Չարենցյան պայքարի ոգին, որ արտացոլված է պատկերված դեմքերի ամեն մկանում, թումանյանական Լոռին՝ Դեբեդի ձայնով, որ «լսվում է» նկարից, Իսահակյանի «Աբու Լալա Մահարին», որը շշնջում է արեւելյան մի մեղեդի՝ տեղափոխելով դիտողին դեպի անծայր անապատ։ Այս ամենը միավորված է հայկական գրաֆիկայի նշանավոր վարպետ Հենրիկ Մամյանի աշխատանքներում։
Նրա գծանկարների, գրքային նկարազարդումների եւ հոգեւոր թեմատիկայով աշխատանքների «Շնչող էջեր» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Ազգային պատկերասրահում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեդիամաքսը ցուցադրության չորս սրահով շրջել է Հենրիկ Մամյանի դուստր, ճարտարապետ Զարուհի Մամյանի հետ, զրուցել նկարչի աշխարհընկալման, ընկերների ու Հայաստանը «մանրամասն սիրելու» մասին։
«Նա կարողացել է զգալ ուժը, պատկերել այն եւ փոխանցել»
Այս ցուցահանդեսը ճիշտ չէ անվանել հետահայաց, որովհետեւ դրանում ընդգրկված է գրքային գրաֆիկայի եւ հորս մյուս աշխատանքների մի մասը միայն։ Ես եւ քույրս՝ Լուսին Մամյանը, որոշեցինք կազմակերպել այն՝ նվիրելով Հենրիկ Մամյանի 90-ամյակին։ Կազմակերպչական հարցերում մեզ շատ աջակցեց Հայաստանի Ազգային պատկերասրահը։ Այսօր «Շնչող էջեր»-ն ամբողջացնում է աշխատանքներ մեր ընտանեկան հավաքածուից, Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդից, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից, Մայր Աթոռից եւ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց։ Դրանք փայլուն կերպով համադրել է Մարգարիտա Խաչատրյանը, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում։
Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը շատ դիպուկ է, որովհետեւ հորս կերտած պատկերներն իսկապես շնչում են, արտացոլում նրա ներաշխարհն ու էությունը։ Այստեղ ներկայացված են Լեւոն Շանթի «Հին աստվածներ» գրքի, Դանիել Վարուժանի «Հարճ»-ի նկարազարդումները, ինչպես նաեւ՝ Լյուդվիգ Դուրյանի, Վահագն Դավթյանի, Եղիշե Չարենցի, Նար-Դոսի, Ավետիք Իսահակյանի, Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններինը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կան աշխատանքներ, որոնց բնօրինակը ինքս էլ առաջին անգամ եմ տեսնում, օրինակ՝ «Ձուլողներ» թեմատիկ եռապատկերը։ Այն պահվում է պատկերասրահի ֆոնդում եւ ամեն անգամ դրան նայելիս չեմ կարողանում թաքցնել հուզմունքս։
Եռապատկերի վրա հայրս աշխատել է 36 տարեկանում, ամեն անգամ մտածում եմ՝ ինչպես է երիտասարդ տղան այսպես զգացել ուժը, պատկերել եւ փոխանցել դիտողին։
«Դպրոց՝ ոչ թե նկարչության, այլ՝ աշխարհընկալման»
Հիշում եմ հորս իր արվեստանոցում՝ օֆորտի մեծ սարքի առաջ՝ ներկից սեւացած ձեռքերով։ Արվեստանոցը մեր՝ իմ ու քույրիկիս հեքիաթների աշխարհն էր, եւ այստեղ էինք գալիս միշտ, երբ ցանկանում էինք տեսնել նրան։ Առավոտյան եւ օրվա ընթացքում հայրս դասավանդում էր՝ նախ Գեղարվեստաթատերական ինստիտուտում, իսկ հետո նաեւ երկար տարիներ ղեկավարում էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի ամբիոնը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մանկավարժի չտեսնված ձիրք ուներ, եւ սա ասում եմ նաեւ որպես իր ուսանողուհի: Շատ նվիրված էր ուսանողներին եւ սրա շնորհիվ է, որ նրա կրթած սերունդը լավ տիրապետում է գծանկարի եւ օֆորտի տեխնիկաներին, իսկ վերջինս գրաֆիկայի ամենաբարդ ձեւերից է։
Նա չափազանց հարգում էր իր ուսուցիչներին՝ Արա Բեքարյանին, Վռամշապուհ Շաքարյանին, Էդուարդ Իսաբեկյանին: Արդյունքում տանը՝ բոլորիս համար էլ նրանք նշանակալի դեր ունեին եւ առ այսօր մեր ամենամտերիմ մարդկանցից մեկը Արա Բեքարյանի դուստրն է՝ Սեդան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա մարդկանց այն տեսակն էր, որ կիսում էր միեւնույն արժեքներն ու գաղափարները։ Հիանալի դպրոց էր՝ ոչ թե նկարչության, այլ՝ աշխարհընկալման։
«Մեր տուն զանգահարում էին ու հարցնում՝ «Աբու Լալան տա՞նն է»»
Միգուցե անհամեստ կհնչի, բայց հայրս իսկապես բացառիկ էր, ու դա կարող են փաստել նրան ճանաչած մարդիկ։ Խորապես ինտելեկտուալ էր, ինչն այսօր, ցավոք, քիչ է հանդիպում։
Գիրք նկարազարդելու աշխարհ նրան բերել է գիրքն անսահման սիրելու ճանապարհը։ Հիշում եմ՝ արդեն հիվանդ էր, չէր կարողանում ինքնուրույն կարդալ եւ մայրս հարցնում էր՝ ինչ կուզի լսել։ Պատասխանում էր՝ «ինձ համար «Մցիրին» կարդա»։ Հեղինակներից շատերը նրա ընկերներն էին՝ մեր «տան մարդիկ»։ Վահագն Դավթյանը քեռիս էր, մտերիմ էր Գեւորգ Էմինի, Լյուդվիգ Դուրյանի, Ռազմիկ Դավոյանի, Պարույր Սեւակի, Հրանտ Մաթեւոսյանի, Հրանտ Թամրազյանի, Հրաչիկ Հովհաննիսյանի, Վանո Սիրադեղյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջերս ծանոթացա գրող Սեւակ Արամազդի հետ, նա ապրում է Գերմանիայում, բայց հաճախ գալիս է Հայաստան: Իմանալով, որ Հենրիկ Մամյանի աղջիկն եմ, բերեց իր առաջին գիրքը, որի նկարազարդումները հայրս էր արել։ Կիսվեց՝ շատ էր ուրախացել, երբ հրատարակչությունում ասել էին, որ գրքի վրա աշխատելու է Մամյանը։ Արդեն երիտասարդ տարիքում նա անուն էր կերտել։
Նոր գիրք սկսելուց առաջ հայրս մանրամասն զրուցում էր հեղինակի հետ եւ արդյունքում ստանում պատկերներ, որոնք ոչ թե լրացնում են գրքի բովանդակությունը, այլ՝ դառնում առանձին, արժեքավոր ստեղծագործություն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբեմն այնքան էր «ձուլվում» ստեղծագործությանը, որ իրեն նույնացնում էին դրա հերոսների հետ։ Հիշում եմ՝ հորս մտերիմներից պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը զանգահարում էր մեր տուն ու հարցնում մորս՝ «իսկ Աբու Լալան տա՞նն է» (ծիծաղում է – հեղ.)։ Հետո, երբ ինքս առաջին անգամ եղա Արեւելքում, նայում էի անապատին ու թվում էր՝ գնացողները հենց հորս պատկերած ուղտերն են։
«Եկեղեցին՝ ազգային կարեւոր ինստիտուտ»
1962 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը հայրիկիս ու նկարիչ Հովհաննես Մինասյանին հրավիրել է աշխատել Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարների վրա: Արդյունքում Հովհաննես Մինասյանի հետ նրանք 4 տարի ապրել են այդ եկեղեցում։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ տարիներին եկեղեցու հետ աշխատելն ինչ էր նշանակում: Պապս բավականին բարձր դիրքով կուսակցական աշխատող էր, բայց դա չխանգարեց հորս՝ եկեղեցու հետ «ընկերանալուն», եւ այդ ընկերությունը մնաց ու պահպանվեց մինչեւ վերջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջերս Օշականում էի, որտեղ ինձ 70-անց մի տղամարդ մոտեցավ ու պատմեց՝ ինչպես է երեխա ժամանակ օգնել հորս ու Հովհաննես Մինասյանին, նրանց համար ջուր բերել, այլ գործեր կատարել։ Մի «գաղտնիք» էլ կա, որմնանկարներում՝ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների թվում, հեղինակները պատկերել են նաեւ իրենց ու հորս ընկեր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանին, որն այդ շրջանում այցելում էր նրանց։ Այս եկեղեցու որմնանկարներն ավարտելուց հետո հայրիկին առաջարկել են մեկնել Երուսաղեմ՝ նկարազարդելու հայկական եկեղեցին, պայմանով, որ պետք է ընդունվի Կկուսակցության շարքերը։ Առաջարկը մերժվել է. նա իր էությամբ ապակուսակցական մարդ էր։ Հայրս սկզբունքներ ուներ, որոնց չդավաճանեց։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եկեղեցու հետ նրա հարաբերությունները շատ լավ բնորոշում է մտերմությունը Վազգեն Առաջինի հետ։ Մեր ընտանեկան հավաքածուի մաս է կազմում Կաթողիկոսի նկարը, որն արվել է 1975թ. մարտի 23-ին։ Այն մեկ գծով եւ մեկ շերտ ներկով աշխատանք է, որն արվել է նրանց հերթական հանդիպումներից մեկի ժամանակ։ Հայրս ոչ այնքան կրոնական, եկեղեցական մարդ էր, որքան շատ ներքին, խորն ու անտեսանելի հարգանքի զգացում ուներ եկեղեցու ինստիտուտի նկատմամբ: Նրա համար եկեղեցին հենասյուն էր՝ ազգային կարեւոր ինստիտուտներից մեկը։
Համատարած աղմուկն ու Հայաստանը, որ պետք է մանրամասն սիրել
Այսօր ես եւ քույրս աշխատում ենք Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ու, բնականաբար, շատ ուսանողներ «մեր հետեւից» եկան ու ծանոթացան այս ցուցադրությանը: Շատ եմ լսում նրանցից՝ «ինչո՞ւ սա չգիտեինք», չէ՞ որ սա ենք մենք, սա է մեր որակը, իրական Հայաստանն՝ իր արժեքներով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ «Շնչող էջեր»-ը պարզապես գրքերի նկարազարդումների ցուցադրություն չէ, այն մտածելու մեր հատկությունն է, արժեքների արտացոլանքը։ Համատարած աղմուկի մեջ այսօր քիչ են հնչում նկարիչների, երաժիշտների, գրողների անուններ, բայց մենք պետք է պինդ պահենք այն, ինչը որոշում է մեր տեղն այս երկրագնդի վրա, ցույց տալիս՝ ով ենք: Այս ցուցահանդեսը ձոն է լավ ժամանակներին, երբ մարդիկ ինտելեկտուալ էին եւ դա կյանքի նորմա էր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ մարդկանց արժեքային համակարգը պատկերացնելու համար մի դրվագ էլ պատմեմ։ Արցախյան առաջին պատերազմի օրերն էին։ Հայրս որոշ ժամանակ չէր խոսել Գրիգոր Խանջյանի հետ, եւ մի օր նա անհանգստացած զանգահարեց մեր տուն ու հարցրեց՝ «Հենրի՛կ, այս ո՞ւր ես կորել»։ Հայրս պատասխանեց, որ զբաղված էր, տարբեր անելիքներ կային։ Խանջյանն էլ ծիծաղեց՝ «ես էլ ասեցի դու էլ ես Ռուսաստան գնացել»։ Այսինքն, հորս դեպքում թողնել գնալն այնքան անիրական, անհավանական սցենար էր, որ կարող էր միայն կատակի ու ծիծաղի առիթ դառնալ։
Կարծում եմ՝ այս ցուցահանդեսը Հայաստանը «մանրամասն սիրելու» ու այդ սիրո արձանագրումն է։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: