Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում Մեդիամաքսը կանցկացնի «Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության» պանելային քննարկումը:
Քննարկումը տեղի կունենա Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, մուտքն ազատ է:
Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը, գրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւ Civilnet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի կխոսեն այն մասին, թե ինչու քիչ գրականություն ունենք Հայաստանի նորագույն պատմության մասին եւ ինչպես կարելի է այդ բացը լրացնել:
Քննարկման ընթացքում կներկայացվի Մեդիամաքսի հրատարակած նոր գիրքը. «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը»: Այն կազմված է ս.թ. մարտ եւ ապրիլ ամիսներին Արա Թադեւոսյանի եւ Դավիթ Տոնոյանի ունեցած 5 ծավալուն զրույցների հիմա վրա:
Գրքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (2018թ. մայիս-2020թ. նոյեմբեր) եւ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010թ. հոկտեմբեր-2017թ. փետրվար) Դավիթ Տոնոյանը մանրամասն անդրադառնում է կարեւոր հարցերի, որոնց մասին նախկինում չէր խոսել:
Դրանց թվում են զինվորականների եւ քաղաքական ղեկավարության հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում, զինված ուժերի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, 2016թ. Ապրիլյան պատերազմը, 2018թ. իշխանափոխությունը, 2020 թվականի պատերազմը, 2021թ. սեպտեմբերից 2024թ. օգոստոս իր անազատության մեջ գտնվելը:
Գրքի «Թղթապանակ» բաժնում ներկայացված փաստագրական նյութերն օգնում են ավելի լավ պատկերացում կազմել կարեւոր իրադարձությունների եւ դրանց նախապատմության մասին:
Գրքի երեւանյան միջազգային փառատոնի տոնավաճառում «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրքը կարելի է գնել հատուկ գնով. 3 500 դրամ՝ 4 500 փոխարեն: Տոնավաճառը սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին գործելու է Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում՝ ժամը 12։00-ից 21։00-ը:
Գիրքը վաճառվում է «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:
Գիրքը հասանելի է նաեւ Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումով.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: