Արեւմտահայ բանաստեղծ, գրող եւ բժիշկ Ռուբեն Սեւակի 140-ամյակին ընդառաջ ռուսերեն հրատարակվել է նրա բժշկական պատմվածքների ժողովածուն։ Գրքի հեղինակն ու թարգմանիչը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Մաթեւոսյանն է, որը ոչ միայն արեւմտահայերենից ռուսերեն է թարգմանել «Բժշկի օրագրից պոկված էջեր» պատմվածքների շարքը, այլեւ՝ լրացրել դրանք Ռուբեն Սեւակի մասին գրված ակնարկով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրքի ստեղծմանն աջակցել է HENDERSON նորաձեւության տունն, իսկ սեպտեմբերի 7-ին Ռուբեն Սեւակի 140-ամյակին նվիրված գրական-թատերական երեկոյի ընթացքում տեղի է ունեցել դրա շնորհանդեսը։ Այն վարել է բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի ռուսական եւ համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի դոցենտ Սոնա Մարգարյանը։
«Կարեւոր է հիշել, պահպանել եւ նոր շունչ տալ մեր ունեցածին»
Ստեփան Մաթեւոսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի հեղինակ եւ թարգմանիչ
Ռուբեն Սեւակի հետ առաջին «հանդիպումս» դեռ ուսանողական տարիներին էր՝ Երեւանի Դրամատիկական թատրոնում։ Բեմում Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» դրամայի հիման վրա բեմադրված ներկայացումն էր, իսկ կենտրոնական կերպարը՝ Դանիել Վարուժանը։ Այդ ժամանակ էր, որ ինձ տպավորեցին Վարուժանի, Ռուբեն Սեւակի կերպարներն ու սկսվեց հետաքրքրությունն արեւմտահայ գրականության հանդեպ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսանողական տարիներին կարդացի «Բժիշկ Չեխով» գիրքը՝ Բորիս Շուգինի հեղինակությամբ։ Այն պատմում էր ռուս գրող եւ դրամատուրգ Անտոն Չեխովի բժշկական գործունեության մասին, իսկ նա եղել եւ մնում է իմ ամենասիրելի հեղինակներից մեկը։ Ռուբեն Սեւակը եւս բժիշկ էր, եւ ես ցանկացա ուսումնասիրել նրա գործունեությունն ու ընթերցողին ներկայացնել հենց այս տեսանկյունից։ Ինչ-որ պահից հասկացա՝ իր մասին լավագույնս գրել է հենց հեղինակը՝ «Բժշկի օրագրից պոկված էջեր» պատմվածքների շարքում։ Դրանցում տեղ են գտել Ռուբեն Սեւակի մտքերը կյանքի, առողջության, բժշկության, կրթության ու այն բոլոր հարցերի մասին, որոնք կարեւոր ու արդիական են նաեւ այսօր։
Որոշեցի թարգմանել այս պատմվածքները ռուսերեն՝ հասանելի դարձնելով ավելի մեծ թվով մարդկանց։ Ինքս էլ բժիշկ եմ եւ սա թույլ տվեց, որ ավելի համարձակ գործեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակի 31 պատմվածքի թարգմանությունից բացի, գրքում տեղ գտավ նաեւ իմ ակնարկը Ռուբեն Սեւակի մասին, որի համար հիմք դարձավ երկարատեւ աշխատանքը Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հայաստանի արխիվներում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ 20-րդ դարի սկիզբը մեր գրականության, բժշկության ու շատ այլ ոլորտների համար ծաղկունքի շրջան էր՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց եւ այլք։ Հայոց ցեղասպանությունն ընդհատեց այս շրջանը, բայց կարեւոր է, որ այսօր հիշենք, պահպանենք եւ նոր շունչ տանք նրան, ինչ ունենք եւ «Ապրե՛նք երկար», ինչպես հուշում է այս երեկոյի կարգախոսը։
«Խոսք, որ բուժում է դեղերից առավել»
Մագդա Ջանփոլադյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Այս գրքի ստեղծմամբ Ստեփան Մաթեւոսյանը ռուսալեզու ընթերցողի համար բացահայտել է Ռուբեն Սեւակի ժառանգության բոլորովին նոր էջ։ Մինչ այս ռուսերենով հրատարակվել էին միայն հեղինակի բանաստեղծությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրքում Ստեփան Մաթեւոսյանը նշում է՝ Ռուբեն Սեւակն իր պատմվածքներում անդրադառնում է կրթությանը, կրոնին, գիտության։ Նա ընդգծում է, որ, լինելով բժիշկ, Սեւակը մեծ դեր էր տալիս բժշկության մեջ բուժիչ խոսքին։ Ռուբեն Սեւակը համոզված էր, որ բժշկի աջակցող եւ ապրումակցող վերաբերմունքը որոշիչ դեր ունի հիվանդության հաղթահարման ճանապարհին։ Մաթեւոսյանը մեջբերում է Ռուբեն Սեւակի խոսքերը, որոնք ցանկանում եմ հնչեցնել նաեւ այստեղ՝ «Նշանակված տարատեսակ դեղերը հաճախ հակասում են մեկը մյուսին, բայց սա չէ, որ պետք է բուժառուին։ Նա բազմաթիվ նշանակումներով թերթիկի կարիքը չէ, որ ունի։ Նրան պետք է մխիթարանք, ապրելու հույս, կամքի ու ոգու ամրության վերականգնում»։ Կարծում եմ՝ այս միտքն առավել քան արդիական է նաեւ այսօր։
«Ձգտել ապագային՝ ճանաչելով սեփական արմատները»
Ռուբեն Հարությունյան, HENDERSON նորաձեւության տան հիմնադիր նախագահ
HENDERSON ընկերությունում կա սկզբունք՝ մեզ համար կարեւոր է ոչ միայն ոլորտը, որում գործում ենք, այլեւ՝ հասարակությունը, որում ապրում ենք։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես համոզված եմ, որ ոչ մի պետություն կամ ժողովուրդ չի կարող ուժեղ լինել առանց մշակույթի, արվեստի ու հզոր կրթության։ Սրանք հենասյուներն են, որոնց վրա է միայն հնարավոր կառուցել լավ ապագա։
Մեզ համար կարեւոր էր Ռուբեն Սեւակի ստեղծագործությունների հրատարակումը, քանի որ նա, ցավոք, լիովին բացահայտված չէ ընթերցողների կողմից։ Գրքի հրատարակումը ռուսերենով թույլ կտա նրան առավել ճանաչելի դարձնել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Արտերկրում Հայաստանի մասին լսում, երկիրը ճանաչում են մշակույթի միջոցով։ Կարծում եմ՝ հենց այն կարող է միավորել ժողովուրդներին։ Օրինակ՝ Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին գիտեն ամբողջ աշխարհում։ Այո՛, երաժշտությունը համընդհանուր լեզու է, բայց այդպիսին կարող է լինել նաեւ մեր գրականությունը։ Սա այն է, ինչ պետք է իմանանք ինքներս ու կիսենք նաեւ աշխարհի հետ։ Անցյալում մնալը ճիշտ չէ, բայց սեփական արմատները ճանաչելը՝ պարտադիր։ Պետք է ձգտել ապագային՝ գիտակցելով ամուր հիմքը, որն ունենք։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: