2025թ. հունիսի 12-ին Hard Rock Café Yerevan-ում մեկնարկել է երկրորդ «Apricot Rally»-ն՝ միակ Harley-Davidson թեմատիկ փառատոնը Հայաստանում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Apricot Rally»-ն կազմակերպում է Mount Ararat Chapter-ը՝ Հայաստանի առաջին պաշտոնական Harley Owners Group (H.O.G.) ակումբը։ Փառատոնն այս տարի շուրջ 180 մասնակից ունի ավելի քան 15 մոտոակումբներից, որոնք Երեւանից կմեկնեն Սեւան, ապա՝ Դիլիջան:

Լուսանկարը` Մեդիամաքս
Փառատոնի հիմնադիր Գրիգորի Հարությունյանի խոսքով՝ գաղափարը ծնվել է ավելի քան հինգ տարի առաջ՝ մի քանի մոտոցիկլիստների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում էին Հայաստանում Harley-Davidson-ի շուրջ հիմնված մշակույթ եւ համայնք ձեւավորել։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում նախաձեռնությունը շատ ռիսկային էր թվում՝ Հայաստանում մոտոկուլտուրան զարգացած չէր, Harley վարողների թիվը քիչ էր։ Բայց մենք որոշեցինք հիմնել Mount Ararat Chapter-ը՝ որպես համաշխարհային Harley Owners Group ցանցի մաս», - պատմում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրիգորիի խոսքով՝ խմբի կարեւորագույն սկզբունքներից է համայնքային կապը։ «Սա պարզապես մոտոցիկլետ վարելու մասին չէ։ Սա վստահության, ընկերության եւ ընդհանուր արժեքների մասին է », - բացատրում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Mount Ararat Chapter-ի անդամների ընտրած անվանումը՝ «Apricot Rally», նույնպես կապված է հայկական խորհրդանիշների հետ։ «Արարատը մեր լոգոյում է, իսկ ծիրանը՝ մեր ինքնության մի մասն է։ Հունիսը ծիրանի սեզոնն է, ու մեր փառատոնն ուղեկցվում է ծիրանով եւ հայկական հյուրընկալությամբ», - նշում է Գրիգորին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե առաջին փառատոնին մասնակցել էր մոտ 120 մարդ՝ 45 Harley-ով, ապա այս տարի գրանցվել է 179 մասնակից եւ մոտ 80 մոտոցիկլ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Նախորդ տարվա թերություններից դասեր են քաղել։ Այս անգամ փորձել ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել՝ հստակեցված երթուղի, տեխնիկական աջակցություն եւ այն», - պատմում է Գրիգոր Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Փառատոնին մասնակցում են մոտոցիկլիստներ Ռուսաստանից, Բելառուսից եւ Վրաստանից։
Ռուսաստանից ժամանած Սերգեյն առաջին անգամ է Հայաստանում։ Եկել է ընկերների խորհրդով ու արդեն լավ տպավորություններ ունի։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սերգեյը մոտոցիկլիստ է արդեն 30 տարի, մասնակցել է փառատոների աշխարհի տարբեր վայրերում՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում ու Ռուսաստանում։
«Ճանապարհներն այստեղ հաճելի են՝ ոլորաններ կան, բայց ոչ սուր, ասֆալտը որակյալ է։ Վարելիս հաճույք ես ստանում», - նկատում է նա։
Սերգեյն ասում է, որ Harley մոտոցիկլետի հաշվին իր կյանքում հայտնվել են հարյուրավոր լավ մարդիկ։ «Մենք միմյանց սիրում ենք, իսկ մոտոցիկլը մեզ կապող միջոցն է», - ժպտում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Փառատոնի մասնակիցներից Իվան Շիխմինը Հայաստան է եկել Կրասնոդարից՝ կնոջ հետ։
Իվանի համար նման փառատոնները կարեւոր շփման համար։ «Հանդիպում ենք հին ընկերներին, ծանոթանում ենք նոր մարդկանց հետ», – պատմում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մոտոցիկլը պարզապես տրանսպորտ չէ, շեշտում է նա: «Սա մի հոբբի է, որը հոգու հանգստություն է ապահովում։ Նաեւ յուրահատուկ ֆիլտր է՝ մարդկանց ճանաչելու հարցում։ Այս փառատոններին հաճախ գալիս ենք ընտանիքով։ Այս անգամ երեխաները մեզ հետ չեն, բայց երբ ճանապարհը կարճ է լինում, նրանց էլ ենք վերցնում։ Մեզ համար սա արդեն ընտանեկան մշակույթ է», - ասում է Իվանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կազմակերպիչների նպատակն է «Apricot Rally»-ն դարձնել կանոնավոր միջազգային փառատոն։ «Ուզում ենք, որ Հայաստանը լինի այն վայրը, որտեղ տարեկան գոնե մեկ անգամ հավաքվում են Harley-Davidson-ի սիրահարները տարբեր երկրներից», - ասում է Գրիգորի Հարությունյանը։
«Apricot Rally 2025»-ի հովանավորներն ու գործընկերներն են Երեւանի կոնյակի գործարանը, «Արաթաշեն» գինու գործարանը եւ «Dargett» գարեջրի գործարանը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: