Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները «ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ» հանդես են եկել հայտարարությամբ:
«Անընդունելի ենք համարում եւ դատապարտելի Հայաստանի օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսեւորումներով։
Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի Մայր Հայաստան եւ ի Սփյուռս.
• Անսասան մնալ իրենց սուրբ եւ ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ եւ հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու՝ չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսեւորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը եւ պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի եւ Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական եւ խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության եւ անդորրի։
• Հավատարիմ քրիստոնեական արժեքներին՝ ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգեւոր դիմագիծը եւ միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները՝ համաձայն սուրբ առաքյալի կոչի. «...Միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13։11)։
Կոչ ենք անում Հայրենի երկրի իշխանություններին.
• Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ողջ հոգեւորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգեւոր եւ կրոնական զգացումները, այլ նաեւ վտանգում են հասարակական համերաշխությունը եւ կարող են հանգեցնել ծանր հետեւանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության եւ պետականության անվտանգությանը։
• Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջեւ ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության եւ ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։
• Հետեւողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ։
Հայրենիքի ու Եկեղեցու առջեւ ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայր Աթոռի միաբաններս՝ մեզ զորակից ունենալով Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ Ամենակալ Աստծո եւ հոգեւոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ, միակամ ու միաբան, շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել Հայ Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի շինություն Հայաստան աշխարհի»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: