Երեւան: Մեդիամաքս: Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը մտահոգություն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։
Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
«Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։
Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։
Ջեֆրի Ռոբերտսոնը նախկինում Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ», - ասված է խորհրդի հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը նշում է, որ Ջեֆրի Ռոբերտսոնը ժամանակին պաշտպանել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիի շահերը, ինչպես նաեւ հանդիսացել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդատուն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: