Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա տրանսպորտի երթեւեկությունը - Mediamax.am

242 դիտում

Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա տրանսպորտի երթեւեկությունը



Երեւան: Մեդիամաքս: Yandex Go հավելվածն այժմ դարձել է ավելի հարմար քաղաքում տեղաշարժվելու համար։ Այժմ «Տրանսպորտ» ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում հետեւել Երեւանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի շարժին։ Դա կօգնի ավելի արդյունավետ պլանավորել երթուղիներն ու հաշվարկել տրանսպորտի սպասման ժամանակը։

Այս ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում անհրաժեշտ ավտոբուսը կամ տրոլեյբուսը՝ խուսափելով երկար սպասումից։ Սեղմելով կանգառի նշանի վրա՝ կարելի է տեսնել նշված կանգառով անցնող բոլոր երթուղիների համարները եւ դրանց ժամանման մոտավոր ժամանակը։ Հետեւելու համար հասանելի է 81 երթուղի՝ 64 ավտոբուսային գիծ, 12 միկրոավտոբուսային եւ 5 տրոլեյբուսային։

 

Ֆունկցիան հասանելի է նաեւ Yandex Map հավելվածի «Տրանսպորտ» բաժնում։ Անհրաժեշտ երթուղին գտնելու համար պետք է որոնման դաշտում մուտքագրել դրա համարը, օրինակ՝ «տրոլեյբուս 2»։ Էկրանին կցուցադրվի երթուղին, ինչպես նաեւ կանգառների եւ ժամանակացույցի քարտը։

 

Ինչպե՞ս է այն աշխատում

 

Երեւանի ավտոբուսները, տրոլեյբուսներն ու միկրոավտոբուսները հագեցած են հատուկ GPS-սարքերով, որոնք պարբերաբար փոխանցում են դրանց գտնվելու վայրի եւ արագության մասին տվյալները։ Քաղաքից ստացված տվյալների հիման վրա ծառայությունը հաշվարկում է տրանսպորտի ժամանման մոտավոր ժամանակը յուրաքանչյուր կանգառ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, օրինակ՝ ընթացիկ ճանապարհային իրավիճակը, երթուղիների շարժի տվյալները եւ նույնիսկ ճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Ստացված տվյալները իրական ժամանակում ցուցադրվում են Yandex Go եւ Yandex Maps հավելվածներում։

 

«Հանրային տրանսպորտին իրական ժամանակում հետեւելու հնարավորությունը ոչ միայն կխնայի երեւանցիների ժամանակը, այլեւ կթեթեւացնի քաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այսպիսի լուծումները խելացի քաղաքի կառուցման բանալին են, որտեղ եւ՛ բնակիչները, եւ՛ զբոսաշրջիկները կարող են զգալ հարմարավետ եւ վստահ։ Մենք ուրախ ենք, որ Yandex Armenia-ն դարձավ առաջին տեխնոլոգիական գործընկերը, որը աջակցեց Երեւանի քաղաքապետարան հասարակական տրանսպորտի ընթացիկ տեղադիրը քաղաքացիներին հասանելի դարձնելու նախաձեռնությանը»,- ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 

«Մեր նպատակը Yandex Go հավելվածով հնարավորինս շատ առօրյա խնդիրների լուծումն է։ Երեւանի բնակիչները ակտիվորեն օգտվում են հանրային տրանսպորտից։ Այժմ, երբ հավելվածում հնարավոր է հետեւել քաղաքի բոլոր վերգետնյա երթուղիների շարժին, օգտատերերը կարող են ավելի լավ պլանավորել ուղեւորությունները եւ ընտրել տվյալ պահին ամենահարմար տրանսպորտը», - նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

 

Yandex Armenia-ն ներկայացված է ուղեւորությունների, առաքման եւ սննդի առցանց պատվերների ծառայություններով, աշխարհագրական ծառայություններով, ժամանցային հարթակներով, ինչպես նաեւ կրթական նախագծերով։ Ընկերությունը մշակում եւ ներդնում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնց նպատակն է բարելավել օգտատերերի կյանքը եւ զարգացնել երկրի թվային միջավայրը։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին