Բուսաբանական այգու տիկին Անուշը - Mediamax.am

exclusive
241 դիտում

Բուսաբանական այգու տիկին Անուշը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Չգիտեմ՝ նախախնամությո՞ւն է, թե՞ պատահականությամբ ընտրված քայլերի հաջորդականություն, բայց հավատում եմ, որ շատերն աշխարհ են գալիս որեւէ առաքելությամբ։ Որոշներին հաջողվում է բռնել կծիկի թելից ու սկսել քանդել կապը, մինչդեռ մյուսներն այդ կծիկը տշելով են զբաղված։ 

 

Երեւանի Բուսաբանական այգու ջերմոցում աշխատում է տիկին Անուշը՝ Անուշ Արսենյանը։ Նա քառասուն եւ ավել տարի ապրում է բույսերի հետ։ Կանաչ տերեւների նրբության, հողի խոնավ հոտի ու լույսի նկատմամբ բույսերի զգայունության մասին նա խոսում է այնպես, ինչպես ուրիշները՝ մանկության ընկերների մասին։ Սրտի հանգիստ ռիթմով նա գտել է թելի ծայրն ու երկար տարիներ քանդում ու նոր կծիկ է մանում։ 

 

Տիկին Անուշը պատահաբար չի հայտնվել այգում․ նրա մայրիկն էլ է այնտեղ աշխատել, հաճախ իր հետ աշխատանքի տարել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որ դպրոցական էի, որոշ բույսեր ունեի, շատ էի սիրում, աճեցնում էի տանը։ Առաջին ծաղիկս հասմիկն է եղել։ Ինչ դնում էի հողում, կպնում էր, ստացվում էր բույսը բազմացնել։ Հետո դպրոցական արձակուրդներին եկա էստեղ․ մաման էր բերում իր հետ։ Ուզում էի աշխատել, մեծ աղջիկ էի արդեն։ Առաջին անգամ աշխատեցի էս հիմնարկի կոմուտատորի վրա։ 7-րդ դասարանից սկսել եմ աշխատել արձակուրդներին։ Դե, երեխա ես, որ փողի համն առնում ես, ուզում ես չէ՞ աշխատել։  Հետո աշխատել եմ Հայաստանի ֆլորայի բաժնում՝ մեծ մարդկանց հետ։ Աղասի Ասատուրովիչն էր էնտեղ, Նինա Վասիլեւնան․․․»,- պատմում է տիկին Անուշը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծաղիկների մասին գիտելիքներ մայրիկը՝ Նազիկ Թորոսյանն է փոխանցել, նա աշխատում էր ծաղկային բաժնի արտադրական հատվածում։ Դպրոցն ու քոլեջն ավարտելուց հետո Անուշն ընդունվում է կոլեկցիոն ջերմատուն։ Անգլերենի իմացությունն իրեն օգնում է, քանի որ բույսերի անվանումները լատիներեն էին։ Հագուստի մոդելավորման բաժինն է ավարտել, բայց ասում է՝ երբեք չի աշխատել այդ ոլորտում։

 

«Տեխնիկումում դասախոսներն ասում էին՝ «դու իզուր դիպլոմ մի փախցրու, դու չես աշխատելու»։ Ճիշտ էին ասում։ Բայց ես սովորեցի, ավարտեցի, ուղղակի մի օր անգամ չաշխատեցի մասնագիտությամբ։ Եկա էստեղ ու էս բույսերը ոնց որ ճահիճ լինեն, քեզ իրենց մեջ պահում են, չեն թողնում գնաս։ Բայց գիտե՞ք՝ չեմ փոշմանել։ Իրենք սթրեսից հանում են քեզ։ Որ սիրում ես, մշակում ես... Նայում ես՝ տերեւը աճել է, ուրախանում ես։ Զբաղվում ես իր հոգսով։ Եթե սեր չունենաս, պակաս ուշադրություն դարձնես, ոչ մի բան չի ստացվի»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջերմոցում բույսերն իրենց քմահաճույքներն ունեն։ Տիկին Անուշը ճանաչում է բոլորը։ Մեկին պետք է միայն եռացրած, հով ջուր տալ, մյուսը մի քիչ նեղացել է՝ ասպիրինով ջրել է պետք։ Այս մեկը լույսին շատ զգայուն է, այն մեկը՝ խոնավություն տանել չի կարողանում։ Անուշի ձեռքերի տակով անցել են հարյուրավոր բույսեր, որոնցից շատերն այսօր էլ պահպանվում են ջերմոցում՝ բարակ պիտակներով, որ տիկին Անուշն ինքը գրել է դեռ 90-ականներին։ 

 

«Պետության վիճակը որ փոխվեց, մի գիշերում ամբողջ կոլեկցիան փչացավ։ Ջերմատանը լավ կոլեկցիա կար՝ սովետի տարիներից եկող։ Մութ ու ցուրտ տարիներին ամբողջը փչացավ․․․ շան օրեր էին։

 

Ջերմոցի տարբեր հատվածներում վառարաններ էինք դրել, փայտ էինք վառում, որ գոնե մի բան պահենք։ Հետո բույսերը տեղափոխեցինք գրասենյակի շենք։ Ձմռանը փայտի վառարան էինք վառում, հերթապահում, որ ապրեն։ Ես ձյուն էի հավաքում, հալեցնում, որ ծաղիկ ջրեմ։ Պատկերացնո՞ւմ ես՝ բույսերն էդպես փրկում էինք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եղել է՝ հազվագյուտ տեսակ ենք ունեցել, մի հատ ընդամենը։ Տարել եմ տուն։ Ամուսինս դարակաշար է սարքել, դիմացը էլեկտրական տաքացուցիչ կամ փայտի վառարան էինք դնում, որ չսառեն։ Գարնանը նորից բերել եմ ջերմոց։ Շատ քիչ բաներ էին պահպանվել, բայց ժամանակի ընթացքում աշխատել ենք վերականգնել։ Մի ժամանակ ամբողջ շենքերի ջեռուցումը անջատում էին։ Ով ինչ բույս ուներ՝ սեփական, պետական, բերում էին, ու ես խնամում էի, աշխատում էի, որ ոչ մի բույս չանտեսեմ։ Հիմա էլ մարդիկ կան, խնդրում են, ձմռանը բերում ինձ մոտ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դժվարություններ շատ կան։ Տիկին Անուշն ասում է՝ ինքը երկար ժամանակ մենակ է աշխատել․ «Պիտի սիրես՝ էստեղ մնալու համար, թե չէ աշխատավարձ չկա: Մենք լճացել ենք սիրելու պատճառով, մնացել․ հիմա ո՞վ կգա»:

 

Այգին փոխվում է, ինչ-որ բաներ ավելանում են, ինչ-որ բաներ՝ պակասում, շատ բաներ՝ անտեսվում։ Բայց տիկին Անուշը ժպտում է ու ասում, որ, եթե սեր չունենաս, ոչ մի բան չի ստացվի։ Իսկ ինքը միշտ սիրել է։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Անահիտ Ամիրխանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին