այս արշավին խորհուրդ է տրվում մասնակցել միայն արշավական փորձի առկայության դեպքում։ Երթուղու երկարությունը 14 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Շրեշտասար
Նոյեմբերի 8-ին ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ բարձրանալու Շրեշտասար, որի անունը պայմանավորված է փեշերին աճող շրեշ բույսի հետ։ Այս կոնաձեւ ժայռային բլուրի վրա կան նաեւ բերդի ավերակներ, իսկ գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Վարդանես լիճ։
Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Վերելքը սկսվելու է Ելփին գյուղից։ Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 710 մ։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Նոյեմբերի 9 (կիրակի)
ԱՐԻ Խոխա. Արշավ Խոսրովի արգելոց
Առաջիկա կիրակի ակումբը 6-14 տարեկան խոխեքի հետ գնում է Խոսրով արգելոց՝ քայլելու արջերի եւ լուսանների հետքերով։ Արգելոցում աճում է մոտ 1849 բուսատեսակ, ինչը կազմում է Հայաստանի բուսական աշխարհի 50%-ը։ Այստեղ է ապրում նաեւ 283 կենդանատեսակ։ Քայլարշավը սկսվելու է Գառնի գյուղից։
Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Անցնելով Ազատի կիրճով՝ մուտք կգործեք լեռնատափաստանային եւ անապատային արգելոց՝ փնտրելու գորշ արջերի, լուսանների, վայրի խոզուկների եւ նապաստակների հետքեր։ Իհարկե, ակումբը զգուշացնում է ծնողներին, որ սա պարզապես կատակ է։ Արշավի ընթացքում երեխաները կանցնեն նաեւ միջնադարյան կամրջով՝ հասնելով Քարերի Սիմֆոնիայի մոտ։ Երթուղու երկարությունը 8 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Մագելանի քարանձավ
Նոյեմբերի 9-ին ակումբը մեկնում է Մագելանի քարանձավ, որը Հայաստանում մեծությամբ երկրորդն է եւ պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին (ձեւավորվել է կոնգլոմերատների մեջ)։ Այս տեսակի մեջ իր երկարությամբ քարանձավն 9-րդն է աշխարհում։ Մագելանի քարանձավի ընդհանուր ցանցը 1720 մ է, իսկ ներսում ջերմաստիճանը 7-8°C է ՝ անկախ դրսի եղանակից։ Այցելության ընթացքում անցնելու եք հատուկ մշակված մոտ 350 մ ճանապարհ, որտեղ կլինեն նաեւ ցածր առաստաղով (բարձ․ 0.4-0.5 մ) նեղ անցումներ։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
ArmLand արշավական ակումբ. Վարդագույն կիրճ-Երանոսի լեռներ
Նոյեմբերի 9-ին ակումբն իրականացնելու է արշավ Երանոսի լեռներում՝ միստիկ Վարդագույն կիրճով։ Այն սիրված է արշավականների շրջանում գեղեցիկ վարդագույնի երանգների շնորհիվ։
Լուսանկարը` ArmLand
Քայլքը սկսելու եք Լանջազատ գյուղից։ Երթուղու երկարությունը 16-17 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
North Peak լեռնային ակումբ. Վերելք Բազումթառ (Թոդոր)
Այս կիրակի North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Բազումի լեռների Բազումթառ (Թոդոր, 2796 մ) լեռնագագաթ: Քայլքը սկսվելու է Լոռվա մարզի Պուշկինո գյուղից: Երթուղու երկարությունը 20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1400 մ։
Մանրամասները՝ հղումով։
«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Մայմեխ (Ձիթանից) լեռ
Նոյեմբերի 9-ին ակումբն իրականացնելու է վերելք Ձիթհանիցսար լեռ (3081 մ)։ Արշավը սկսվելու է Շահումյան գյուղից, որտեղից Փամբակի լեռների հյուսիսային լաջներով կքայլեք դեպի գագաթ։
Լուսանկարը` «Խարույկ»
Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ, Արագած, Բովաքարի, Բազումի, Կովկասի լեռներ։ Երթուղու ընդհանուր երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1350 մ։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Համշեն Տուր. Քայլարշավ Կիրանց + Սրանոցի կամուրջ
Կիրակի օրը Համշեն Տուրը հրավիրում է Տավուշի Աճարկուտ գյուղից իրականացնել հրաշալի քայլարշավ դեպի Կիրանց վանք: Երթուղու ընթացքում Քարահան գետի վրա կտեսնեք 12-13-րդ դարերում կառուցված լայնաթռիչք, միակամար տպավորիչ կամուրջը, որը հայտնի է Սրանոցի կամուրջ անվանումով։ Քայլարշավն ամբողջությամբ անցնում է գեղատեսիլ անտառներով։ Երթուղու ընդհանուր երկարությունը 21 կմ է։
Մանրամասները՝ հղումով։
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։
Պատրաստեց Յանա Շախրամանյանը















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: