2020 թվականի 44-օրյա պատերազմում եղբորը կորցնելուց հետո Հայկուհի Սուլեյմանյանի համար շատ դժվար էր վերգտնել սրտի ուրախությունը, չէր կարողանում մարդկանց հետ շփվել, ընկերանալ, սակայն 2022 թվականին «Հայորդի» ճամբարում հանդիպելով երեխաների, որոնք անցնում են նույն դժվարությունների միջով, սկսել է հետզհետե փոխվել։
Հիմա արդեն 17-ամյա Հայկուհին «Հայորդի»-ի կամավորներից է, աջակցում է ճամբարի կազմակերպմանն ու փորձում այլ երեխաների եւս օգնել վերագտնել սրտի ուրախությունը։
Այս տարվա հուլիսի 28-ից մեկնարկած «Հայորդի» ամենամյա ճամբարն անցկացվում է արդեն 5-րդ անգամ։ Այն նախաձեռնում է «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ նպատակ ունենալով միավորելու եւ աջակցելու պատերազմի հետեւանքով կորուստ ունեցած ընտանիքների երեխաներին: Այս տարի ճամբարին մի քանի փուլով մասնակցում է 330 երեխա։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան
Ճամբարի կազմակերպչական աշխատանքներում որպես կամավորներ եւ ջոկատավարներ ներգրավված են պատերազմի միջով անցած մարդիկ՝ վիրավորում ստացած զինվորներ, զոհված հայորդիների կանայք, քույրեր:
Հայկուհին ճամբարին ծանոթ է եղել դեռեւս դրա սկզբնավորման փուլում, երբ 2020 թվականի պատերազմի օրերին «Հայորդի»-ի հիմնադիր Վաչե Վարդանյանն ընկերների հետ կազմակերպել էր առաջին փոքրիկ ճամբարն Օշականում։
«2020 թվականի հոկտեմբերի 1-ին եղբայրս՝ Արթուր Սուլեյմանյանը, պոստերից եկավ, որ ինձ համոզի՝ Արցախից տեղափոխվեմ Երեւան։ Չէի ուզում, բայց որ ինքն ասաց, գնացի։ Հոկտեմբերի 24-ին ծնունդս էր, խոստացավ, որ կգա միասին հեծանիվ կքշենք։ Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 23-ին, բայց այդ մասին ինձ օրեր անց ասացին»,- հիշում է նա։
Հայկուհու ընտանիքը Արցախ է վերադարձել 2020 թվականի նոյեմբերի 27-ին եւ բնակություն հաստատել Ճարտար գյուղում։ 2022 թվականին նա եկել է «Հայորդի» ճամբար, հիշում է, որ ոչ ոքի չէր ճանաչում, սկզբում դժվարությամբ էր ծանոթանում, բայց հետո ինքն իր մեջ վախը հաղթահարել է ու շատ ընկերներ ձեռք բերել։

Լուսանկարը` Մեդիամաքս
«2023 թվականին շրջափակման պատճառով չկարողացա գալ ճամբար, շատ էի տխրել։ Իսկ 2024-ին, երբ նայեցի ճամբարի հայտարարությունը, տեսա որ մինչեւ 14 տարեկանն է, իսկ ես արդեն 16 էի։ Գրեցի ընկեր Վաչեին, ասաց, որ կամավորի օգնականներ են իրենց պետք, այդպես արդեն երկրորդ տարին է, որ այստեղ կամավոր եմ»,- պատմում է նա։
Այժմ ընտանիքը Կապանում է բնակվում, Հայկուհին էլ ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։
«Եղբորս կորստից հետո շատ ագրեսիվ էի դարձել, բայց մամաս ասում է, որ գնում ես «Հայորդի», ոնց որ իմ աղջիկը չլինես. տանը սենյակից դուրս չես գալիս, իսկ երբ գնում ես այնտեղ, մեկ էլ տեսնում ենք՝ Հայկուհին տեսախցիկի առաջ պարում է»,-ծիծաղելով պատմում է նա ու հավելում. «Երեխեքն էլ ինձ են օգնում. երբ տեսնում եմ, որ մեկն իմ խոսքից ուրախանում է, ծիծաղում է, ես էլ եմ ուրախանում»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տարի ճամբարը նվիրված է փոխգնդապետ Խորեն Օհանյանի հիշատակին, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Խորեն Օհանյանն իմ հրամանատարն է եղել, երբ Հադրութում էի ծառայում։ Պատերազմի ժամանակ ինքն է մեր ջոկատի մարտը վարել, ու հիմա կյանքով իրեն ենք պարտական, մեզ համար շատ բան է արել պատերազմի ընթացքում»,- պատմում է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Սուրեն Դիլբարյանը, որը «Հայորդի» ճամբարի կամավորներից է։
«Ես վիրավորվել եմ պատերազմի 44-րդ օրը, դրանից 5 րոպե հետո ռմբակոծություն է եղել այն ուղղությամբ, որտեղ հրամանատարն էր, այդ ժամանակ է զոհվել»,- ասում է նա՝ հավելելով, որ այսօր ճամբարում իրենց հետ են հրամանատարի կինն ու երկու որդիները։
Այս օրերին Սուրենը ճամբարում ջոկատավար է, փորձում է ամեն կերպ երեխաների առօրյան հետաքրքիր ու ուրախ դարձնել։ Նրա խոսքով՝ ճամբարում բոլորը նույն գաղափարի շուրջ են հավաքվել, բոլորը գիտեն՝ ինչ է պատերազմը, եւ փորձում են միմյանց օգնել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ճամբարում, բացի զանազան խաղերից ու համերգներից, կազմակերպվում են տարբեր ուսուցողական դասընթացներ, նաեւ թերապիաներ։ Երեխաների հետ աշխատում է «Առաջնագծի հոգեբաններ» (Frontline Therapists) ՀԿ-ի թիմը։ Նրանց միջոցով «Հայորդի» ճամբարի մասին իմացել է նաեւ լիբանանահայ արտ-թերապեւտ Մայք Այվազյանը, եւ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի եկել է ճամբար՝ որպես կամավոր օգնելու երեխաներին հաղթահարել իրենց ցավերն ու վախերը։
Մայք Այվազյանը երկարամյա փորձ ունի արտ թերապիայի ոլորտում, աշխատում է հիմնականում այն երկրներում, որտեղի հասարակությունը առերեսվում է կոնֆլիկտի, այդ թվում Լիբանան, Սիրիա, Հայաստան, մի շարք արաբական երկրներ։ Դասընթաներ է իրականացրել նաեւ որոշ եվրոպական երկրներում։ Նրա հիմնական գործունեությունը Լիբանանում է, որտեղ հիմնադրել է «Astharté» հասարակական կազմակերպությունը։ Եկել է Հայաստան օգնելու, քանի որ նրա խոսքով՝ այն ամենից, ինչ կապված է Արցախի հետ, նրա արյունը սկսում է «եռալ»։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան
«Ճամբարում աշխատելիս նկատել եմ, որ գրեթե բոլոր երեխարերը սեփական հույզերը հասկանալու, անվանելու խնդիր ունեն։ Զգում են, բայց չգիտեն, թե ինչ են զգում։ Հիմա փորձում եմ օգնել նրանց հասանալ, թե ինչ են զգում ու արտահայտել դրանք անվտանգ ձեւով, նույնիսկ եթե դրանք բացասական հույզեր են, որպեսզի հետագայում էլ նույնը զգալով՝ այլեւս վախի ու մոլորվածության զգացում չունենան»,-պատմում է Մայքը։
Նրա խոսքով՝ երեխաների մոտ նկատվում է նաեւ փափուկ հմտությունների պակաս, որի ուղղությամբ եւս աշխատում են։ Արտ թերապեւտն ընդգծում է, որ բոլոր տրավմաներին արձագանքելը շատ կարեւոր է, այլապես դրանք կարող են ֆիզիկական դրսեւորումներ ստանալ։
«Երեխաներ կան, որ իրենց թույլ չեն տալիս երջանիկ լինել, մտածում են, որ եթե ուրախ են, ուրեմն ինչ-որ սխալ բան են անում։ Դա շատ տխրեցնող է, քանի որ նրանք ընդամենը երեխաներ են»,-ասում է Մայքը։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան
Մեկ այլ տարածված խնդիր էլ բխում է հասարակության վերաբերմունքից եւ պառակտումից։
«Այս երեխաներին շրջապատում ասում են, որ տեղի ունեցածն իրենց պատճառով է, որ նրանք բավարար լավը չես։ Ես մի երկրից եմ, որը բաժանված է կրոններով, ես գիտեմ, թե ինչ է հասարակության պառակտումը, իսկ այստեղ աշխարագրության բերումով տարանջատումներն ինձ համար աբսուրդ են։ Առհասարակ, վատ ղեկավարներն են պառակտում մարդկանց, որպեսզի հեշտ տիրեն, մինչդեռ լավ ղեկավարը միավորում է բոլորին։ Եվ հենց դրանում է մեր զորությունը՝ նաեւ սփյուռքի հետ միավորմամբ, քանի որ մենք բոլորս նույնն ինքնությունն ունենք ու պետք է միասին լինենք «բարեկամական» հարեւանների հետ դիմադրությունում»,-ասում է Մայքը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նպատակ ունի Հայաստանում եւս հասարակական կազմակերպություն հիմնադրել, տարվա մի մասն ապրել եւ աշխատել Լիբանանում, մյուս մասը՝ Հայաստանում։ Դրան հասնելու համար հիմա Հայաստանում կրթության ոլորտում աշխատանք է փնտրում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայորդի» ճամբարի հիմնադիր Վաչե Վարդանյանը պատմում է, որ շատ երեխաներ սկզբում կաշկանդված են լինում, սակայն 5-օրյա ճամբարի ընթացքում բացվում են, ուրախանում, հետո չեն ուզում հեռանալ։
Ճամբարում հաճախ են համերգներ կազմակերպվում, տարբեր սիրելի արտիստներ են գալիս երեխաներին հյուր, նաեւ սովորեցնում ազգային երգուպար։ Թեեւ երբեմն մեր հայրենիքի բազում կորուստների ու դժվարությունների հետ մեկտեղ դժվար է պատկերացնել ուրախությունը, սակայն «Հայորդի»-ում համոզված են, որ միայն երջանիկ մարդիկ կարող են կերտել ամուր ու ուժեղ հասարակություն՝ պատրաստ դիմագրավելու բոլոր փորձություններին։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները հեղինակի եւ Դավիթ Ղահրամանյանի/ «Հայորդի» հիմնադրամ
Ճամբարին կարող եք աջակցել հետեւյալ հաշվեհամարներով.
- Idram 098508909
-IDbank 11815010409901
-inecobank 2050090675597003
Ստացող՝ Վաչիկ Վարդանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: