Երբեւէ մտածե՞լ եք, թե որքան տվյալներ ենք մենք ամեն օր գեներացնում ամենապարզ գործողություններով՝ խանութում գնումներ կատարելիս այս կամ այն ապրանքի ընտրությունից մինչեւ հեռախոսի էկրանը թերթելու արագություն: Մեր վարքագիծը մանրամասն ուսումնասիրվում է, իսկ հսկայական տվյալների մշակման միջոցով նախագծվում են ապրանքներ ու ծառայություններ, որոնց նախապատվություն տալու մեր ազատ ընտրությունը, պարզվում է, այդքան էլ ազատ չէ:
Աշխարհի առաջատար ընկերությունները մարդու ժամանակի համար իրենց մրցավազքում ակտիվորեն կիրառում են կոգնիտիվ գիտության եւ նեյրոգիտության հայտնագործությունները՝ հաճախ դրա համար ունենալով առանձին ստորաբաժանումներ: Օրինակ՝ հեռախոսային հավելվածների ընդհանուր դիզայնի, ծանուցումների բառընտրության, անգամ կոճակների ձեւի մշակման հիմքում հսկայական ծավալի տվյալներ են, որոնք օգնում են կանխորոշել մեր վարքագիծն ու ստիպել, որ անենք այն, ինչ ձեռնտու է ծառայությունը մատուցողին:
Հակաուտոպիա հիշեցնող այս նկարագրությունը մերօրյա իրականությունն է, սակայն ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա՝ համակարգին մարտահրավեր նետել հնարավոր է շարունակական կրթությամբ: Եթե խոշոր ընկերությունները մարդկանց կոգնիտիվ հակումների վրա հենվելով են կառուցում իրենց ռազմավարությունը, ապա սեփական կոգնիտիվ հակումները ճանաչելը կարող է օգնել մտածել հոսանքից դուրս:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիներ շարունակ կոգնիտիվ գիտություններն ուսումնասիրելուց հետո ՏՏ ոլորտի մասնագետ Վոլֆ Ալեքսանյանը որոշել է այդ գիտելիքն ավելի հասանելի դարձնել լայն հանրությանը: 2020 թվականին նա թողարկել է «UX core» նախագիծը, որտեղ համակարգված ձեւով ներկայացնում է 105 կոգնիտիվ հակումներ ու դրանցից յուրաքանչյուրի համար նշում կիրառության օրինակներ ՏՏ ոլորտից: Վերջերս «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ անդամների ջանքերով կոգնիտիվ հակումների այս առցանց գրադարանը թարգմանվել է հայերեն:
Մտածել ավելի արդյունավետ
Կոգնիտիվ գիտությունը, որն ուսումնասիրում է մարդու միտքն ու մտավոր գործընթացները, առանձնացնում է մարդու որոշումների կայացման ժամանակ գործող մի շարք կոգնիտիվ հակումներ (անգլ.՝ Cognitive bias): Դրանք լայնածավալ հետազոտությունների արդյունքում դուրս բերված կաղապարներ են, որոնք նկարագրում են այս կամ այն իրավիճակում մարդու հակվածությունը որոշակի տրամադրության, որոշման, գործողության:
Վոլֆ Ալեքսանյանը շուրջ 17 տարի է աշխատում է ՏՏ ոլորտում, իսկ վերջին տասը տարիներին զբաղեցրել է թոփ կառավարչի պաշտոններ: Մոտ 13 տարի առաջ նա սկսել է ուսումնասիրել կոգնիտիվ գիտություններ՝ հասկանալու համար, թե ինչպես են մարդիկ ընդհանրապես որոշումներ կայացնում:
«Եթե նեյրոնային մակարդակում մարդու ուղեղի աշխատանքը ուսումնասիրելու համար անհրաժեշտ են խորը մասնագիտական գիտելիքներ, որոնց համար էլ պետք է լուրջ համալսարաններում սովորել, կոգնիտիվ հակումների ուսումնասիրությունն ավելի հեշտ է, քանի որ մենք ունենք միտք ու մտածում ենք անվճար»,- ասում է Վոլֆ Ալեքսանյանը:
Ուսումնասիրելով սեփական մտքի աշխատանքն ու այն գործընթացները, որոնք հանգեցնում են այս կամ այն որոշմանը, Վոլֆը շուտով հանգել է եզրակացության, որ հնարավոր է ավելի արդյունավետ մտածել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սեփական փորձով հասկացա, թե ինչ մրցակցային առավելություն է տալիս հասկանալը, թե ինչպես է աշխատում մարդու միտքը: Կապ չունի, թե մարդն ինչ ոլորտում է գործունեություն ծավալում, մտածելն ու որոշումներ կայացնելը համամարդկային երեւույթ է: Իսկ կոգնիտիվ գիտությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս բարելավել այդ որոշումների որակը՝ լինի դա անձնական կյանքում, թաղային վեճերում, քաղաքականությունում, թե բիզնեսում»,- ասում է Վոլֆ Ալեքսանյանը:
105 հակում ու հազարավոր օրինակներ
Կոգնիտիվ հակումների ուսումնասիրությունն ու դրա կիրառելիությունը ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու համար Վոլֆ Ալեքսանյանը 2016 թվականից սկսել է աշխատել «UX Core — The Science of User Experience» նախագծի վրա (հայ.՝ Օգտագործողի փորձառության առանցք՝ օգտագործողի փորձառության գիտությունը): Հարթակում ներկայացված են 105 կոգնիտիվ հակումներ, որոնք ուղեկցվում են կիրառելիության հազարավոր օրինակներով:
«Ներկայացված օրինակները հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններում այս կամ այն հակումը կիրառելու դեպքեր են ինչպես պրոդուկտի մշակման, այնպես էլ մարդկային ռեսուրսների կառավարիչների աշխատանքում: Վերջինիս մշակման համար ինձ օգնել է ՄՌԿ մասնագետ Աննա Փափազյանը»,- մանրամասնում է Վոլֆ Ալեքսանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հատկապես առցանց գնումներ կատարելիս նկատած կլինեք, որ մի ապրանք գնելիս ստանում եք առաջարկություն գնելու մեկ այլ ապրանք, որը Ձեզ մատուցվում է «այս ապրանքի հետ մարդիկ գնում են նաեւ X ապրանքը» փաթեթավորմամբ: Խանութների այս գործելաոճը բխում է «Մեծամասնությանը միանալու էֆեկտ» հակումից, որը հայտնի է նաեւ «Ընդօրինակման էֆեկտ» անունով:
Լինում են իրավիճակներ, երբ մեզ համար արդեն ակնհայտ իրողությունների վերաբերյալ շարունակում ենք ապացույցներ փնտրել, կամ էլ արդեն իսկ ունենալով որոշումը՝ շարունակում ենք դրա շուրջ տեղեկատվություն փնտրել ու վերլուծություններ անել: Այս հակվածությունը հայտնի է «Ինֆորմացիայի հակում» անունով: Ինչպես ներկայացված է «UX Core»-ում, հենց այս հակման պատճառով է, որ տարբեր ընկերություններում մի շարք անհաջող նախագծեր կարող են պահանջվածից ավելի ուշ փակվել: Եթե մարդը ունակ լինի իր մեջ ճանաչելու այդ հակումը, ապա կարող է ավելի ռացիոնալ որոշումներ կայացնել: Այս կերպ հարթակում նկարագրված են 105 կոգնիտիվ հակումներ՝ իրենց առօրյա օրինակներով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վոլֆ Ալեքսանյանի բնորոշմամբ՝ այս հարթակը կարելի է համարել մանիպուլյացիայի կատարյալ գործիք, սակայն նման տեղեկատվության կարիքը խոշոր ընկերությունները չունեն. նրանք վաղուց իրենց աշխատանքում կիրառում են կոգնիտիվ հակումները: Մինչդեռ սովորական մարդկանց այս գիտելիքը կարող է օգնել ավելի արդյունավետ մտածել, դառնալ մրցունակ մասնագետ ու նվազագույնի հասցնել խաբվելու հավանականությունը:
Կառավարման սխալները՝ հակումների չիմացությունից
Ի սկզբանե, հարթակը միայն անգլերեն եւ ռուսերեն էր, սակայն մոտ մեկ ամիս առաջ դրա հայերեն տարբերակը եւս հասանելի դարձավ՝ ՄԵՄ-ի անդամների ջանքերով: Վոլֆի եւ ՄԵՄ-ի համագործակցության համար կապող օղակ է դարձել ՏՏ ոլորտի մասնագետ Սոնա Մամյանը, որը նաեւ ՄԵՄ-ի մենթորներից է: Ծանոթ լինելով Վոլֆի ստեղծած հարթակին, նա սկսել է պարբերաբար այդ թեմայով խոսել ՄԵՄ-ի պատանիների հետ, որից էլ համայնքում հետաքրքրություն է առաջացրել:
ՄԵՄ-ի մենթորներից Արթուր Հակոբյանը, շատերի նման, մինչ այդ կոգնիտիվ հակումների դաշտն ուսումնասիրելու առիթ չէր ունեցել, սակայն «UX Core» հարթակին ծանոթությունն այդ ուղղությամբ մտածելու տեղիք է տվել:
«ՄԵՄ-ում տարբեր ծրագրեր ունենք, որոնք կառավարում են հենց մեր պատանիները: Իրենց գործելակերպում սկսեցի հաճախ նկատել այս կամ այն կոգնիտիվ հակումից բխող սխալներ: Յուրաքանչյուր անգամ համանման իրավիճակներում հիշում էի Վոլֆի հարթակում առկա օրինակները, նորից էի ուսումնասիրում, հետո թարգմանում էի հայերեն ու տեղադրում մեր համայնքի առցանց զրուցարանում, որպեսզի երեխաները կարդան, սովորեն ու հետագայում նույն սխալները թույլ չտան»,- հիշում է Արթուր Հակոբյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբում թարգմանությունները միայն ՄԵՄ-ի անդամների շրջանակում սովորելու ու քննարկումները խթանելու համար էին, սակայն ընթացքում որոշում են, որ արժե արդյունքը պահպանել:
Վոլֆի եւ Արթուրի առաջին քննարկման ժամանակ Վոլֆը փորձել է համոզել Արթուրին, որ հարթակը հայերեն թարգմանելու մտադրությունից հետ կանգնի՝ պատճառաբանելով, որ աշխատանքի ծավալը հսկայական է, իսկ հայկական լսարանում դրա հանդեպ լայն հետաքրքրությունը՝ քիչ հավանական: Սակայն Արթուրը կարողացել է հիմնավորել, որ հարթակի բովանդակության հայերեն հասանելիությունն առանցքային է հատկապես երիտասարդ սերնդի համար:
«ՄԵՄ-ում խիստ կարեւորում ենք, որ մեր անդամները զինվեն գիտելիքներով՝ հետագայում հնարավորինս նվազեցնելով այլոց կողմից կառավարվելու, մանիպուլացվելու ռիսկերը: Այս հարցում ընկալելի հայերենով շարադրված կոգնիտիվ հակումներն ու դրանց կիրառության օրինակները կարող են շատ օգնել: Մեր համայնքում հիմնականում 14-19 տարեկան պատանիներ են, նրանցից շատերը չգիտեն բավարար անգլերեն ու ռուսերեն, իսկ նման բովանդակության թարգմանությունը հայերենով տեղեկատվության բացի պայմաններում հաստատ չարժե վստահել արհեստական բանականությանը»,- ասում է Արթուր Հակոբյանը:
Թարգմանելով ոչ միայն բառերը, այլեւ միտքը
Բովանդակության թարգմանության թիմին շուտով միացել է նաեւ ՄԵՄ համայնքի անդամ Լիա Հակոբյանը: Թեեւ նա Հայ-ռուսական համալսարանի ֆինանսներ բաժնում սովորելիս վարքագծային տնտեսագիտություն առարկայի շրջանակում որոշ կոգնիտիվ հակումներ արդեն ուսումնասիրել էր, նրա համար հարթակի 105 հակումներին ծանոթանալը շատ հետաքրքիր ու օգտակար փորձառություն է դարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Թարգմանելու ընթացքում սովորում էի ներկայացված հակումները: Շատ բառերի ու արտահայտությունների թարգմանության հարցում երկար մտածում էինք, թե ինչպես լավագույնս փոխանցենք իմաստը: Ակադեմիական թարգմանության նպատակ չենք ունեցել, առաջնայինը միտքը ընկալելի դարձնելն էր, ինչի համար էլ յուրաքանչյուր հակում թարգմանելուց հետո ուղարկում էինք ՄԵՄ համայնքին ու արձագանքներ ստանում՝ արդյոք հասկանալի՞ է: Անհրաժեշտության դեպքում վերաձեւակերպում էինք»,- հիշում է Լիան:
Արթուրն էլ հավելում է, որ հենց «կոգնիտիվ հակումներ» բառի թարգմանության վրա շատ երկար են մտածել: Հիմա կարելի է տարբեր թարգմանությունների հանդիպել՝ կոգնիտիվ աղճատումներ, կողմնակալություն, շեղումներ եւ այլն, սակայն կանգ են առել հակումներ բառի վրա, որովհետեւ դրանք իրականում ցույց են տալիս, թե մարդն ինչ է հակված անելու, մեծ հավանականությամբ ինչպիսի որոշման կամ վարքագծի է հակված:
Աշխատանքի ընթացքում նաեւ վեբինարներ են անցկացրել ՄԵՄ-ի պատանիների հետ՝ քննարկելու հատկապես դժվար ընկալելի կոգնիտիվ հակումները: Շուրջ մեկ տարվա հետեւողական աշխատանքի արդյունքում հարթակի հայերեն տարբերակը պատրաստ էր:
Հակումներից քաջատեղյակ ԱԲ-ն
Վոլֆ Ալեքսանյանի խոսքով՝ ամեն տարի հարթակը խոշոր թարմացումներ է ունենում: Այս տարի, բացի հայերեն տարբերակից, գործարկել են նաեւ «Գիտակցվածության թեստ»-ը (անգլ՝. Awareness Test): Սա հարցաշար է, որում ներկայացված են տարբեր իրավիճակներ, եւ թեստն անցնողը պետք է կարողանա պատասխանել՝ արդյոք դրանցում առկա՞ է այս կամ այն հակումը: Հարթակի հայերեն տարբերակում թեստը դեռեւս ներառված չէ. Վոլֆ Ալեքսանյանի խոսքով՝ կթարգմանեն, եթե հայկական լսարանի կողմից հետաքրքրություն նկատեն:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս թեստը թույլ է տալիս նորովի դիտարկել հակումները, իրական ժամանակում նոր կապեր կառուցել մտքում ու շատ հարցերի այլ կերպ նայել»,-ասում է հարթակի հիմնադիրը:
«UX Core»-ում կա մեկ այլ հետաքրքիր գործիք՝ հակումներից լավատեղյակ ԱԲ օգնական Բոբը: Արհեստական բանականության այս զրուցարանում յուրաքանչյուր մարդ կարող է նկարագրել իրավիճակ ու ստանալ լուծումներ, որոնց շարադրանքը ԱԲ-ն բխեցնում է «UX Core» հարթակի բովանդակությունից, այսինքն՝ մարդու կոգնիտիվ հակումներից:
«Հասկանալի է, որ ԱԲ-ի տված որոշ պատասխաններ ակնհայտ կլինեն Ձեզ համար, սակայն, վստահաբար, այն նաեւ կտա այսպես կոչված «Food for thought»՝ տեղեկատվություն, որի շուրջ արժե խորհել»,- ասում է Վոլֆ Ալեքսանյանը:
Գիտակից մնալու մարտահրավերը
Արթուր Հակոբյանի կարծիքով՝ «UX Core» նախագիծը կարող է օգնել փոփոխություններ բերել նաեւ հայկական մտածողությունում ու ձերբազատվել որոշ կարծրատիպերից:
«Երբ որ դու ծանոթ ես կոգնիտիվ հակումներին, ավելի հեշտությամբ ես ընդունում, որ կարող ես սխալ լինել: Հայկական մտածողությունում դա մեծ մարտահրավեր է, քանի որ մարդիկ հիմնականում վստահ են, որ իրենք ճիշտ են, եւ ո՞վ կարող է իրենց հակառակն ապացուցել: Կոգնիտիվ հակումների մասին գիտելիքը կարող է օգնել ազատվել «միշտ ճիշտ» լինելու մտայնությունից»,- ասում է Արթուրը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հարթակում ներկայացված հակումների շարքում կան մի քանիսը, որոնք հատկապես շատ են կիրառվում խաղատների կողմից՝ այդկերպ մարդկանց ավելի հեշտ կախվածության մեջ գցելով ազարտային խաղերից: Հասկանալը, թե ինչպես են քո հակվածությունները կիրառվում քո դեմ, կօգնի չտրվել խաբեությանը:
«Կոգնիտիվ հակումները մարդկային մտքում ձեւավորվել են տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, եւ ըստ էության, ներկայացնում են մարդու որոշումների կայացման մեխանիկան: Գիտակցվածության շնորհիվ հնարավոր է վերահսկել դրանք, սակայն տարբեր իրավիճակներ ունեն տարբեր տեմպ, եւ երբեմն, ժամանակ պարզապես չկա: Երբ մենք ավելի արագ ենք որոշում կայացնում, հավանականությունը, որ այն բխելու է կոգնիտիվ հակումներից, ավելի մեծ է»,-ասում է Վոլֆ Ալեքսանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կոգնիտիվ հակումներին ծանոթանալիս պետք է մշտապես շարունակել պահել զգոնությունը: Անգամ եթե թվա, թե տիրապետում եք բոլոր հակումներին ու կարող եք խուսափել դրանցով չգիտակցված որոշումներ կայացնելուց, ապա հիշեց, որ կարող եք ունենալ «Կույր կետի հակում»՝ երեւույթ, որի դեպքում կարծում ենք, թե ինքներս չենք ենթարկվում որեւէ հակումների:
Չնայած որ «համակարգը» միշտ «հսկում է» մեզ ու կանխորոշում մեր գործողությունները, «X» ֆակտոր լինելը մշտապես հնարավոր է: Դրա համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զարգացնել մտածողությունը ու ժամանակ հատկացնել սեփական որոշումների, դրանց դրդապատճառների ու մոտիվացիայի շուրջ խորհելուն:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանումն իրականացվել է Woods Center-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: