Մանկուց սիրել եմ հին, «կուլտային» ֆիլմերը, բայց դրանք համակարգչով կամ հեռախոսով դիտելիս ինձ միշտ թվում է, որ չեմ ընկալում դրանք այնպես, ինչպես, օրինակ, ծնողներս, որ Տարանտինոյի ֆիլմերը դիտել էին կինոթատրոնում։ Բոլոր նրանց համար, ովքեր իմ պես ցանկանում են որսալ կինոյի «հին ընկալումը», 2022-ic Երեւանում է գործում է ArtPokaz նախագիծը, որը «Կինոմոսկվա»-ում ցուցադրում է հին ու նոր ֆիլմեր, օրիգինալ լեզվով եւ ռուսերեն ենթագրերով։
«Ճանապարհի» սկիզբը
Ամեն բան սկսվեց նրանից, երբ ArtPokaz-ի ապագա հիմնադիր Դմիտրի Պոկրովսկին հնչյունային ռեժիսոր էր։ Կադրի «մյուս կողմում» լինելով՝ նա արագ հասկացավ, որ ֆիլմերի ստեղծման գործընթացը իրեն չի գրավում ։

Լուսանկարը` Artpokaz
«Սկզբում չգիտեի՝ ինչ եմ ուզում անել, հետո հասկացա, որ կինոն մարդկանց միավորում է եւ որոշեցի ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել», - պատմում է նա:

Լուսանկարը` Artpokaz
2013 թվականին ArtPokaz-ը ցուցադրեց առաջին ֆիլմը Սանկտ Պետերբուրգում՝ 13 տեղանոց կամերային կինոթատրոնի դահլիճում։ Այդ փոքրիկ դահլիճը միշտ լեփ-լեցուն էր եւ այդտեղից սկսվեց ArtPokaz-ի պատմությունը, որը հետագայում Հայաստան հասավ։
Լեփ-լեցուն դահլիճների գաղտնիքը
ArtPokaz-ի համար լեփ-լեցուն դահլիճները սովորական են։ Բայց կազմակերպիչները չեն որոշում, թե ինչն է «օգտակար» հանդիսատեսի համար, իսկ ինչը՝ ոչ։
Նրանք երբեք չեն փորձում լսարան «կրթել»: ArtPokaz-ում ամեն բան հակառակն է՝ այստեղ ֆիլմերն ընտրվում են հանդիսատեսի խնդրանքով։
«Մարդիկ մեր սոցցանցերում տարբեր ֆիլմեր են առաջարկում եւ մենք քվեարկություն ենք անում։ Փորձը ցույց է տվել, որ ցածրորակ ֆիլմեր, որպես կանոն, չեն առաջարկում», - հպարտանում է Դմիտրին։

Լուսանկարը` Artpokaz
Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է նախագիծը հարմարվում եւ գործում նոր մշակութային համատեքստում: Առաջին հանդիպումը Երեւանի հետ անսպասելի էր, բայց, ինչպես պարզվեց, բավական հաջողված: Որակյալ ֆիլմերը բնօրինակ լեզվով եւ ռուսերեն ենթագրերով ցուցադրելու գաղափարն աշխատեց:
Երեւանյան լսարանը հարմար է այս ձեւաչափի համար, չնայած, ըստ Դմիտրիի, վերջին մեկ տարվա ընթացքում կազմը նկատելիորեն փոխվել է:
«Երբ նոր էինք սկսում, դահլիճը գրեթե հավասար բաժանվում էր՝ տեղացիներ եւ ռելոկանտներ: Հիմա տեղացիներն ավելի շատ են: Հանդիսատեսը անընդհատ փոխվում է, դինամիկ գործընթաց է: Նման տեղաշարժերը ազդում են ֆիլմերի ընտրության վրա. այն, ինչ հաջողում էր Ռուսաստանում, միշտ չէ, որ աշխատում է Երեւանում: «Դասական» համարվող ֆիլմերն այնքան էլ մեծ լսարան չեն ապահովում՝ ի տարբերություն բարձր որակի գիտական ֆանտաստիկայի», - ասում է Դմիտրին՝ բերերով Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելար» ֆիլմի օրինակը:
«Լավ-վատ» կինո
ArtPokaz-ի կայքում նշվում է, որ կինոն իրենց համար ոչ թե ինդուստրիա է կամ բիզնես, այլ կախարդանք։ Նախագիծը սկսելիս Դմիտրին վստահ էր, որ գիտի, թե ինչ ֆիլմեր արժե ցուցադրել.
«Ավելի երիտասարդ էի եւ հստակ կարծիք ունեի՝ սա լավ կինո է, սա այն է, ինչ պետք է մարդկանց։ Մեծ էկրանին, որակյալ ձայնով, ենթագրերով, թվում էր, թե ես կարեւոր բան եմ անում»։

Լուսանկարը` Artpokaz
Սակայն իրականությունն արագ հղկեց էնտուզիազմը։
«Շուտով հասկացա, որ ինձ դուր եկող ֆիլմերը պարտադիր չէ, որ բոլորին դուր գան։ Յուրաքանչյուր դիտող ունի իր ճաշակը։ Այս աշխատանքը սովորեցրեց ինձ ավելի լայն նայել իրողություններին։ Նստում էի դահլիճում բոլոր ցուցադրությունների ժամանակ, հետո լսում էի, թե ինչ են խոսում մարդիկ դահլիճից դուրս գալիս։ Ապշում էի՝ նույն ֆիլմը, նույն դահլիճը եւ այդքան տարբեր արձագանքներ։ Այդպես հասկացա, որ ճաշակ թելադրել պետք չէ»։
Որտեղ է ապրում կինոն
Artpokaz-ը դեռեւս լայնածավալ ընդլայնման ծրագրեր չունի: Կան գաղափարներ՝ քննարկվում են ձեւաչափերը, դիտարկվում են քաղաքները, բայց նոր վայրերի գործարկումը «հետո»-ի հարց է մնում: Մոսկվայում եւ Երեւանում Artpokaz-ն իրեն վստահ է զգում՝ ոչ միայն որպես ֆիլմերի տարածմանը նպաստող նախագիծ, այլեւ մշակութային երեւույթ:

Լուսանկարը` Artpokaz
Իրական կինոթատրոնները կարեւոր են Artpokaz-ի համար: Ոչ թե լոֆթային տարածքները, պատի պրոյեկցիաները, այլ լավ իմաստով «հին» դահլիճներ՝ ծանր նստատեղերով, վարագույրով եւ մեծ էկրանով։
«Կինոմոսկվան եզակի վայր է։ Շատ երկրներում նման դահլիճները փակվել կամ վերանորոգվել են, իսկ այստեղ դրանք կենդանի են։ Թանկ են պահպանելու տեսակետից, շարունակում են գործել, եւ դա շատ բան է նշանակում», - ասում է Դմիտրին:
Աստղիկ Հովհաննեսով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: