«Սյունիքում հնարավոր է». «Արտ Ակադեմիա»-ի հաջողության պատմությունը - Mediamax.am

183 դիտում

«Սյունիքում հնարավոր է». «Արտ Ակադեմիա»-ի հաջողության պատմությունը


Քրիստինե Աղաբեկյանը
Քրիստինե Աղաբեկյանը
Քրիստինե Աղաբեկյանը
Քրիստինե Աղաբեկյանը
Քրիստինե Աղաբեկյանը
Քրիստինե Աղաբեկյանը

Այս տարվա ապրիլից Գորիսում բացված «Արտ Ակադեմիա» զարգացման կենտրոնը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի 2-ից 6 տարեկան երեխաներին ապահովի խաղաղ, անվտանգ ու սիրով լի միջավայրով՝ իրենց հույզերը հասկանալու, գործնական հմտություններ զարգացնելու եւ խաղալով սովորելու համար։

 

Իրականում սա ոչ միայն կենտրոն է, այլեւ 25-ամյա հոգեբան Քրիստինե Աղաբեկյանի անձնական երազանքի իրականացման արդյունքը, որն այս ամենը սկսել է բառացիորեն զրոյից՝ գաղափարից մինչեւ վերանորոգված տարածք եւ մասնագիտական թիմ։ 

 

2024-ի հուլիսին «Արտ Ակադեմիա»-ի հիմնադրումը հնարավոր դարձավ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Վորլդ Վիժն Հայաստանի եւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող «ՍՔԱՅ Նեթ․ Երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շնորհիվ։

 

Սյունիքում երեխաների զարգացման նոր ուղին

 

25-ամյա Քրիստինեն մասնագիտությամբ հոգեբան է։ Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ուսումնասիրել է ընտանիքի հոգեբանություն։ Աշխատել սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ զուգահեռ փորձ ձեռք բերելով զարգացման տարբեր կենտրոններում ու կրթական հաստատություններում։

 

Մինչեւ «Արտ Ակադեմիա»-ի բացումը, Գորիսում վաղ մանկական տարիքային թերապեւտիկ ծառայությունները գործնականում բացակայել են։ Երեխաները եւ նրանց ընտանիքները ստիպված էին լինում հասնել Երեւան՝ զարգացման նույնիսկ ամենապարզ ծրագրերի համար։ Այս ամենը ոչ միայն ժամանակատար էր, այլեւ ֆինանսական ու հոգեբանական ճնշում էր հատկապես սոցիալապես խոցելի ընտանիքների համար։ Եվ Քրիստինեն սկսեց ուղիներ փնտրել իր գաղափարը կյանքի կոչելու համար։ 

 

«Երբ գաղափարը լրիվ հասունացել էր, հասկացա՝ ժամանակն է սկսել։ Մի պահ մտածում էի՝ մենակ չեմ կարողանա, բայց հետո ինքս ինձ ասացի, որ ոչ ոք իմ երազանքի իրականացման համար չի պայքարելու», – պատմում է Քրիստինեն։

 

Ծրագրի շրջանակում նա մասնակցել է տարբեր դասընթացների, ստացել խորհրդատվություն, մշակել բիզնես գաղափար, որը հավանության է արժանացել եւ ֆինանսավորվել ԵՄ-ի կողմից։ 

 

Ստացված դրամաշնորհի եւ սեփական ներդրումների շնորհիվ հնարավոր է դարձել վերանորոգել տարածքը, կահավորել երեխաների համար անվտանգ, խաղային եւ ուսուցողական միջավայր, ձեռք բերել մասնագիտական նյութեր, կահույք, խաղալիքներ, գրենական պիտույքներ ու թերապեւտիկ պարագաներ։

 

Թերապիա՝ առանց ախտորոշման պիտակի

 

«Արտ Ակադեմիա»-ում գործում են հստակ մշակված ծրագրեր՝ կավաթերապիա, ավազաթերապիա, նկարչաթերապիա, հեքիաթաթերապիա եւ ուլունքագործություն։ Խմբերը գործում են ըստ տարիքի, սակայն բովանդակությունը միշտ ներառական է։ 

 

Կենտրոն են հաճախում 2-ից 6 տարեկան երեխաներ, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող։ 

 

«Մենք ունենք աուտիզմի սպեկտրով երեխաներ, բայց դա երբեք չի շեշտվում խմբում։ Միայն մասնագետները գիտեն այդ մասին։ Երեխան գալիս է որպես երեխա, ոչ թե «խնդիրով» երեխա։ Թերապիան հիմնված է խաղի, արվեստի և շփման վրա՝ նպաստելով հուզական և սոցիալական զարգացմանը», - ընդգծում է Քրիստինեն։

Քրիստինե Աղաբեկյանը Քրիստինե Աղաբեկյանը

 

Կենտրոնում այժմ սովորում է 30-ից ավելի երեխա, որոնց հետ կատարվում է խմբային, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ անհատական աշխատանք։ Խմբերը ձեւավորվում են երեխաների տարիքային առանձնահատկությունների համաձայն։ Ամենափոքրերի՝ երկու-երեք տարեկանների խմբում շեշտը դրվում է մանր եւ խոշոր մոտորիկայի զարգացման վրա։ Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ թվերի, պատկերների, գույների ճանաչմանը եւ խոսքի հարստացմանն ու ակտիվացմանը։ 

Նախակրթարան հաճախող երեխաների խումբը ձեւավորվել է աշխատող ծնողներին աջակցելու նպատակով․ երեխաները կենտրոնում կարող են մնալ մինչև 18։30-ը։

 

Ամառային դպրոցը նախատեսված է առաջինից չորրորդ դասարանների երեխաների համար։ Երկու ժամ տեւողությամբ պարապմունքները բաղկացած են թե՛ ամառային տնային հանձնարարությունների, թե՛ ստեղծագործ, ինտերակտիվ աշխատանքի փուլերից։ Երեխաները զբաղվում են ձեռագործությամբ, խոհարարությամբ, աշխատում են կավի ու ուլունքների հետ, ինչի շնորհիվ ձեւավորում են ինքնուրույն գործելու, մտածելու եւ փորձարկելու հմտություններ։

 

Համայնքային վստահություն ու մշակույթի փոփոխություն Գորիսում

 

Քրիստինեն նշում է՝ դժվարությունն ամեն ինչից առաջ հասարակական ընկալման մեջ էր։

 

«Գորիսում արտ թերապիայի վերաբերյալ սկզբում շատ թերահավատ էին։ Շատ ծնողներ չէին պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է տալ ավազը կամ կավը երեխայի զարգացմանն ու հուզական կայունությանը։ Բայց երբ սկսեցին տեսնել, որ իրենց երեխաները նոր միջավայրում ավելի ինքնուրույն են դառնում, զարգանում ու խաղաղվում են, կարծրատիպերը սկսեցին քանդվել»,- ասում է նա։

 

Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են ծնողական հանդիպումներ, բաց քննարկումներ, որտեղ կարեւոր պայման է երկու ծնողի համատեղ ներգրավումը։ 

 

Քրիստինեն հատուկ շեշտում է երեխայի դաստիարակության հարցում հոր դերակատարման կարեւորությունը եւ ավելացնում․ 

 

«Հիմնականում երեխաներին հայր ծնողներն են բերում կենտրոն. սակայն երբ հասնում է երեխայի հետ կապված կարևոր որոշումների ընդունմանը, մայրն է կայացնում։ Մենք փորձում ենք փոխել փոխել այս մոտեցումը՝ ներգրավվելով երկու ծնողներին»:

 

Կենտրոնը նաեւ համագործակցում է երեխաների հետ աշխատող այլ մասնագետների հետ։ «Ցանկացած հաջողված աշխատանք սկսվում է համագործակցությունից։ Եթե գիտեմ, որ երեխայի հետ աշխատում է հոգեբան կամ մանկավարժ՝ կենտրոնից դուրս, անպայման կապվում եմ։ Սկզբում տարօրինակ էր նրանց համար, բայց հիմա հասկանում են՝ միայն այդպես կարելի է օգնել երեխային»,– ասում է Քրիստինեն։

 

Ապագայի երազանքը՝ լիցենզավորված ներառական նախակրթարան

 

Չնայած սկզբնական փուլը միայնակ է անցել, բայց Քրիստինեն հասցրել է ձեւավորել մասնագիտական թիմ, որում յուրաքանչյուրն անցել է վերապատրաստում, ունի երեխաների հետ աշխատելու փորձ եւ, կարեւորը՝ համընկնող արժեհամակարգ։

 

Քրիստինեի հաջորդ նպատակը կենտրոնը լիցենզավորված ներառական նախակրթարան դարձնելն է․ ունենալ սեփական տարածք, ապահովել ամբողջական խնամք՝ ուսուցում, սնունդ եւ հանգիստ։ Սա կդառնա ոչ միայն երեխաների, այլեւ համայնքի աշխատող ծնողների կյանքի որակի բարելավման եւս մի քայլ։

 

«Հիմա կենտրոնի եկամուտը միայն բավարարում է աշխատակիցների աշխատավարձը, տարածքի վարձը ու նյութերի ծախսերը հոգալու համար։ Բայց մենք սիրով ենք անում այս ամենը։ Ու գիտենք, որ հենց այս սիրով էլ ենք փոխում իրականությունը Գորիսում»,– ժպտում է Քրիստինեն։

 

Երբ երազանքն արմատներ է տալիս համայնքում

 

«Արտ Ակադեմիա»-ն այսօր այլեւս պարզապես մի աղջկա մանկության երազանքը չէ։ Այն դարձել է համայնքային վստահության, երեխայի հանդեպ անհատական մոտեցման, մշակույթի ձեւավորման եւ վերափոխման վայր՝ հենց Գորիսում։

 

Այն, ինչ անում է «Արտ Ակադեմիա»-ն վերջին մեկ տարվա ընթացքում, լավագույն կերպով ներկայացնում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմնական նպատակը՝ Սյունիքի բնակիչներին հնարավորություն տալ ապրել լիարժեք կյանքով, զարգանալ եւ ապագայի հետ կապված ծրագրեր կազմել:

 

«Եթե երեխաներին չսիրես, այս ոլորտում հաջողության չես հասնի։ Հենց այդ սերն է, որ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները»,– ասում է Քրիստինեն։ Եվ հենց այդ սիրով էլ նա ու իր թիմը շարունակում են երազել, զարգացնել, ստեղծել ու վստահեցնել՝ Սյունիքում հնարավոր է։ 

 

Անահիտ Բաղդասարյան

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին