Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 8-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասված է.
«Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը եւ արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ կատարվեց նաեւ Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին եւ արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգեխնամ աշխատանքներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղությամբ շարունակելու է ջանքեր գործադրել։
Զրուցակիցները կարեւորեցին միջազգային հարթակներում համատեղ հետեւողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների եւ ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: