Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վարպետ» մրցանակը շնորհվել է Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության եւ «հեգնական մռայլության» վարպետ Ադիլխան Երժանովին։
«Այս տարի մրցանակը հանձնում ենք մի կինոարվեստագետի, ով հիացրել է մեզ եւ մենք հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,- նշել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Մրցանակն Ադիլխան Երժանովին հանձնել է Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։
«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Կինոյին եւ Մատենադարանին կապում է ազգային եւ համամարդկային լինելը։ Մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան եւ ով գիտի՝ գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որեւէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,-նշել է Վահե Թորոսյանը։

Ադիլխան Երժանովը ծնվել է 1982 թվականին Ղազախստանում։
Նա Asia Pacific Screen Awards-2019 մրցանակի դափնեկիր է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Սեւ, սեւ մարդ» ֆիլմի համար։
2021 թվականին Ադիլխան Երժանովը հարցազրույցներից մեկում ասել էր.
«Կարծում եմ, որ կինոյում դոգմատիզմը նույնն է, ինչ ֆանատիզմը կյանքում։ Կինոն չպետք է սահմանափակի իրեն ինչ-որ բանում։ Սահմանափակումներ կարող է սահմանել միայն գործի գեղարվեստական տրամաբանությունը։ Այսինքն՝ ցանկացած նոր ֆիլմ որոշակի կանոնագիրք է։
Կարծում եմ՝ հիմարություն է մի ֆիլմի, մի տիեզերքի համար հարմար եղածը տեղափոխել մեկ այլ ֆիլմ, մեկ այլ տիեզերք։ Ես մեռնում եմ ամեն նկարած ֆիլմով եւ վերածնվում եմ նոր ֆիլմում։ Ես նախընտրում եմ այդպես աշխատել։ Եթե ինքդ քեզ համար գեղարվեստական սահմանադրություն ստեղծես եւ կուրորեն հետեւես դրան, որպես նկարիչ երկար չես ապրի։ Կարող ես դառնալ քո լավագույն ժամանակների ողորմելի պարոդիան։ Շատ ավելի լավ է բնության պես լինել եւ զարգացման լավագույն ուղիներ փնտրել։ Եթե տեսնում եմ, որ իմ մեթոդները չեն աշխատում, փորձում եմ բարելավել դրանք։ Ես, ինչպես Բայրոնը, այրում եմ այն, ինչը պաշտում էի, եւ պաշտում եմ այն, ինչն այրել եմ։ Դա նորմալ գործընթաց է։ Կարծում եմ, որ նեղմտությունը միշտ վատ է»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: