Երեխաների ստեղծագործությունները հաճախ պատմում են այն, ինչ նրանք չեն ասում բառերով։ Մանկական արվեստի թանգարանում յուրաքանչյուր գծած գիծ, ձեւավորած կավե աշխատանք կամ ստեղծած բեմադրություն բացում է մի ամբողջ աշխարհ՝ լի երազանքներով, վախերով ու հույսերով։
2025 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Մանկական արվեստի թանգարանի վերաբացումը։ Երեք տարվա պատրաստման, վերանորոգման եւ կազմակերպչական բարդ գործընթացից հետո թանգարանը վերադարձել է իր պատմական տարածք՝ նորացված կոնցեպտով եւ կրթական բազմազան ծրագրերով։

Լուսանկարը` Մեդիամաքս
2020 թվականից թանգարանի տնօրենը Վահան Բադալյանն է։ 17 տարեկանում նա ստեղծել էր իր առաջին թատրոնը՝ նկուղում։ Այդ ինքնաբուխ եւ նվիրված փորձը հետագայում դարձավ նրա կյանքի ուղենիշ՝ մշակույթի եւ արվեստի զարգացման ճանապարհին։ Վահանի ներկայացումներից մեկը նայել էր Հենրիկ Իգիթյանը եւ հետո աշխատանք առաջարկել Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ)։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մանկական թանգարանի գաղափարը ծնվեց երեխաների աշխատանքների ցուցահանդեսից, որը կազմակերպել էր Հենրիկ Իգիթյանի կինը՝ Ժաննա Աղամիրյանը։

Լուսանկարը` ԳԱԿ
Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ նրանց որդու՝ Ռուբենի աշխատանքները», - պատմում է Վահան Բադալյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցավոք, Մանկական պատկերասրահի հիմնադրումից հինգ տարի անց՝ 1975 թվականին, Ժաննա Աղամիրյանը իր երեխաների՝ 14-ամյա Ռուբենի եւ 6-ամյա Մարիամի հետ, զոհվեց Երեւան-Բաթումի չվերթ իրականացնող ինքնաթիռի վթարում:
1978 թվականին Մանկական պատկերասրահը վերածվեց թանգարանի: Տարիների ընթացքում թանգարանին կից զարգացել են կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի բաժինները։ Ժամանակին նաեւ ջազային վոկալ խումբ են ունեցել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վահան Բադալյանի գլխավոր նպատակն էր վերադարձնել թանգարանն իր իրական տարածք։ Ճանապարհը հեշտ չէր. «Երեք տարի պահանջվեց՝ փաստաթղթային եւ վարձակալական խնդիրները լուծելու, տարածքը ազատելու, շինարարություն սկսելու համար։ Վերանորոգման աշխատանքները հնարավոր դարձան Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ», - ներկայացնում է Վահան Բադալյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նորացված թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին։ Այցելուների հարմարավետությունը ապահովելու համար ստեղծվել են մատչելի մուտքեր, տեղադրվել են վերելակներ, բացվել է հանդերձարան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանը նաեւ նոր բրենդինգ ունի. ստեղծվել է կարմիր աստղով լոգոն, տեղադրվել են նավիգացիոն նշաններ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այցելուներին դիմավորում են թանգարանի հիմնադիրների պատկերները՝ նրանց խոսքերով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Յուրաքանչյուր սրահ հստակ թեմատիկ ուղղվածություն ունի։ Բացման պահին ներկայացված է «Սասունցի Դավիթ» թեմայով ցուցադրություն՝ ապլիկացիաներից մինչեւ կերամիկա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրությունները պարբերաբար կթարմացվեն։ «Եթե նախկինում հիմնական ցուցադրությունը տարիներով չէր փոխվում, հիմա ուզում ենք ստեղծագործող երեխաներին իրենց աշխատանքները թանգարանի պատերին տեսնելու հնարավորություն տալ», - նշում է տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանին կից գործում է նաեւ գրադարան՝ արվեստին նվիրված գրքերով։ Կարելի է բաժանորդագրվել եւ օգտվել գրականությունից, ինչպես նաեւ մասնակցել արվեստի պատմության դասերին ու գրքերի շնորհանդեսներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թանգարանի ներքեւի հարկում բացվել է նորարարական արվեստանոց՝ «Արտ բոքս» ծրագրի շրջանակում։ Այն նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Շաբաթ-կիրակի օրերին այստեղ կանցկացվեն ընտանեկան ծրագրեր, իսկ շաբաթվա ընթացքում՝ ստեղծագործական դասեր։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Թանգարանը պետք է կենդանի օրգանիզմ լինի։ Այցելուն պետք է ոչ միայն ցուցադրությունը դիտի, այլեւ ստեղծագործի հենց տեղում», - ընդգծել է Վահան Բադալյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մանկական արվեստի թանգարանը վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ։ Ամենամեծ փորձը կուտակվել է Շվեյցարիայի «Կրեավիվա» թանգարանի եւ «Պաուլ Կլեե» կենտրոնի հետ։ Շվեյցարացի արվեստագետ Ֆրանց Բրուլհարթն արդեն չորրորդ անգամ է գալիս Հայաստան՝ վարպետության դասեր անցկացնելով հայ երեխաների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Համատեղ նախագծեր իրականացվում են նաեւ Շվեդիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի գործընկերների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում անվճար սովորում է շուրջ 1800 երեխա: Այդ հնարավորությունը հատկապես կարեւոր է մարզերի երեխաների համար։ «Մարզերում բոլոր դասերը անվճար են։ Երեւանում կա պետպատվերի շրջանակ, որի շնորհիվ որոշակի թվով երեխաներ եւս անվճար են սովորում։ Դիլիջանում եւ Բերդում նոր արվեստանոցներ ենք բացել, որպեսզի երեխաներն իրենց համայնքներում արվեստով զբաղվելու հնարավորություն ունենան», - պատմում է Վահան Բադալյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնը կարեւորում է մարզերի մասնակցությունը նաեւ միջազգային նախագծերում։ Յուրաքանչյուր հյուր արվեստագետ պարտադիր այցելում է մարզեր, որտեղ անցկացնում է վարպետության դասեր եւ հանդիպումներ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մինչ այս պահը մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացած էին վերաբացման վրա։ Այժմ կանցնենք մեծ կրթական եւ մշակութային նախագծերի իրականացմանը։ Երազանք է, որ ապագայում կազմակերպենք միջազգային փառատոն կամ բիենալե», - խոստովանում է Վահան Բադալյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա հույս ունի, որ թանգարանը զբոսաշրջիկների համար Երեւանի կարեւորագույն մշակութային կետերից մեկը կդառնա։ «Սովետական շրջանում զբոսաշրջիկները այցելության երկու պարտադիր վայր ունեին՝ Մատենադարանն ու Մանկական արվեստի թանգարանը։ Ամեն ինչ կանենք, որ այդ ավանդույթը վերականգնենք», - վստահեցնում է տնօրենը:
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: