Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ «Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ»:
«Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին», - հուլիսի 11-ին ասել է Վեհափառ Հայրապետը՝ ելույթ ունենալով քահանայից տարեկան ժողովին, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։
«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունը իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում» (Հռ. 5.3-5)։

Լուսանկարը` Մայր Աթոռ
Սիրելի հոգևոր հայրեր, աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին: Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ», - ասել է Գարեգին Երկրորդը:
Նրա խոսքով, «Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին»։
Վեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին անվհատ ու ամուր մնալ իրենց ծառայության մեջ, առավել զորացնել հավատացելոց հոգևոր խնամքն ու աղոթական կյանքը, գոտեպնդել մեր ժողովրդին հավատով, հույսով ու սիրով՝ զերծ պահելու պառակտումներից․

Լուսանկարը` Մայր Աթոռ
«Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով Եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով։ Անհրաժեշտ աշխատանք տարեք, որպեսզի ժողովրդի մեջ պատշաճ կերպով ընկալվեն հակաեկեղեցական ընթացքների բուն դրդապատճառները։ Թույլ չտանք, որ մերժելի այս երևույթները, տարատեսակ մոլորեցնող հրապարակումներն ու հայտարարությունները որևէ կերպ թյուրընկալումների տեղիք տան՝ տկարացնելով մեր ազգն ու Եկեղեցին։ Միշտ գիտակցենք, որ բոլոր հայորդիները մեր հոգևոր զավակներն են և սիրով խրատենք ու ճիշտ ճանապարհի ուղղորդենք նրանց»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: