Մեդիամաքսն առանձնացրել է հուլիսի 12-13-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հուլիսի 12 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Տիրինկատար
Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է արշավ դեպի Արագած լեռնազանգվածի գագաթներից մեկը՝ Տիրինկատար լեռն (2858 մ) ու Վիշապների հովիտը։ Արշավը սկսվելու է Արագածի լանջին գտնվող Ամբերդի մոտից, որտեղից անցնելով Ամբերդ գետը՝ բարձրանալու եք դիմացի ձորալանջ: Ալպյան մարգագետիններով քայլելու եք դեպի Տիրինկատար լեռ, որտեղից իջնելու եք Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի ամենամեծ հավաքատեղը՝ Տիրինկատար: Այս սրբավայրը հայտնաբերվել է մի քանի տարի առաջ եւ հանրությանը հայտնի է դարձել բոլորովին վերջերս:

Լուսանկարը` ArmGeo
Տիրինկատարի գոգավորությունը ներառում է առնվազն տասը, հավանական է՝ ավելի, վիշապաքարերով կրոմլեխներ: Սա վիշապաքարերի մինչ այժմ հայտնի ամենամեծ կուտակումն է մեկ պատմաաշխարհագրական միջավայրում։ Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Արշավ Մանթաշի ջրվեժ
Հուլիսի 12-ին ակումբը մեկնում է Շիրակի մարզ՝ Մանթաշի ջրվեժում զովանալու: 21 մ բարձրություն ունեցող ջրվեժը գրանցված է ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում եւ գտնվում է Արագածի հյուսիսարեւմտյան լանջերին։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Քայլարշավը սկսվելու եւ ավարտվելու է Արագածի Քարի լճի մոտ: Երթուղու երկարությունը՝ 16 կմ, հարաբերական բարձրությունը՝ 670 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա. 6-14 տ. խոխա արշավ Գեղամասարի ջրվեժներ
Շաբաթ օրն ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Գեղարքունիքի մարզ զովանալու։ Արշավը սկսվելու է Գեղամասար գյուղից, որտեղից գետի հունով կբարձրանաք` բացահայտելու 3 ջրվեժներից բաղկացած կասկադը։ Քայլքի ընթացքում կհիանաք նաեւ կապուտակ Սեւանով։ Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 490 մ:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հուլիսի 13 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Մթնալիճ, Ռապի լիճ եւ Աստղկան
Կիրակի օրն ակումբը հրավիրում է մասնակցել արշավ դեպի Արագածի բարձրալեռնային լճերը։ Առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից բեռնատարով կհասնեք 3000 մ բարձրության վրա գտնվող Ռապի լիճ։ Ռապից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի հյուսիսային պատը։ Այնուհետեւ կսկսեք քայլարշավը դեպի Մթնալիճ, որը մոտ 3500 մ բարձրության վրա է։ Լճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ եւ կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։

Լուսանկարը` ArmGeo
Այնուհետեւ երթուղին կշարունակվի դեպի Աստղկան լիճ։ Այստեղ կարճ դադարից հետո կվերադառնաք Ռապի լճի մոտ եւ ոտքով կիջնեք մինչեւ Գեղաձոր գյուղ։ Երթուղու երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ
North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ): Այս գագաթը (իրական) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը: Վերելքը սկսվելու է արեւելյան գագաթի ստորոտից, ուր հասնելու եք բեռնատարով՝ Արագած գյուղից: Երթուղու երկարությունը մոտ 13 կմ, հարաբերական բարձրությունը` 1300 մ: Կեղծ գագաթից իրական գագաթ անցում կկատարվի միայն լավ եղանակային պայմանների եւ ռելիեֆի լավ վիճակի դեպքում՝ ուղեկցորդների որոշմամբ: Մասնակցության համար պարտադիր է ունենալ լեռնային վերելքների փորձ եւ լավ ֆիզիկական մարզավիճակ, ինչպես նաեւ՝ համապատասխան գույք ու հանդերձանք:
Մանրամասները՝ հղումով:
ArmLand արշավական ակումբ. Վերելք Արագածի Հարավային գագաթ
Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է դեպի քառագագաթ Արագած` վերելք կատարելու լեռան Հարավային գագաթը (3887մ): Արշավը սկսվելու է Արագածի լանջերին փռված Քարի լճից:
Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:
Մանրամասները՝ հղումով:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Ակնալիճ եւ Ակնա լիճ
Հուլիսի 13-ին ակումբը մեկնում է բացահայտելու Գեղամա առեղծվածային մոլորակը: Սպասվում է սիրուն, ծաղկաշատ եւ թեթեւ ալպյան վերելք Ակնասար (3264 մ): Գագաթից կարոտներդ կառնենք Գեղամայի թագուհուց՝ Աժդահակից, եւ կհիանաք դեպի լիճ բացվող համայնապատկերով: Ակնա լիճը 2018 թ.-ից ընդգրկված է բնության պետական հուշարձանների ցանկում:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Արշավը սկսվելու է Սեւաբերդ գյուղից, լիճ կմոտենաք բեռնատարով, այնուհետեւ կսկսեք վերելքը: Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 230 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հատիս Տուր. Վերելք Պառակատար եւ Քարտեզ լիճ
Հուլիսի 13-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Վայոց ձորի մարզ՝ Արտավան: Սկզբում կայցելեք Արտավանի լիճ, որն առավել հայտնի է Աշխարհի քարտեզ, Հայելի լիճ եւ Ալլիճ անվամբ։ Այն ծովի մակերեւույթից 2235 մ բարձրության վրա է: Այնուհետեւ սկսվելու է վերելքը Փառակատար լեռ (2528 մ): Այդ ընթացքում կտեսնենք լիճն իր ողջ հմայքով՝ առավել լավ նկատելով աշխարհի քարտեզի նմանվող տեսքը:
Մանրամասները՝ հղումով:
Գիտարշավ ակումբ. Արշավ թումանյանական Թմկաբերդ (Ջավախք)
Կիրակի օրն ակումբը մեկնում է Ջավախք՝ քայլելու դեպի թումանյանական Թմկաբերդ: Միջնադարում այն պատկանել է Զաքարյան իշխանատոհմի կրտսեր ճյուղ Սարգիս Թմկաբերդցուն (Թմոգվելի) եւ նրա ժառանգներին: Բերդի հզորությունն եւ անառիկությունը լավագույնս ներկայացված են Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 2 կմ է: Բոլոր մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան անձնագիր:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: