7 ֆիլմ, որ արժե դիտել Ոսկե ծիրան 2025-ում - Mediamax.am

exclusive
900 դիտում

7 ֆիլմ, որ արժե դիտել Ոսկե ծիրան 2025-ում


Լուսանկարը` IFFR

Լուսանկարը` Full frame fest

Լուսանկարը` Full frame fest

Լուսանկարը` Berlinale archive

Լուսանկարը` Berlinale archive

Լուսանկարը` Directors library

Լուսանկարը` The Atlas


Հուլիսի 13-ին մեկնարկող «Ոսկե ծիրան-2025»-ը խոսում է կարոտով, մոռացված հիշողություններով ու ցավի մեջ ապրելու հնարքներով։ Մեդիամաքսն առանձնացրել է ֆիլմեր, որոնք տեղ են խնդրում ձեր հիշողության մեջ։ Դրանցում կգտնեք ընտանեկան պատերի ճաքեր, պատերազմի «նորմալացում», կարոտ ու էլեկտրական խաբկանքներ։

 

1.    Պայծառ հուշեր․ Միշա Վալեխո

 

Միշա Վալեխոն իր առաջին ֆիլմում փորձ է անում լուսանկարել բացակայող հորը։ Ավելի ճիշտ՝ նրան, ով երբեք չի ուզեցել տեսնել իր ընտանիքը։ 

Լուսանկարը` Full frame fest

Lուսանկարիչ պապը կյանքում երբեք չի լուսանկարել հարազատներին՝ խարան համարելով նրանց ծագումն ու սոցիալական դասը։ Միշան գտնում է պապի հին տեսախցիկը ու սկսում հավաքել մի ալբոմ, որը երբեք գոյություն չի ունեցել։

 

 

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին (IDFA)։

 

2.    Դանդաղ այրվող հողի երգերը․ Օլհա Ժուրբա

 

Օլհա Ժուրբան, ստանձնելով պատերազմական լրագրողի դերը, դիտարկում է Ուկրաինան պատերազմից ի վեր։ Ֆիլմը աուդիովիզուալ օրագիր է, որտեղ ականատեսների պատմություններն ու երկխոսությունները միահյուսվում են հեղինակի դիտարկումներին։ 

Լուսանկարը` Full frame fest

Կոլեկտիվ աղետի ֆոնին ուկրաինացիների նոր սերունդը ձգտում է պատկերացնել ապագան: Օլհան խորհում է կարեւորագույն ողբերգության՝ պատերազմի «նորմալացման» մասին։

 

 

Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում:

 

3.    Երազելուց հետո․ Քրիստինե Հարությունյան

 

Ֆիլմը սկսվում է մի ջրհոր փորողի սխալմամբ կատարված սպանությամբ, որի ընտանիքը չի ցանկանում լուրը հայտնել նրա դեռահաս դստերը՝ Կլոդետին։ Նրանք վարձում են զինվոր Ատոմին՝ նրան ժամանակավորապես հեռու տանելու համար մինչեւ հուղարկավորության ավարտը, ինչը հանգեցնում է մտերիմ եւ անսպասելի հարաբերությունների։

 

Հերոսները շրջում են գյուղական վայրերով եւ հանդիպում տարբեր կերպարների (որոնց մեծ մասին մարմնավորում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ). կադրը ստանում է սպեկտրալ ներկայություն։ 

Լուսանկարը` Berlinale archive

Ֆիլմը ժամանակային տեղաշարժի ստեղծագործություն է, որը ոգեշնչվում է երբեմն սյուրռեալիստական պատկերներով եւ կրկնվող, պոետիկ երկխոսություններով։

 

Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

 

4.    Իմ հայկական ուրվականները․ Թամարա Ստեփանյան

 

Մանկության տարիներին Թամարա Ստեփանյանը հայկական ֆիլմերում հաճախ տեսել է հորը՝ հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանին։ Ֆիլմը նոստալգիկ ճամփորդություն է հայ կինոյի եւ հեղինակի անցյալի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման տարիներին մեծանալու եւ Լիբանան տեղափոխվելու մասին։ Հեղինակը բռնում է դիտողի ձեռքն ու ցույց տալիս հայկական (խորհրդային) կինոն, որը միահյուսվում է ընտանեկան արխիվին։

Լուսանկարը` Berlinale archive

Թամարան հրավիրում է կինոճանապարհորդության, որը վերջում վերածվում է մտերիմ երկխոսության հոր հետ։

 

Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

 

5.    Երիտասարդ մոր տունը. Դարդեն եղբայրներ

 

Կաննի կինոփառատոնի լավագույն սցենարական դափնեկիր ֆիլմը պատմում է հինգ դեռահաս մայրերի մասին, որոնք ապրում են ապաստարանում եւ ձգտում են ավելի լավ ապագայի:

Լուսանկարը` Directors library

Երեխաների կերպարները, որոնք արդեն իսկ ծնող են, հուզիչ է, բայց ամենից ցավոտը մեծահասակների պատկերումն է, որոնք առօրյա հոգսերի ծանրության տակ հրաժարվում են ընդունել իրենց պատասխանատվությունը։ 

 

 

Ֆիլմը հարց է տալիս՝ ի՞նչ է նշանակում պատասխանատվություն, երբ մայր ես դառնում 16 տարեկանում։ 

 

6.    Ժուկով-ժամանակով Գազայում. Նասսեր եղբայրներ

 

Երիտասարդ ուսանող Յահյան ընկերանում է սրտաբաց ռեստորանատեր Ուսամայի  հետ։ Շուտով նրանք ստիպված են լինում պայքարել կաշառակեր ոստիկանի դեմ։

 

 

Սյուրռեալիստական, բայց ցավոտ հումորով լեցուն պատմություն է, որտեղ սենդվիչների միջով փոխանցվում են թմրանյութեր։ 

Լուսանկարը` The Atlas

Ֆիլմը ներկայացնում է Գազայի երիտասարդությունը՝ ցավի եւ հումորի քողի տակ։

 

7.    Սուրբ էլեկտրականություն․ Տատո Կոթեթիշվիլի  

 

Երկու զարմիկների ձեռքում երկաթե խաչերով լի ճամպրուկ է հայտնվում: Նրանք այն փայլեցնում են ու սկսում վաճառել Թիֆլիսի բնակիչներին։

Լուսանկարը` IFFR

Ֆիլմի ոչ թե մեկ ամբողջական պատմություն է, այլ տեսարանների հոսք, որը կառուցված է երկու զվարճալի կերպարների շուրջ: 

 

 

Ֆիլմն ունի բազմաթիվ պատմողական շղթաներ, բայց ընտանիքը, թերեւս, անկյունաքարն է: Հանդիպում ենք նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսիք են դեռահասների սիրավեպը, տրավման եւ նույնիսկ քվիր անձանց խնդիրները: 

 

Աստղիկ Հովհաննեսով

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին